Իրավական Տեսանյութեր 

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի պաշտպանները չեն ներկայացել դատական նիստին. Նիստը կհետաձգվի

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստին ներկա չեն Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Նրանք գրություն են ուղարկել դատարան. «Պաշտպանները գտնում են, որ սույն թվականի հունվարի 9-ին դատական նիստում պաշտպանական կողմի հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, պաշտպանության կողմի կարծիքով դատարանը պատշաճ չի արձագանքել, դրա համար զրկված են իրենց իրավունքներն ու պարտականնությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից: Դրա համար չեն ներկայացել»,-ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Արմեն Գևորգյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտնեցին, որ չեն կարող այսօրվա դատական նիստում ապահովել այլ պաշտպանների ներկայություն:

Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ այդ պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել, այն հետաձգվելու է:

Մինչ այդ Դանիբեկյանն անդրադարձավ Յուրի Խաչատուրվի պաշտպան Միհրան Պողոսյանին, ով նախորդ նիստի ժամանակ նույն հիմնավորմամբ չէր ներկայացել, ինչի համար մեղադրող կողմը միջնորդել էր դատական սանկցիա կիրառել:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդը հայտարարել էր, որ պաշտպանները պետք է հարգեն Մարտի 1-ը, թե չէ իրենց օրը կընկնեն:

Այսօրվա նիստում տուժողի իրավահաջորդն ասաց, որ «իրենց օրին ընկնել» ասելով՝ նկատի է ունեցել, որ կվիրավորեն, եթե իրենց վիրավորեն:

Նույն շարքից