Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ստորագրել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ կարևոր փաստաթղթեր, հաղորդում է Tengrinews.kz-ն։
«Բանակցություններից հետո Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հինգերորդ նիստի արդյունքների հիման վրա կնքված համատեղ հռչակագիր, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հինգերորդ նիստի որոշումը», - ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հստակեցվել է, որ Տոկաևի Անկարա կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել է 18 միջկառավարական և միջգերատեսչական փաստաթուղթ։
Ղազախստանի և Թուրքիայի բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստի մասնակիցները հանգամանորեն քննարկել են պաշտպանական արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ֆինանսների, քաղաքացիական ավիացիայի, մշակույթի, կրթության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Ինչպես նշում է Tengrinews-ը, Տոկաևին օդանավակայանում անձամբ դիմավորել է Էրդողանը։ Այնուհետև սկսվել են պետությունների ղեկավարների միջև բանակցությունները։
Անկարա կատարած այցի ընթացքում Ղազախստանի նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել թուրքական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
 
             
             
             
             
            