Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ իրենց համարեցին հասցեատեր: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Ազգային ժողովում իր ելույթի, դրան հաջորդած Արման Բաբաջանյանի ելույթի և տեղի ունեցած բախման մասին. «Ընդամենը հորդորել եմ պայքարել այլ անհրաժեշտ ուղղություններով»:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենց խմբակցությունը սադրանքի չի գնացել. «Եթե կասեն, որ մենք հակաիրավական վարքագիծ ենք դրսևորել, կքննարկենք դա»:
Դիտարկմանը, որ ինքը սրել է իրավիճակը, Պետրոսյանն ասաց, որ պատգամավորը խոսքի ազատության իրավունք ունի, որևէ մեկն իրավունք չունի նրան հետապնդելու դրա համար. «Եթե պատգամավորն էլ չունի խոսքի ազատություն, էլ ո՞վ ունի»:
Պետրոսյանը հերքեց, որ նիստերի դահլիճում ազատություն է տրվել բռունցքներին, իսկ քաշքշոց լինում է բոլոր խորհրդարաններում. «Դա սովորական երևույթ չէ, չբացառվող է»:
ԲՀԿ-ում շարունակություն չեն տալու հարցին. «Մենք մեզ համար խաղաղ նստած ենք, եթե շարունակություն որոնող կա, թող գա որոնի»,-ասաց Պետրոսյանը:
«Ամեն ինչ սկվեց նրանից, երբ Արման Բաբաջանյանը ոգևորության փուլ էր ապրում: Իմ բացակայության ընթացքում նա ասաց, որ ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի: Ինչ-որ մեկ չէ, տղա ջան, անուն ազգանունս չգիտե՞ս: Էտ ի՞նչ խոսելու ձև է: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե հարուցել եմ երկրային ու երկնային օրենքների զայրույթը, բայց ես որևէ մեկին չեմ վիրավորել: Ինչո՞ւ է նա մտածել, որ թիրախում ինքն է»: