Հլը թող մեկը փորձի իմ թասիբը վիրավորել, որ մի հատ էլ իմ ընկերները պաշտպանեն ինձ: Այնտեղ այդպիսի տղա չկա, որ կարողանա իմ թասիբը վիրավորել: Բացի դրանից, ես ո՞ւմ եմ վիրավորել, ես ելույթ եմ ունեցել: Նրանք էլ են ելույթներ ունենում: Այդ նույն Բաբաջանյան Արմանն ինչո՞ւ չէր կանգնում ու Նիկոլ Փաշինյանին ասում, որ թաթիկները կտրելը բռնության քարոզ է, չունե՞ր այդքան դուխ: Այն, ինչ ասում են ԲՀԿ-ի կողմից, վիրավորական են համարում, իսկ այն որ դրսում ասում են՝ «գնանք Արցախի նախագահի գլուխը կոտրենք», ինչո՞ւ Բաբաջանյան Արմանը չի խոսում, թե՞ անպայման ես պետք է խոսեմ, որ նրա աստղը փայլի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Արման Բաբաջանյանի հետ բախման մասին:
Պետրոսյանը նշեց, որ դահլիճում իրենք նախահարձակ չեն եղել, իրենց վրա են նախահարձակ եղել:
Պատգամավորը նկատի ունի իմքայլական պատգամավորներին, ովքեր, նրա խոսքերով, նախահարձակ եղան, որպեսզի պաշտպանեն Արման Բաբաջանյանին:
Ինչ վերաբերում է այդ թվում նաև իրեն մինչև օրվա վերջ ԱԺ նիստերի դահլիճից հեռացնելուն, Պետրոսյանը նշեց, որ համաչափության սկզբունքը չի պահպանվել. «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում կա կարգապահական տույժերի մեղմից խիստ գնալու պարտականություն: Նա ինձ դիտողություն չի արել, չի ընդհատել, խոսափող չի անջատել, ինչ իրավունք ունի միանգամից հեռացնելու: Թող գնան օրենքներ կարդան: Իսկ ես անում եմ այն, ինչն ինձ օրենքները թույլ են տալիս»: