Լրահոս Հասարակություն Վերլուծական Տեսանյութեր 

Մսավաճառները չեն տուժի, սպանդանոցները կշահեն. սպանդանոցային դիտարկումներ

analitik.am

Հունվարի 15-ից երկիրն անցել է սպանդանոցային մորթի համակարգին, սակայն շատ հարցեր դեռևս լուծված չեն. տեղափոխում, գներ, ի վերջո հենց սպանդանոցներ:

ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմինը միայն օրենքն ուժի մտնելուց հետո է ընկել ոտ ու ձեռք, որպեսզի մարզերում ոչ թե մեկ, այլ մի քանի սպանդանոց լինի:

Այս օրերին սպանդանոցների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում է, իսկ «տուժողները»՝ անասնաբույծներն այլ ելք չգտնելով կամ կառավարության մոտ են բողոքի ակցիա անում կամ ճանապարհներ են փակում: Պարզ է մեկ բան, որ ղասաբ կամ մորթ անողը զրկվում է աշխատանքից. սա մեկ:

Երկրորդը դեռևս լուծում չի ստացել մորթի գնի հարցը, սպանդանոցները, քանի որ քիչ են՝ բարձր գներ են առաջարկում: Վստահություն չկա սպանդանոցային մորթի վերաբերյալ՝ ինչքան էլ այս կառույցները գովերգեն:

Կասկածներ կան, որ 5 սպանդանոցային ձևը ՍԱՏՄ-ն որոշակի գնով է տրամադրում սպանդանոցներին, իսկ սպանդանոցները գինը բարձրացնում են:

Ի վերջո, կա նաև մեկ այլ հարց՝ կթանկանա միսը, այն էլ արհեստականորեն:

Կա նաև այս խնդիրը. մարզերում չկան անասնաբույժներ, ովքեր պատասխանատու կլինեն առողջ կենդանիների համար: Համառորեն ոչ ՍԱՏՄ-ն, ոչ էլ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ենթաբաժինն այս հարցերին չի պատասխանում՝ ինչո՞ւ չունենք անասնաբույժներ, որպեսզի ապահովենք առողջ կենդանի, հետևաբար՝ անվտանգ միս:

Եվ մատնացույց անելով սպանդանոցային ծագման առողջ միսը, պետք էր մատնացույց անել, որ կենդանին առողջ է, հետևաբար սպանդանոցը չէ որ պետք է լուծի կենդանու առողջ լինելու կամ չլինելու հարցը: Հարցը լուծում են ոչ թե այնտեղից՝ որտեղից պետք է լուծվի, այլ լուծումը գալիս է պոչի կողմից, արդյունքում վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներն են:

Իհարկե պետք է սպանդանոցային մորթ իրականացվի, սակայն մինչ այդ պետք է ապահովվի բոլոր ինֆրակառուցվածքները, որպեսզի այն մարդիկ, ովքեր զբաղվում են անասնաբուծությամբ՝ չտուժեն և սպանդանոցային համակարգը հարմարավետ լինի: Կարճ ասած, մուկը բունը չի մտնում՝ ցախավելն էլ պոչից են կապում:

Մի քանի դիտարկում՝ ֆեյսբուքյան խմբերից մեկում սպանդանոցային մորթի քննարկումից․

«Մսավաճառները չեն տուժի, սպանդանոցները կշահեն, իսկ գյուղացիները՝ ինչպես միշտ»։

«Իրականում տուժողը քաղաքացին ա լինելու, ում համար մսի գինը բարձրանալու ա։ Գյուղացին հաշվելու ա իր ինքնարժեքը, տեղափոխումն ու սպանդանոցը ներառյալ+շահույթը, միջնորդները նույնպես չեն իջնելու, արդյունքում մի 200 դրամով մսի գինը բարձրանալու ա։ Բայց խոշորացման վտանգ էլ կա, որովհետև խոշորի դեպքում տեղափոխման ու պահելու ծախսը քչանում ա, ինքը կարա էժան տա, գյուղացուն արդեն ձեռնտու չլինի պահելը»։

«Գյուղացին է միայն վնաս կրելու։ Եթե խնդիրը հիգիենան է, ապա թող մթերումը վերահսկեն։ Անհրաժեշտ ստուգում մտցնեն։ Դուք պատկերացնում եք սպանդանոցը մոտ 32 կմ հեռու է, ինչ մեքենայով պետք է տեղափոխեն, կամ այդ ամբողջ ծախսերը վերցրած գյուղացուն ի՞նչ կմնա։ Այս պարագայում քաղաքացին ավելի շատ պետք է մտածի։ Միսը կթանկանա, բայց էլի խեղճ գյուղացուն գռոշներ կմնա։ Պետք է հնարավորինս մոտ լինի սպանդանոցը և մատչելի, այլապես գյուղացին վաճառքի կենդանի չի ունենա»։

«Սանիտարահիգիենիկ տեսանկյունից միանշանակ սպանդանոցը պետքա, գյուղացին ով կենդանուն ինքը չի մորթում, պետքա վճարի, բայց աշխատանքը եթե ճիշտ կազմակերպվի, սպառողը շահումա: Լինում են դեպքեր, երբ տեսնում ես թե ինչ պայմաններում են միսը դաշտում մորթում, ոնց են տեղափոխում, չես էլ ուզում ընդհանրապես միս ուտել»։

«Մենք բոլորս էլ կողմ ենք սանիտարահիգիենիկ պայմաններում մորթված միս գնել, սակայն հարկավոր է լսել գյուղացիների բարձրացրած խնդիրները։ Պետք է հետամուտ լինել, որ խոչնդոտները վերացնեն, հետո նոր պահանջներ ներկայացնեն գյուղացուն»։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից