Առողջապահություն 

Կտավատի օգտակար և բուժիչ հատկությունները

analitik.am

Կտավատի սերմերի օգտակար և բուժիչ հատկությունները հայտնի էին դեռևս հին հույներին: Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել այն  լորձաթաղանթի բորբոքումների դեպքում: Իսկ Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը` որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք: Ըստ Ավիցենայի նկարագրությունների` կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից, նաև` կտավատի սերմի ու բնական սոդայի ու թզի հետ միասին պատրաստված դեղաքսուքը լավ օգնում է պեպենների ու պզուկների դեմ:

 

Կտավատից ստացվող կտավը՝ քաթանը, էկոլոգիապես մաքուր հյուսվածք է:  Փափուկ հյուսվածքն օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ՝ բարձրորակ գործվածք ստանալու համար, ինչպես նաև` թղթի արդյունաբերության մեջ: Ցողունային մասը՝ ավելի փայտացած հատվածը, օգտագործվում է շինարարական աղյուսների ու կղմինդրերի արտադրության մեջ, որոնք ոչնչով չեն զիջում մեզ հայտնի ДСП ու ДВП-ներին: Կտավատի ձեթը կամ յուղը օգտագործում են յուղաներկերի ու օճառի արտադրության մեջ, սերմերն ու յուղը նաև օգտագործում են սննդի արդյունաբերության մեջ:

Քաթանե հագուստի հետ կապված նորաձևության բումն անհիմն չէ՝ էկոլոգիապես մաքուր հյուսվածքներն էլեկտրական լիցքեր չեն հավաքում իրենց վրա, շոգին հով են պահում մարմինը, իսկ ցրտին՝ տաք, քաթանը «շնչում է»: Ճապոնացի բժիշկները նկատել են, որ քաթանը բուժիչ հատկություն ունի. անկողնուն գամված հիվանդների մարմինը չի թմրում ու անզգայանում երկար պառկելուց, եթե նրանց սավանները քաթանից են: Եթե դուք կրում եք այդպիսի հագուստ, անհետանում են բազմաթիվ մաշկային հիվանդություններ՝ ամենասովորական քրտնխաշից մինչև քրոնիկ էկզեմա:

 

Կտավատի սերմերն ու յուղը  պարունակում են մեծ քանակությամբ յուղեր, թթուներ, վիտամիններ ու հանքային նյութեր: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի յուղի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի զարգացման վտանգը 37%-ով: Կտավատի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, հատկապես պոլիչհագեցված կամ անփոխարինելի ճարպաթթուներով՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի կենսագործունեության համարյա բոլոր պրոցեսների վրա: Դրան զուգահեռ՝ կտավատի սերմերը պարունակում են բավական մեծ քանակությամբ վիտամիններ՝ (А, В, Е, Р) և այլ կենսաբանական ակտիվ նյութեր:

Ժողովրդական բժշկության մեջ կտավատի յուղը լայն կիրառում ունի ճարպակալման, աղեստամոքսային տրակտի, միզուղիների, սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում կիրառվող դիետիկ ու բուժական-պրոֆիլակտիկ սննդակարգի մեջ:


Կտավատի սերմերն ու յուղը օգտագործվում են.

Որպես լուծողական՝ փորկապության դեպքում, բարելավում են ենթաստամոքսային գեղձի վիճակը, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը, արագացնում մետաբոլիկ պրոցեսները, իջեցնում արյան խոլեստերինի մակարդակը, նորմալացնում արյան ճնշումը, նպաստում սակավարյունության բուժմանը, նվազեցնում ալերգիկ ռեակցիաները: Ունեն հանգստացնող հատկություն, որը շատ կարևոր է սթրեսային իրավիճակներում, դաշտանադադարի ու ցավոտ կրծքագեղձի պրոբլեմների ժամանակ: Նաև խորխաբեր են՝ նպաստում են տոնզիլիտի, թոքաբորբի, սուր և քրոնիկ բրոնխիտի, տուբերկուլոզի, անգինայի բուժմանը, ասթմատիկ նոպաների նվազմանը:

Կտավատը չափազանց արդյունավետ է ճարպակալման, կորոնար սրտային հիվանդության, հիպերտոնիայի, երակների վարիկոզ լայնացման, միզուղիների բորբոքային հիվանդությունների (ցիստիտ) և միզապարկի քարերից ազատվելու համար:

Արտաքին օգտագործման ձևով կտավատի ձեթը կիրառվում է  հոդերի ու ողնաշարի, ռևմատիզմով տառապող մարդկանց, արտրիտների, տրոպիկ խոցերի, այրվածքների ու էկզեմայի, փսորիազի, ճառագայթային հիվանդությունից առաջացած վերքերի, ուռուցքների, ինչպես նաև միջատների խայթոցների տեղային բուժման համար:

Կտավատի ձեթն օգնում է թութքի և դիզենտերիայի մնացորդային ազդեցության վերացմանը: Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում օգտագործում են որպես հակաբորբորքիչ՝ թրջոց-տամպոնների տեսքով:

 

Նույն շարքից