Առողջապահություն 

Լորենու բուժական հատկությունները

analitik.am

Լորենազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40մ բարձրության տերևաթափ ծառ է: Կեղևը մոխրագորշագույն է, տերևները սրտաձև հիմքով, հերթադիր: Ծաղիկները երկսեռ են, դեղնասպիտակավուն, հոտավետ: Պտուղներն ընկուզիկ են: Մեր հանրապետությունում տարածված են կովկասյան և սրտաձև տեսակները, որոնք ապրում են 300-400 տարի, բուժական առումով ունեն նույն նշանակությունը: Լորենին ստվերադիմացկուն է, կայուն քամու, ցրտի և ծխի նկատմամբ, վատ է տանում ճահճային հողը: Բազմանում է սերմերով, շիվերով և անդալիսով: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Ծաղկում է 20 տարեկան հասակից և ծաղկած մնում միայն 10-15 օր:

Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով հիմնականում կիրառվում են ծաղկաբույլերը` ծաղկատերևներով: 
Հավաքում են, երբ ծաղիկների մի մասը դեռևս լրիվ բացված չէ, չոր եղանակին, չորացնում ստվերում: Չորացած հումքը պահում են կիսամութ, քամհարվող տեղում: Ճիշտ պահպանման դեպքում այն պիտանի է շուրջ 3 տարի: Լորենու ծաղիկը ժողովրդական բժշկության ամենահին և ամենատարածված միջոցներից մեկն է: Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ լորենու ծաղիկների եփուկը և ջրաթուրմը օգտագործվում են որպես քրտնամուղ, միզամուղ, հակաբորբոքիչ, ցավը հանգստացնող և փափկացնող միջոց` ցրտառական բազմաթիվ հիվանդությունների, կարմրուկի, խոզուկի, ցնցումային վիճակի, նյարդային որոշ հիվանդությունների, միզուղիների քարային դիաթեզի ժամանակ և այլն: Թուրմը` որպես մանրէասպան միջոց, ողողումների ձևով դրականապես է ներգործում բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ: Ծաղիկների, տերևների կամ կեղևի եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է այրվածքների, խոցերի, ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի ժամանակ:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ լորենու ծաղիկներն օգտագործվում են նաև թոքաբորբերի ժամանակ: Ժողովրդի  մեջ մեծ համբավ ունի նաև լորենու ծաղիկներից պատրաստվող թեյը` որպես հիանալի բուժամիջոց: Թեյի պարբերաբար օգտագործումը լավացնում է սակավարյունությամբ տառապող հիվանդների արյան պատկերը: Լորենու մեղրից պատրաստված թեյը հաճախ խառնում են կաթի հետ և ըմպում կարմրուկի և ջղաձիգ հազի ժամանակ: Թորման եղանակով բնափայտից ստացվում է հեղուկ, որը ժողովրդի մեջ հայտնի է <> անունով և օգտագործվում է վարակիչ հիվանդությունների ժամանակ հիվանդի իրերը և հագուստը ախտահանելու համար: Բնափայտի ածխափոշին օգտագործվում է ստամոքսի ցավերի, բղկոցների և արյունային լուծի ժամանակ: Այս փոշով մաքրում են ատամները, բուժում կոկորդի պալարախտը:

Կիրառման եղանակները
Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ հումք 1 բաժակ եռման ջրին, թրմում 20 րոպե, քամում և ըմպում տաք վիճակում` օրական 2-3 անգամ: Ավելի խիտ թուրմ ստանալու համար 1 բաժակ եռման ջրին ավելացնում են 2-3 ճաշի գդալ հումք և օգտագործում նույն եղանակով: Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 1 բաժակ եռման ջրում եփում են 10 րոպե, քամում և ավելացնում 5 գ սոդա ու օգտագործում կոկորդի ողողումների համար, կամ նույն դոզայով եփուկն առանց սոդայի ընդունում են միանվագ` օրական 3 անգամ: Բնափայտի ածուխն ընդունում են 1-ական թեյի գդալ, օրական 3-4 անգամ, ցանկալի է վուշի յուղով:

Այլ օգտակար հատկանիշներ
Լինելով գեղեցիկ սաղարթավոր ծառ` լորենին դեկորատիվ ձևով զարդարում է մայթուղիներն ու պուրակները, ճամփե-զրերն ու փողոցները` կլանելով փողոցների փոշին ու մուրը:

 

 

Նույն շարքից