Հասարակություն 

Օրվա ծնունդը. Ֆրանկլին Ռուզվելտ

analitik.am
Քաղաքական և պետական գործիչ, ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ծնվել է հարուստ հողատիրոջ ընտանիքում 1882 թ. հունվարի 30-ին: Ավարտել է Հարվարդի և Կոլումբիայի համալսարանները. ստացել իրավաբանական կրթություն: Եղել է մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների և ընկերությունների բաժնետեր, 1913–1920թթ.՝ ծովային նախարարի օգնական:
 

Ռուզվելտը քաղաքական գործունեությունն սկսել է որպես դեմոկրատական կուսակցության անդամ: Նա արդեն հայտնի քաղաքական գործիչ էր, երբ 1921թ. հիվանդացել է պոլիոմիելիտով (ողնուղեղային լուծանք) և կորցրել քայլելու ունակությունը, սակայն շարունակել է ակտիվ քաղաքական գործունեությունը: 1928թ. ընտրվել է Նյու Յորքի նահանգապետ: 

1929–1933թթ. ԱՄՆ-ում սկսված տնտեսական ճգնաժամի (Մեծ դեպրեսիա) դեմ պայքարելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով Ռուզվելտը մշակել է հակաճգնաժամային ծրագիր («Նոր կուրս»). նահանգի վարչությունում ստեղծել է գործազուրկների օգնության հիմնադրամ, նվազեցրել ֆերմերներից գանձվող հարկերը: Այդ և այլ միջոցառումների շնորհիվ նա մեծ հեղինակություն է ձեռք բերել երկրում և 1933թ. ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ, իսկ 1936 և 1940թթ.՝ վերընտրվել: 1944թ. Ռուզվելտը նախագահ է ընտրվել 4-րդ անգամ, բայց ընտրություններից 6 ամիս անց մահացել է: 
 
Հասունացող պատերազմի նախօրեին՝ 1933թ., որպես դիվանագիտական քայլ, ճանաչել է ԽՍՀՄ-ը: 19390թ. նրա ջանքերով բեկանվել է պատերազմող երկրներին զենքի վաճառքի արգելանքը, և զենք է մատակարարվել ագրեսիայի զոհերին: 1941թ. «ակտիվ պաշտպանություն» կարգախոսով «չհայտարարված պատերազմ» է սկսել Գերմանիայի դեմ: ԱՄՆ-ը միակ ուժն էր Խաղաղ օվկիանոսում, որ այդ ժամանակ փորձում էր սանձահարել Ճապոնիայի զավթողական նկրտումները:
 
1941թ.-ի նոյեմբերի 7-ին, երբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատերազմ են հայտարարել Ճապոնիային, Ռուզվելտը, երկրի սահմանադրության համաձայն, ստանձնել է զինված ուժերի գլխավոր հրամանատարի պարտականությունները: Նա այդ տարիներին մեծ ջանքեր է գործադրել հակահիտլերյան կոալիցիա ստեղծելու համար: 1943թ.՝ պատերազմում բեկումնային շրջադարձից հետո, Ռուզվելտը Թեհրանի կոնֆերանսում (1943թ.) չի պաշտպանել Ուինստոն Չերչիլի դիրքորոշումը 2-րդ ճակատի բացումը հետաձգելու հարցում՝ հասկանալով, որ այդպես ԱՄՆ-ն ավելի մեծ հնարավորություն կունենա միջամտելու հետպատերազմյան Եվրոպայի կյանքին:
 
Ռուզվելտը մասնակցել է 3 պետությունների (ԱՄՆ, Անգլիա, ԽՍՀՄ) ղեկավարների՝ Թեհրանի (1943թ.), Յալթայի (Ղրիմ, 1945թ.) խորհրդաժողովներին, կարևորել հետպատերազմյան միջազգային համագործակցությունն ու Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը:

Նույն շարքից