Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Ժակ Բրել. Ամստերդամ

analitik.am

Granish.org-ը ներկայացնում է Ժակ Բրելի  «Ամստերդամ» երգի ֆրանսերեն բնագիրն ու  հայերեն թարգմանությունը, որը հնարավոր է ներբեռնել հեղինակի կատարմամբ երգն այստեղից:

Ամստերդամ

Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ երգում են
Երազներն այն, որ գալիս
Ու տանջում են բաց ծովում:
Նավահանգստում Ամստերդամի

Կան նավազներ, որ քնում են
Ինչպես դրոշ հնացած
Մռայլ ափի երկայնքով:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ մեռնում են
Լի գարեջրով ու ողբով
Դեռ լույս աղոտ չբացված:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ ծնվում են
Օվկիանի թրմության
Թանձր ու գաղջ օդի մեջ:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ ուտում են
Սփռոցի վրա ճեփ-ճերմակ
Թփրտացող թարմ ձկներ
Եվ ցույց կտան նրանք ձեզ
Կայմի պարան կտրատող
Հարստություն խժռող
Լուսին կրծող ատամներ
Դա զգում է ձուկն անգամ
Երբ նրանք կոշտ ձեռքերով
Ուտում, քաշում են էլի
Հետո ելնում քրքիջով
Աղմուկի տակ փոթորկի
Օրորվելով դուրս գնում
Շալվարները կոճկելով
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ պարում են
Փորերն իրենց քսելով
Պարող կանանց փորերին
Եվ պարում են, պտտվում
Հանց արևներ թքոտված
Աղեկտուր ճիչի տակ
Ակորդեոնի քրքրված
Ոլորում են իրար վիզ
Որ քրքիջը դառնա խենթ,
Մինչ հանկարծ շունչն է փչում
Ակորդեոնը ավերված
Այնժամ արդեն լուրջ տեսքով
Այնժամ հպարտ հայացքով
Մթից լույս տեղն է բրում
Ամեն նավազ իր զույգին:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ խմում են
Որ խմում են, հա խմում
Խմում կրկին ու էլի
Նրանք կենացն են խմում
Ամստերդամի, Համբուրգի
Եվ այլ տեղի կույսերի
Խմում կենացն այն կանանց
Որ իրենց գեղ մարմինն ու
Պատիվն են տալիս նրանց
Մի կտոր ոսկու դիմաց
Եվ երբ հարբած են շատ պինդ
Տնկում քթների երկինք
Սրբում են քիթն աստղերով
Միզում ինչպես ես եմ լալիս
Կանանց վրա դավաճան:

Թարգմանությունը ներկայացվում է ըստ Ֆրանսական պոեզիա (ԵՊՀ հրատարակչություն, Երևան 1984թ) գրքի:

Նույն շարքից