Մամուլի ակումբ 

Ես վստահ չեմ, որ Ուկրաինայում ընտրությունները կկայանան. Ալեքսանդր Իսկանդարյան

analitik.am

«Ես վստահ չեմ, որ Ուկրաինայում  ընտրությունները կկայանան, դրա հավանականությունը շատ քիչ է, բայց եթե կայանա էլ, դա լուրջ չի կարող լինել»,- այս մասին «Անալիտիկ» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Նա նշեց, որ հեղափոխության հետևանքով շատ իրադարձություններ են տեղի ունեցել և հարկավոր է  կայունացնել երկիրը: «Եթե ընտրություններ լինեն՝ անկախ նրանից, թե դա Արևմուտքի կողմից կանցկացվի թե ոչ, ընտրությունների արդյունքը Ռուսաստանի կողմից չի ընդունվի: Ուկրաինական բանակն էլ այնքան ուժեղ չէ, որպեսզի կարողանա Ուկրաինայի արևելքում կարգուկանոն հաստատել»:

 

Խոսելով ՈՒկրաինայում  Հայ համայնքի մասին, բանախոսն ասաց. «Ուկրաինայի հայ համայնքը ամբողջական չէ.  կան հայեր, ովքեր ընդդիմադիր են, կան ռուսամետներ՝ հակամայդանցիներ, և նրանք զոհվում են իրենց սկզբունքների համար»:

 

Հարցին, արդյոք Ռուսական զորքը կմտնի Ուկրաինա, բանախոսը նշեց. «Եթե ֆորս մաժոր տեղի չունենա, ապա ռուսական զորքը չի մտնի Ուկրաինա, Ռուսաստանում արդեն  որոշումը կայացված է՝ Ուկրաինա զորք չմտցնելու վերաբերյալ, սակայն ոչ մի բան չի կարելի բացառել քաղաքականության մեջ: Արևմուտքի և ԱՄՆ-ի տեսակետները Ուկրաինայի հարցում տարբերվում են. ձմռանը եվրոպացիներն են ցրտահարվելու՝ գազ չունենալու  պատճառով, ոչ թե ամերիկացիները»,-նշեց բանախոսը:

 

Խոսելով Ուկրաինայի աշխարհաքաղաքական նշանակության մասին, բանախոսը նշեց. «Ուկրաինան աշխարհաքաղաքական շատ կարևոր դիրք ունի: Ամբողջակականության պահպանման առումով  այն այսօր շատ նման է 4 տարի առաջվա Ղրղզստանին և 6 տարի առաջվա Վրաստանին:  Սակայն աշխարհաքաղական դիրքով Ուկրաինան  ավելի կարևոր դեր ունի, քան Ղրղզստանը: Այն ինչ կատարվում է այժմ Ուկրաինայում,  ուկրաինացիների ձեռքի գործն է և դեռ ավելի հետաքրքիր բաներ են առաջիկայում սպասվում»:

 

Հարցին, արդյոք Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում կանցկացվեն ընտրություններ և այդ ընտրությունները կընդունվեն բնակիչների կողմից, քաղաքագետը պատասխանեց. «Հարավ-արևելյան շրջանների քաղաքները շատ տարբեր են և այդտեղ տեղի ունեցող իրադարձությունները նույնպես: Սլավյանսկում, Կրամատորսկում  իշխանությունները  նպատակ ունեն գրավել այդ քաղաքները, սակայն դեռ չի ստացվում, քանի որ ուկրաինական բանակը հնարավորություն չունի երկրի արևելյան շրջանները գրավելու: Օդեսսայում հնարավոր կլինի քաղաքի որոշ  տեղերում բացել ընտրական տեղամասեր և անցկացնել ընտրություններ, սակայն  քաղաքի կես  մասը կընդդիմանա դրան: Զապարոժեյում դա անելը ավելի դժվար կլինի: Իսկ երկրի Արևմուտքում ընտրություններ կարող են անցկացվել և   կընտրվեն նրանք, ովքեր  պետք է ընտրվեն»:

 

Հարցին, ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը այս կոնֆլիկտի հարցում, բանախոսը պատասխանեց. «Հայաստանը  և ոչ միայն Հայաստանը, չի կարող միանգամից ինչ-որ մեկի կողմը անցնել, քանի որ դա ճիշտ քայլ չի լինի: Ադրբեջանը այժմ պանիկայի մեջ է, Հայաստանը դեռ սպասում է, թե երբ այս խաղը կվերջանա և ըստ այդմ էլ կսկսի քայլեր ձեռնարկել: Ադրբեջանի  համար այս խաղի արդյունքը կարող է լավ ընթացք չունենալ տարածաշրջանում:

 

Անդրադառնալով ԼՂՀ հարցի նույնացմանը Ղրիմի հետ և դրանով պայմանավորված ԼՂՀ հարցի հնարավոր կարգավորմանը, նա նշեց, որ ԼՂՀ հարցը  քաղաքական է,  եթե իրավական լիներ, ապա Օսեթիայից, Կիպրոսից, Բանգլադեշից հետո պետք է արդեն լուծված լիներ: 

Նույն շարքից