Մամուլի ակումբ 

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրեական գործի ընթացքը

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած  «Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրգործի ընթացքը. մահացածների հարազատները Հրաչյա Հարությունյանից դրամական փոխհատուցում են պահանջում» թեմայով ասուլիսի հյուրերն էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը և Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը:

 

«Այս պահի դրությամբ  ընթանում է տուժածների հարցաքննություն, իսկ նրանք, ովքեր չեն կարող դատարան ներկայանալ, նրանց հարցաքննությունը կատարվում է նախաքննության ժամանակ տրված գրավոր ցուցմունքների հիման վրա», -խոսելով թեմայի մասին՝ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը,- «Հրաչյա Հարությունյանի փաստաբանները դեմ չեն այդպիսի ընթացքին, միայն  խնդիր է դրված, որ  գրավոր ընթացակարգով չքննվեն այն ոստիկանները, ովքեր վթարից հետո Հրաչյա Հարությունյանից անձնագիր են պահանջել  և երկրորդը՝ մեքենայի վարորդը, որը վարել է մեքենան ավտոբուսի հետևից: Նրանց հարցաքննությունը պետք է կատարվի անձամբ՝ դատարանում»:


Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության իմաստով Երանուհի Թումանյանցը նշեց,  որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների որոշակի խախտումներ չկան, իսկ առողջական վիճակի մասին նա նշեց, որ մեկ տարի է անցել, նրա առողջական վիճակը արդեն վերականգնվում է, սակայն այնուամենայնիվ, ամեն ամիս կատարվում են պարտադիր բուժզննումներ:


Տուժածների հարազատների կողմից դրամական փոխհատուցման պահանջի մասին Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը  նշեց, որ իրենք տեղյակ են, սակայն դա իրենք չեն որոշում, այլ դատարանը և դատարանը ինքն է որոշելու՝  ով է փոխհատուցելու և որքան հատուցում է տրվելու: Նա նաև հավելեց, որ Հրաչյա Հարությունյանի հետ կապը պահպանում են միայն փաստաբանի  և ՀՀ ՄԻՊ գրասենյակի միջոցով, անձամբ խոսելու հնարավորություն չունեն՝ հեռախոսազանգերն արգելված լինելու պատճառով: «Տեսակցությունն արգելված չի, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարող Մոսկվա գնալ»,-ավելացրեց Լիլիթ Հարությունյանը:


Լրատվամիջոցներում տարածված այն լուրի վերաբերյալ , որ Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը խոստացել է տալ փոխհատուցել տուժածներին, Հրաչյա Հարությունյանի դուստրը ասաց, որ ինքը չի կարող հաստատել, քանի որ նման տեղեկություն չունի:

 

Այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենան հետագա ցուցմունքները դատավարության ընթացքի և դատավճռի վրա, Երանուհի Թումանյանցն ասաց, որ գործի ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեն  ոստիկանների և ավտոբուսի հետևից եկող մեքենայի վարորդի ցուցմունքները: «Ոստիկանն իր նախաքննական գրավոր ցուցմունքում նշել է, որ Հրաչյա Հարությունյանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել դեպքից հետո իրեն ներկայանալիս: Սակայն դեպքից մենք գիտենք, որ Հրաչյա Հարությունյանն իրեն դուրս է նետել ավտուբուսից և դեպքից հետո առողջական ծանր վիճակում է եղել, նույնիսկ կոմայի մեջ է գտնվել: Տրամաբանական չէ, որ նա այդ իրավիճակում կարող էր մոտենալ ոստիկանին ու փաստաթղթեր ներկայացնել: Այդ է պատճառը, որ փաստաբանները դեմ են ոստիկանների՝ գրավոր ցուցմունքների հիման վրա հարցաքննության անցկացմանը: Կեղծ փաստաթուղթ ունենալն իր մեջ հանցակազմ չի պարունակում, սակայն կեղծ փաստաթուղթն իրավապահ մարմնին ներկայացնելը արդեն հանցակազմ ունի իր մեջ, և դա ազդեցություն կարող է ունենալ գործի ընթացքի վրա»:


 Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխվելու մասին Երանուհի Թումանյանցը նշեց, որ դա հնարավոր կլինի միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո:


Լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում  Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հակընդեմ հայցը՝ կապված նրա՝  խալաթով դատարան ներկայացվելու հետ, Երանուհի Թումանյանցը պատասխանեց, որ առաջին ատյանի քրեական դատարանը հայցը մերժել է՝ պարզաբանելով, որ այդ հայցը քաղաքացիական դատարանի ուսումնասիրությանն է ենթակա, փաստաբանները բողոքարկել են վերաքննիչ ատյանում, բայց մեծ է հավանականությունը, որ այնտեղ էլ հայցը կմերժեն: «Դատավորն ինքը նշում է, որ եթե ինքը վարեր նման դատավարություն, ու մեղադրյալը ներկայանար նման տեսքով, ինքն անպայման կկասեցներ դատավարությունը և կպահանջեր արտաքին տեսքի առումով կարգի հրավիրել մեղադրյալին: Այսինքն դատարանն ընդունում է, որ կա մարդու իրավունքների խախտում, բայց միևնույն ժամանակ դատարանը նշում է, որ տվյալ հայցը իր իրավասությանը ենթակա չէ և առանձին հայտով պետք է քննվի քաղաքացիական դատարանում և փոխհատուցում տրվի՝ բարոյական վնասի համար»:

 

Դատական գործընթացի տևողության մասին նա նշեց, որ նման դեպքերում դատավարության ժամկետը մոտավորապես կես տարուց մինչև մեկ տարի է, սակայն եթե հաշվի առնենք վերաքննիչ դատարանում բողոքարկելու հնարավոր հավանականությունը, ապա հնարավոր է շատ ավելի երկար ձգվի:

 

 

Նույն շարքից