Հայաստան 

Ադրբեջանը ամեն հարթակ օգտագործում է՝ ԼՂ հարցում իր տեսակետն արտահայտելու համար. «Եվրանեսթ»–ում ՀՀ պատվիրակություն

analitik.am

Ինչպես ցանկացած միջազգային հարթակ, այնպես էլ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հարթակը փորձ է արվում վերածել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումն արտահայտելու վայրի։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Բրյուսելում՝ նոյեմբերի 4-ին մեկնարկած 4 հանձնաժողովների նիստի օրակարգն ու քննարկումների ոգին:

«Գոնե ես, որ 23 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեմ, չեմ տեսել, որ եթե մի տեղ մեկ ադրբեջանցի և հայ լինեն, նման փորձ չարվի և սա նորմալ է»,– հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանն էլ հավելեց, որ Ադրբեջանական պատվիրակությունը անհարմար վիճակում էր հայտնվել` ընտրելով այնպիսի զեկույց, որը արդյունքում պարզվել է, որ քիչ կապ ունի Ադրբեջանի հետ և, ըստ նրա, եվրոպացի պատգամավորները հորդորել են չծանրաբեռնել «Եվրանեսթ»–ի օրակարգը այնպիսի հարցերով, որոնք դուրս են քննարկումների շրջանակից:

Եվրոպացի պատվիրակների այս հորդորին է արժանացել նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը: Ըստ պատվիրակության ղեկավարի, այդ դեպքում ևս՝ եվրոպացիներն հասկացնել են տվել, որ դա ադրբեջանցիներին չի վերաբերում՝ նշելով, որ «Հայաստանն իր սուվերեն որոշումն է կայացրել»:

«Ադրբեջանցիները փորձել են նման հարց բարձրացնել, թե ինչպես է Հայաստանը շարունակելու իր աշխատանքները, երբ անդամակցում է ԵՏՄ-ին, բայց հենց եվրոպացիներն են կասեցրել այդ հարցը` նշելով, որ Հայաստանի ինտեգրացիոն խնդիրները խոչընդոտ չեն կարող լինել»,–մանրամասնեց Արտակ Զաքարյանը:

Նշենք, որ այս քննարկումներն ընթացել են Եվրախորհրդարանի 4 հանձնաժողովներում, որի ընթացքում քննարկվել են նաև Արևելյան գործընկերության երկրներում կոմունիկացիոն և էներգետիկ անվտանգության խնդիրները:

Պատվիրակության «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն էլ ավելացրեց, որ Ադրբեջանը խոսում էր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության արժեքների պահպանման մասին, մինչդեռ հայկական պատվիրակությունը առհասարակ բարձրաձայնում էր այդ արժեքների պահպանման մասին, ինչը բավականին դրական է ընդունվել եվրոպացիների կողմից:

Ալեքսանդր Արզումանյանը հավելեց, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում մեծ թվով փոփոխություններ են եղել, և այս այցելության ժամանակ նոր ծանոթություններ ու շփումներ են հաստատել, ինչը շատ կարևորվեց:

««Եվրանեսթ»–ում նոր պատգամավորներ կան, որոնց հետ հարկավոր է ճիշտ աշխատանք կազմակերպել ... Միշտ չէ, որ նրանք պարզ պատկերացում ունեին Ղարաբաղի հետ կապված և շատ դեպքերում իրենք խնդրել են էքսկուրս անել` հասկանալու հակամարտության պատմությունն ու ընթացքը: Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր պատգամավոր հրավիրվել է թե՛ Հայաստան, թե՛ Արցախ, քանի որ իրենք էլ համաձայն են, որ շատ կարևոր է տեղում լինել ու դրանից հետո միայն որոշել դիրքորոշումը»,- ավելացրեց խմբակցության ղեկավարը:

Նույն շարքից