Հայաստան 

Ցավդ տանեմ, Հայաստան. Բոժկոն՝ Գյումրիի դաժան սպանության մասին

analitik.am

1996-2001 և 2005-2010 թթ. Հայաստանում Ուրկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն անդրադրաձել է Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությանը, որի մեջ կասկածվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա, մասնավորապես, գրել է.

 

«Վերջին օրերին Հայաստանը ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ հունվարի 12-ին տեղի ունեցած հայ ընտանիքի սպանությունից, որը կատարել է Հայաստանում Գյումրիի ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը: Ցնցումը, որն ապրեց հայ հասարակությունը, կարելի է համեմատել միայն 1988-ի երկրաշարժի հետ, որն ամբողջությամբ ավերեց այդ ժամանակ դեռևս Լենինական կոչվող տառապյալ քաղաքը: Ուղեղում չի տեղավորվում` ինչպես կարող է առավոտյան ժամը հինգին ավտոմատով զինված զինծառայողը ներխուժել Ավետիսյանների տուն, գնդակահարել տանտիրուհուն` 51-ամյա Հասմիկ Ավետիսյանին, ապա գնդակահարել նրա ամուսնուն` Սերգեյ Ավետիսյանին, դստերը` Աիդային, որդուն` Արմենին և հարսին` Արաքս Պողոսյանին, ովքեր այդ ժամանակ քնած էին: Իսկ երբ խափանվել է հրացանը, ռուս զինծառայողը գազանաբար սվինահարել է մանկական մահճակալում քնած երկամյա Հասմիկին, իսկ 6 ամսական Սերյոժային հասցրել սարսափելի վերքեր, որոնց հետևանքով մի քանի օր անց նա մահացավ:

 

Հայ հասարակության ապրած ցնցումը շուտով վրդովմունքի և զայրույթի վերածվեց, ապա զանգվածային ելույթների Գյումրիում` ռուսական հյուպատոսարանի և ռուսական 102-րդ ռազմաբազայի առջև: Վրդովված մարդիկ պահանջում էին հայ արդարադատությանը հանձնել հանցագործին, որը ձերբակալվել էր հայ-թուրքական սահմանի մերձակայքում, տարվել բազա և այնտեղ էլ խոստովանել կատարած հանցագործությունը: Ի պատասխան հնչեցին պաշտոնական հայտարարություններ, որ Պերմյակովը կդատապարտվի ռուսական օրենսդրությամբ, քանի որ ռուսական սահամանդրությունն իբր թե արգելում է Ռուսաստանի քաղաքացիներին այլ երկրներ արտահանձնելը` այնտեղ նրանց դատապարտելու համար:

 

Գյումրիի վրդովված բնակիչների տարերային ելույթների լարվածությունն այնպիսին էր, որ դրան պատրաստ չէին ո́չ Ռուսաստանում, ո́չ Հայաստանում: Գյումրեցիները անհանգստանում էին, որ հանցագործին կարող են գաղտնի դուրս բերել ձերբակալման վայրից: Մարդիկ չէին վստահում ո́չ հայկական, ո́չ ռուսական իշխանությունների ներկայացուցիչներին: Նրանց վրդովեցնում էր այն, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և 102-րդ ռազմաբազայի հրամանատարի արտահայտած ցավակցությունները, շատերի կարծիքով, ձևական բնույթ էին կրում:

 

Հայաստանի գլխավոր դատախազությունը ևս արժանի մակարդակի վրա չգտնվեց, չնայած հանցագործի արտահանձնումը պահանջելու բոլոր հիմքերն ուներ: Այսպես՝ Գյումրիում ռազմաբազա տեղակայելու համաձայնագրի կետերից մեկը նախատեսում է հայկական կողմին հանձնել ռուսական զինծառայողին, եթե նրա կողմից իրավախախտում է տեղի ունեցել ռազմաբազայի սահմաններից դուրս: Պաշտոնական Երևանը նույնիսկ չարձագանքեց սուգ հայտարարելու պահանջին: Թվում էր, թե հայկական իշխանությունները նախևառաջ վախենում էին ինչ-ինչ գործողություններով կամ պահանջներով հյուսիսային դաշնակցին զայրացնելուց:

 

Հույզեր էր ավելացնում նաև այն փաստը, որ հայ ընտանիքի սպանությունը ոմանք փորձում էին ներկայացնել որպես կենցաղային հանցագործություն (ինչպես ասել է Պերմյակովը` ինքը ցանկացել էր միայն ջուր խմել): Հայերի մեծամասնության համար ընտանիքը տաճար է, պետություն պետության մեջ: Այդ պատճառով էլ Պերմյակովի իրականացրած արյունալի հաշվեհարդարը ողջ ընտանիքի նկատմամբ, նույնիսկ անմեղ երեխաների, շարքային հայի համար ավելի քան սպանություն է: Հատկապես երբ խոսքը ոչ բազմամարդ ժողովրդի մասին է` խոր պատմական արմատներով: Դա հասարակության կողմից ընդունվեց որպես մահափորձ ազգի վրա:

 

Եղել է ևս մի կարևոր հանգամանք: Հայաստանին և Ռուսաստանին միավորում են սերտ տնտեսական և ռազմական կապեր: Ինչ վերաբերվում է վերջինիս, ապա պաշտոնական Երևանը դա մեկնաբանում է Թուրքիայից և Ադրբեջանից եկող պոտենցիալ սպառնալիքով. վերջինս ձգտում է իր իրավասության տակ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Ռուսաստանը նույնիսկ Հայաստանին անվանում է իր ամենահուսալի դաշնակիցներից մեկը: Սակայն այս հռետորաբանության հետևում ավելի շատ նկատվում է Մոսկվայի ձգտումը` ավելի ամուր կապել Երևանին իր գերտերության կառքին, իսկ դրա համար հարմար էին բոլոր մեթոդները` տնտեսական, քաղաքական ճնշում, ագրեսիվ հումանիտար քաղաքականություն, ռուսական արտաքին քաղաքական կեղծիքներին աջակցելու պահանջ, մասնավորապես ուկրաիանական Ղրիմի բռնագրավմանը: Գյումրիի արյունալի ողբերգությունը դարձավ այն կատալիզատորը, որը արթնացրեց կերպարը հնամենի հայերի, ովքեր լուռ համբերում էին` վախենալով բարկացնել «մեծ եղբորը»: Հիշեցին ծաղրալի դատական գործընթացը ընդդեմ հայ-գաստարբայթերի, որին մոսկովյան դատարանում հագցրել էին կանացի խալաթ: Իրան-Հայաստան գազատարի բռնազավթումը «Գազպրոմ»-ի կողմից, որի հետևանքով Հայաստանը զրկվեց էժան իրանական գազից և ամենակարևորը՝ զրկվեց տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից: Ինչպես նաև ծանր հարձակողական սպառազինության վաճառքի բազմամիլիոնանոց գործարքները դաշնակից ռուսների և Ադրբեջանի միջև, որը կարող է այն օգտագրոծել Հայաստանի դեմ, երբ ցանկանա: Հիշեցին նաև, թե ինչպես Պուտինը, ծնկի բերելով Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանին, ստիպեց Հայաստանին հրաժարվել եվրաինտեգրումից և անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Եվ վերջապես, որ Գյումրիի 102-րդ բազան աշխարհում գրեթե միակ ՌԴ բազան է արտասահմանում, որը ապահովվում է էլեկտրաէներգիայով, գազով, ջրով, սննդով տեղի հարկատուների հաշվին: Սա այն դեպքում, երբ Հայաստանը մինչև հիմա չի կարողանում բնակարանով ապահովել հարյուրավոր ընտանիքիների, որոնք տուժել են 1988 թ. երկրաշարժից, և որոնք գոյատևում են վթարային խարխուլ տներում:

 

Հաղթահարելով «փոքր եղբոր» բարդույթը` հայերը, չնայած արգելքին, դուրս եկան Գյումրիի փողոցներ: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, վիրավորվեց ավելի քան տասը մարդ, մարդկային զոհերից հաջողվեց խուսափել: Սակայն ցուցարարները պահանջեցին ոչ միայն արդար պատիժ հանցագործի համար, այլ նաև` հավասար հարաբերություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև, հարգանք դեպի իրենց պետության ինքնիշխանությունը: Սոցիալական կայքերում կոչեր արվեցին դուրս բերել ռուսական ռազմաբազան Հայաստանից: Որոշ հասարակական ակտիվիստներ հանդես եկան անկեղծ հակառուսական հայտարարություններով, մասնավորապես՝ Հայաստանի ղեկավարությանը մեղադրեցին հայրենասիրության բացակայության, ազգային շահերը զիջելու մեջ, եղան անգամ ռուսական դրոշն այրելու փորձեր:

 

Այսպիսով, ծագեց ցույցերի քաղաքականացման իրական վտանգ, ինչը լրջորեն անհանգստացրեց առաջին հերթին Մոսկվային: Պուտինը հանդես եկավ ցավակցությամբ, Երևան շտապեցին բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ` հավաստիացնելով, որ կանցկացվի արդար քննության, և հանցագործը կկրի արժանի պատիժ: Ռուսաստանը պատրաստակամություն հայտնեց նաև բուժման նպատակով ընդունել վեց ամսական Սերյոժային, որի վիճակը կտրուկ վատացել էր, և որին հաշված ժամեր էին մնացել ապրելու: Կարծես թե սթափվեցին նաև Երևանում և համընդհանուր սուգ հայտարարեցին միայն… հունվարի 21-ին: Սակայն ինչպես գրեց կառավարամետ հայ լրագրողներից մեկը՝ «Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների սարսափելի դանդաղկոտությունը, ինչպես նաև առաջին օրերին ՌԴ դաշնային ԶԼՄ-ների լռությունը թույլ տվեցին հակառուսական տրամադրությունների զարթոնք, ինչը մինչ այդ չէր կարողանում անել Արևմուտքն իր «հիմնադրամներով և նախագծերով»:

 

 

Ի դեպ, անկարգությունների ժամանակ որոշ հայ իշխանամետ վերլուծաբաններ փորձում էին գտնել եթե ոչ «արևմտյան», ապա գոնե «ուկրաինական» հետք պատճառների շարքում, որոնք մարդկանց դրդեցին ցույցերի: Ընդ որում՝ ակտիվորեն կիրառվում էին այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են` «մայդան», «գունավոր հեղափոխություններ», «ուկրաինացի պատվիրակներ», որոնք փոխառվել էին մոսկովյան զոմբիներից, որոնք Հայաստանում աշխատում են ամբողջ հզորությամբ: Սակայն խնդիրները, որոնք առաջացնում են նման ողբերգություններ, մեծ մասամբ բխում են Ռուսաստանի և հետխորհրդային երկրների միջև ոչ հավասար հարաբերություններից, որոնց Ռուսաստանը հին ավանդույթի համաձայն անվանում է «եղբայրական պետություններ»: Ռուսաստանի ղեկավարության արհամարհանքը, կայսերական գոռոզությունը, ցինիզմը գործընկերների հանդեպ փոխանցվում է շղթայաբար: Բավական է միայն պատկերացնել, թե արհամարհանքի և անհանդուրժողականության ինչ մթնոլորտ է տիրում ռուսական զորանոցներում, այդ թվում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում: Սակայն կարելի է ավելի քան համոզված լինել, որ դրդապատճառների շարքում, որոնք ռուս զինծառայողին հրահրել են հայ ընտանիքի աննախադեպ դաժանությամբ սպանությանը, այս հանգամանքը չի գերակայի: Ցավոք:

 

Ինչ վերաբերում է մեզ`ուկրաինացիներիս, հատկապես բռնազավթված Դոնբասի, ովքեր Ղրիմի իրադարձությունների պատճառով հասկացան Ռուսաստանի հետ «բարեկամության» իսկական արժեքը, մեզ մնում է միայն հայտնել մեր խորին ցավակցությունները բարեկամ հայ ժողովրդին` կապված Ավետիսյանների ընտանիքին վրա հասած արյունալի վշտի հետ: «Ցավդ տանեմ»,- նման դեպքերում այդպես են ասում Հայաստանում: Ցավդ տանեմ, Հայաստան…»:



Թարգմանությունը՝ 1in.am

Նույն շարքից