Միջազգային 

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կընդգրկվեն նաեւ հայ թեկնածուներ

analitik.am

Թուրքիայում ապրում է 40-70 հազար հայ։ Նրանք երկրի ամենախոշոր ազգային փոքրամասնություններից մեկն են։ Մինչեւ 1915թ. զանգվածային ջարդերը նրանց թիվն անհամեմատ ավելի շատ էր։ Դրան հաջորդած տասնամյակների ընթացքում հալածանքների քաղաքականությունը, հարստության հարկը եւ պետական ու ռազմական ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու փաստացի արգելքը հայ ազգի ներկայությունը թուրքական քաղաքականության մեջ գրեթե աննկատ դարձրեց, փոխանցում է Euronews-ը։


Սակայն իրավիճակը սկսել է փոխվել։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը փոփոխություններ է կատարել օրենքում՝ թույլ տալով վերադարձնել նախկինում ազգային փոքրամասնություններից բռնագրավված 300 միավոր գույքը։


Նախագահ Էրդողանի կողմնակից լրագրող Մարգար Եսայանը հայտնվել է իշխող կուսակցության թեկնածուների ցուցակում։ «Չեմ կարծում, որ ինձ ընտրել են որպես թեկնածու այն պատճառով, որ ես հայ եմ։ Այո, դա իմ ինքնության կարեւոր մասն է։ Ես երջանիկ եմ, որ հայ եմ։ Կարծում եմ, որ դա լավ զուգադիպություն է, եւ իմ թեկնածությունը Թուրքիայի ժողովրդավարության վառ ապացույցն է։ 55-ամյա ընդմիջումից հետո հայը դարձել է իշխող կուսակցության թեկնածու։ Դա նշանակում է, որ նա կդառնա գործադիր իշխանության մաս»,- ասում է Եսայանը։

Իր շարքերում հայ թեկնածու ունի նաեւ ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը»։ Իրավաբան Սելինա Օզուզուն Դողանը ղեկավարում է Ստամբուլի ձախերի ցուցակը եւ անխոս հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից հետո տեղ կունենա խորհրդարանում։ «Ես ուզում եմ զբաղվել խտրականության խնդիրներով, պայքարել ատելության հողի վրա տեղի ունեցող հանցագործությունների դեմ։ Պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, խոսքի ազատությունը։ Իհարկե հայերը ավելի նկատելի կդառնան, մենք կկարողանանք խոսել այդ խնդիրների մասին։ Հայերն ավելի ինքնավստահ կդառնան։ Մենք կազատվենք այն զգացողությունից, որ մեզ անտեսում են»։

Մեկ այլ երիտասարդ հայ քաղաքական գործիչ Գարո Փայլանը Ստամբուլում ձախակողմյան «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 2-րդ համարն է։ Նա Հայաստանի հետ սահմանը բացելու կոչ է անում. «Հարցն այն չէ, որ դու հայ ես, թե ոչ։ Մեր կուսակցության մեջ կան նաեւ քրդեր ու թուրքեր, բայց դա ոչ թե ազգային պատկանելիության, այլ քաղաքական հայացքների պատճառով է։ Նույնը հայերի դեպքում։ Դա կարգավորման գործընթաց է։ Առաջ Թուրքիայում որոշ փոքրամասնություններ անտեսվում էին համակարգի կողմից»։


Վերջին 92 տարիների ընթացքում թուրքական խորհրդարանում ընդամենը 5 հայ պատգամավոր է եղել։ Սակայն հիմա երկրում ավելի շատ են խոսում ազգային փոքրամասնությունների հետ հարաբերությունների կարգավորման մասին։

Նույն շարքից