Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը որոշել է Տիգրան Ավինյանին անգլիական թագուհու կարգավիճակում պահել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակում նախօրեին կայացել է ՔՊ վարչության հերթական նիստը, որը եղել է նախընտրական թեմաներով։

Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին ասել է, որ ողջ ջանքերն ու ռեսուրսն առաջիկա ամիսներին պետք է ուղղել Երեւանի ավագանու ընտրություններին, տողատակերում էլ սպառնացել է, թե անձամբ է վերահսկելու ընտրական գործընթացները եւ չի ներելու անգործունյա կուսակիցներին։ Նա ընդգծել է, որ պետք է մի կողմ թողնել անձնական բոլոր տարաձայնությունները, քանզի Երեւանի «հանձնումը» կնշանակի ժամանակի ընթացում ամբողջական իշխանության հանձնում, մինիմում՝ ՔՊ-ի պարտության դեպքում երկրում երկիշխանություն կձեւավորվի՝ իր բոլոր տհաճ հետեւանքներով։ Մի խոսքով՝ հրահանգավորել է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները եւ լուրջ մոտենալ աշնանային գործընթացին։

Երեւանի ավագանու ընտրությունները Փաշինյանի համար կենսական նշանակություն ունեն, վարչության նիստում նա հայտարարել է, որ ավագանու ընտրություններում նախընտրական շտաբը կգլխավորի վարչության անդամներից մեկը, ներկայում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ում լիազորություններն արդեն ավարտվել են՝ կապված ԱԻՆ-ը լուծարելու եւ ԱԻՆ-ի գլխավոր բաղադրիչը հանդիսացող Փրկարար ծառայությունը ներքին գործերի նախարարության կազմում ընդգրկելու հետ։

Երբ Փամբուխչյանը չնշանակվեց ՆԳ նախարար եւ անգամ փոխնախարար, լուրեր շրջանառվեցին, որ նրան վարչապետի խորհրդական են նշանակելու՝ այդպես են վարվում բոլոր յուրային պաշտոնաթողների հետ։ Բայց այս փուլում Փաշինյանին հարկավոր է նվիրված ու վստահելի մեկը, ով կկառավարի ընտրությունների գործընթացը եւ կկատարի ավելի շատ իր, քան Տիգրան Ավինյանի հրահանգները։ Այս առումով Փամբուխչյանը թերեւս ամենահարմար թեկնածուն է։ Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում միայն Փամբուխչյանը կարող է մտածել որեւէ բարձր պաշտոն զբաղեցնելու մասին։

Որոշ տեղեկություններով, Երեւանի ավագանու ՔՊ նախընտրական ցուցակն ամբողջությամբ Փաշինյանի կողմից է կազմվելու, համենայնդեպս՝ նա զգուշացրել է, որ պատահական մարդիկ չեն կարող հայտնվել այդ ցուցակում՝ ակնարկելով, որ առնվազն իր հետ պետք է համաձայնեցնել։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ Փաշինյանը նպատակ ունի Ավինյանին հնարավորինս փոքր շանս տալ՝ իր թիմը քաղաքապետարան անցկացնելու, եւ որոշել է նրան անգլիական թագուհու կարգավիճակում պահել, իսկ ցանկում ունենալ պոտենցիալ մի քանի քաղաքապետի թեկնածու, որպեսզի Հայկ Մարությանի դեպքը չկրկնվի։ Նա անձամբ է թիմի աշխատանքը կառավարելու եւ ամեն կերպ հասկացնում է Տիգրան Ավինյանին, որ քաղաքական մեծ ախորժակ չդրսեւորի՝ ամբողջական իշխանության ձգտում չունենա։

Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսել է մրցակիցների մասին, մեր աղբյուրներն անուններ չտվեցին, սակայն նշեցին, որ որոշել են ամենադաժան ձեւով պայքարել մրցակիցների դեմ՝ ինչպես 2018-21 թթ․ էին պայքարում։

Երեկ պատերազմն արդեն հայտարարվեց, ինչպես միշտ, առաջինը մարտի նետվեց Փաշինյանի հավատարիմ «զինվորներից» առաջինը՝ Ալեն Սիմոնյանը։ Նա խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց․ «Կարող է՝ Երեւանի կենտրոնում, որտեղ տարբեր տեղերից եկած, ՀՀ մայրաքաղաքի էլիտար շենքերում մի քանի բնակարան գնած մարդիկ, որ նախկին իշխանության մաս էին կազմում, նախկին իշխանությանն էին սպասարկում, դժգոհ են, բայց Հայաստանի ժողովուրդը մեզ հետ անմիջական կապի մեջ է: Եվ ես վստահ եմ, որ եթե եկող շաբաթ նոր ընտրություններ լինեն, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո: Մոռանո՞ւմ եք՝ պատերազմից հետո, որ ամենամեծ ցավն էր բոլորի համար, մենք 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»։ Նշեց նա՝ անուններ չտալով։ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը երաշխավորվա՞ծ է, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է, որովհետեւ այն բարեփոխումները, որոնք արվել են ու արվում են Երեւանում, ակնհայտ են: Կառավարության կողմից տրված գումարները, որոնց շնորհիվ վերելակներ են նորոգվում, ավտոբուսներ են բերվում, կանաչապատում է իրականացվում, շենքերն են վերանորոգվում, այդ ամենն անում է կառավարությունը, անում է ՔՊ-ն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից