Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Երևանը մի մեծ քաոսի է վերածվել. Տիգրան Ավինյանը կարող է կոչ անել քաղաքացիներին ջոկատներ կազմել ու աղբահանությամբ զբաղվել

analitik.am

Այսօր հերթական անգամ հայտնի դարձավ որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, նախնական տվյալներով 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Շարքային երևանցու համար չափազանց բարդ է հաշվել, թե վերջին շաբաթների կամ ամիսների ընթացքում սա արդեն որերորդ դեպքն է, որ հրդեհ է բռնկվում մայրաքաղաքի ամենախոշոր ու, ինչպես փորձն է ցույց տալիս, ամենաանկառավարելի աղբավայրում: Շարքային երևանցին պարտավոր էլ չէ դա իմանալ, բայց իրավունք ունի պահանջելու Երևանի իշխանություններից ու Երևանը փաստացի կառավարող Տիգրան Ավինյանից ամենագործուն քայլերը ձեռնարկել այս աղետի դեմ պայքարելու համար, ոչ թե սահմանափակվել ականջ շոյող հայտարարություններով:

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը պատրաստվում է Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում նոր հանգստի գոտի կառուցել: Հարցի քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանում մեծ ծավալի շինարարություն է ընթանում, ուստի շատ խելք պետք չէ ունենալու համար, որպեսզի հասկանաս՝ այդ աննորմալ ծավալների շինարարությունն իր հետ բերում է փոշու մեծ ամպեր, որոնք կախվում են երևանցիների գլխին: Հենց սա է պատճառներից մեկը, որ մայրաքաղաքում անձրևներից հետո օրինակ ավտոմեքենաները պատվում են կեղտի հաստ շերտով:

Օրինական ու փաստաթղթերով շինարարությանը պետք է գումարել նաև ապօրինի շինարարությունը, ինչի դեմ քաղաքապետարանի ղեկավարությունն՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, չի կարողանում կամ չի ցանկանում առնել: Բավարար է նշել Չարենցի տուն թանգարանի տանիքում հայտնված վերնահարկի մասին, ամեն ինչ հասկանալի կլինի:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է մշակութային արժեք ներկայացնող շենքի:

Սրան կարող ենք գումարել նաև փորված ու այդ վիճակում երկար մնացող փոսերը, որտեղից բարձրացող փոշին, բացի ամեն ինչը, կուրացնում է վարորդներին ու ստեղծում վթարային իրավիճակներ:

Մայրաքաղաքում շարունակում է չլուծված մնալ նաև աղբահանության հարցը: Որքան էլ որ քաղաքապետարանում հայտարարում են, որ հարցն այլևս ծայրահեղ վիճակում չէ ու շնորհակալություն են հայտնում Ավինյանին, քաղաքացիները շարունակում են հրապարակել լեփ լեցուն աղբամանների, աղբակույտերի լուսանկարներ ու տեսանյութեր: Ընդ որում, լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվում Երևանի բոլոր թաղամասերից, այդ թվում՝ կենտրոնից: Բավարար է խոսել Բուզանդ փողոցում՝ Հանրապետության Հրապարակից 300 մետր հեռավորության վրա գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող շինությունը ներսում հավաքված աղբի մասին ու ամեն ինչ կընկնի իր տեղը:

Քաղաքացիները նաև լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում մայրաքաղաքի տարբեր շրջաններում ծառահատման դեպքերի վերաբերյալ: Բարեբախտաբար ծառահատման դեպքերի այսօրվա ծավալները համեմատելի չեն մի քանի ամիս առաջ տեղի ունեցողի հետ, սակայն այն կա:

Սրան կարող ենք գումարել նաև տարբեր միջատների խրախճանքը Երևանի փողոցներում: Երևանի քաղաքապետարանը պարտավոր է պայքարել դրա դեմ, սակայն անգամ այս հարցում է թերանում: Սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ քաղաքապետարանում վարչության ղեկավարներ են նշանակվում մարդիկ, ովքեր իրենց ղեկավարած վարչությունների մասնագետը չեն:

Սրան կարող ենք գումարել նաև հասարակական տրանսպորտի, մեքենաների, խցանումների խնդիրը, ինչի արդյունքում օդն ավելի է կեղտոտվում:

Այս ամենի արդյունքում արդեն զարմանալ պետք չէ, որ պարբերաբար հրապարակվող տեղեկությունների համաձայն, Երևանում օդի աղտովածության մակարդակը գերազանցում է թույլատրելի չափ: Իսկ սա չի կարող անհետևանք մնալ երևանցիների համար:

Տիգրան Ավինյանը պետք է օրինակ վերցնի իր ղեկավար Նիկոլ Փաշինյանից: Շատերն են հիշում, թե ինչպես էր պատերազմի ժամանակ երկրի վարչապետը մտնում ուղիղ եթեր ու կոչ անում ջոկատներ կազմել, զրահաբաճկոն ու սաղավարտ վերցնել, մեկնել ռազմաճակատ: Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Փոսի Տիկոն կարող է օրինակ ուղիղ եթեր մտնել ու կոչ անել քաղաքացիներին խմբեր կազմել, աղբատար ու հրշեջ մեքենաներ գնել, սկսել կրակ մարել ու աղբ հավաքել:

Քաղաքացիները երևի արդեն չպետք է սպասեն նման կոչերի ու պետք է ինքնակազմակերպվեն: Սակայն մինչ այդ յուրաքանչյուր երևանցի մի մեծ կարևոր առաքելություն ունի: Խոսքը վերաբերում է սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին: Այդ օրն ամեն երևանցի կարող է որոշել, թե ինչպիսի Երևան է ուզում ունենալ՝ քաոսային, թե՝ ապրելու:

Նույն շարքից