Գլխավոր Հարցազրույց 

Մեր տնտեսական հարաբերություններն Իրանի հետ կաշխուժանան. Միքայել Մելքումյան

analitik.am

Ինչպես հայտնի է, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներն արդեն հանվել են, ուստի այս երկիրն արդեն աստիճանաբար մտնելու է իր բնականոն հունի մեջ: Պատժամիջոցների կիրառումը, բնականաբար, Իրանի համար մեծ խոչընդոտներ էր առաջացրել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական:

Պատժամիջոցների վերացումից հետո, Հայաստանի բարեկամ երկիրը՝ Իրանը, ամենայն հավանականությամբ, նոր ներդրումներ կանի մեր երկրում: Այս թեմայի մասին մեր թղթակիցը զրուցել է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանի հետ:

-Պարո՛ն Մելքումյան, մոտ ապագայում մեր երկրում Իրանն ի՞նչ ներդրումային ծրագրեր կիրականացնի, ըստ Ձեզ:

-Իրանը մեր բարեկամ երկիրն է: Դեռ 90-ականների սկզբից մեր երկիրը համագործակցում է Իրանի հետ: Մինչև պատժամիջոցների վերացումն էլ Հայաստանը Իրանի հետ ուներ խոշորագույն նախագծեր՝ Մեղրիում գտնվող Արաքս գետի հիդրոէլեկտրակայանը, նավթավերամշակման գործարանը, գազամուղը, նախատեսվելիք Իրան-Հայաստան երկաթուղին, հետո նաև բարձրավոլտ էլէկտրական գծերի նախագիծը: Կարևոր նախագիծ էր նաև գազ ստանալու ու դրա դիմաց էլեկտրաէներգիա փոխանցելու նախագիծը: Այդ բոլորն արդեն կան: Այժմ Իրանի ֆինանսական համակարգն արդեն ազատականացվում է, բնականաբար, մեր տնտեսական հարաբերություններն էլ Իրանի հետ կաշխուժանան: Ներդրումային նախագծերը Հայաստանի հետ ավելի բաց ու հեշտ կդառնան: Այս առումով հիմնականում հարկ է կարևորել էներգետիկայի ոլորտի նախագիծը: Հայաստանն Իրանից տարեկան ստանում է մոտավորապես 400 միլիոն մետր խորանարդ գազ: 2015-ին 371 միլիոն մետր խորանարդ գազ ենք ստացել: Երևանի ՋԷԿ-ում էլեկտրաէներգիա է արտադրվում, և 1 խորանարդ մետր գազի դիմաց 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա է տրվում Իրանին: Բայց դրա արդյունքում 1,5 կիլովատ հոսանք մեզ մնում է ձրի: Այս պարագայում, եթե մենք կարողանանք ավելացնել ներկրվող գազի ծավալները մի 3-4 կամ 5 անգամ, շատ ձեռնտու կլինի: Պարզապես հիմա դա տեխնիկապես անհնար է. բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, որով մեր երկիրը Իրանին պիտի հոսանք փոխանցի, հիմա այդքան էլ հզոր չեն: Բայց այժմ արդեն արվում է այդ հզորացումը: Աշխատանքները կավարտվեն 2017 թվականի վերջին կամ 2018-ին: Բարձր լարման հետ կապված՝ նախատեսվում է ենթակայան կառուցել: Դրա արդյունքում Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ռուսաստան գիծը կստեղծվի. մենք կգտնվենք նույն էներգետիկ համակարգում: Սա մեզ հնարավորություն կտա լինել տարանցիկ երկիր: Մի նախագծի մասին էլ կուզենայի նշել. Մեղրիում գտնվող Արաքս գետի հիդրոէլեկտրակայանի կառուցումը 250 միլիոն դոլարանոց նախագիծ է: Իրանը 15 տարի կտանի այդ էլեկտրաէներգիան, բայց 15-րդ տարվա վերջում, այդ հիդրոէլեկտրակայանը կմնա Հայաստանին: Իրան-Հայաստան երկաթուղին ևս մեր երկրի տնտեսության համար մեծ կարևորություն ունի: Այն պիտի կառուցվի Մետաքսի ճանապարհի սխեմայով: Այսինքն՝ Իրանի ազատականացումից հետո մեր երկրի ու Իրանի հարաբերությունները նկատելիորեն կաշխուժանան: Իսկ մենք պետք է փորձենք մեր հարաբերությունները հնարավորինս ակտիվացնել Իրանի հետ, կազմակերպել գործարար ֆորումներ, ավելի ակտիվ շփումներ:

-Իսկ մեր երկիրն ի՞նչ ապրանքներ կարտահանի Իրան:

-Հարկավոր է խորը մարկետինգային հետազոտություններ անել: Իրանն իր շուկան շատ հետաքրքիր ձևով է պաշտպանում: Օրինակ, Իրանը, ունենալով մեծ նավթային ռեսուրսներ, նավթավերամշակման գործարաններ շատ չունի, ուստի թույլ չի տալիս, որ իր տարածքից բենզին արտահանվի: Այնպես որ՝ Հայաստանից դեպի Իրան ապրանքների արտահանումը պետք է պլանավորել՝ փոխշահավետ պայմաններով: Պետք է մտածել, թե հատկապես ինչ կարելի է արտահանել, օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանք... Սա պետք է ուսումնասիրել մասնրամասնորեն: Իրանը ինքնաբավ ու մեծ երկիր է: Այսինքն՝ այս երկիրն իր համար արտադրում է այն, ինչի կարիքը կա: Այս առումով, պետք է իրանական շուկան մանրամասնորեն ուսումնասիրել, որպեսզի արտահանումը մեզ համար ձեռնտու լինի:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից