Առողջապահություն Հասարակություն 

Եղինջի օգտակար հատկությունները

analitik.am

Բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հին ժամանակներից։ Գալենն առաջարկել է օգտագործել եղինջի հյութը մազաթափության դեպքում։ Ավիցենան իր «Բժշկության կանոնները» գրքում նկարագրել է եղինջի բուժիչ հատկությունները։ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Եղինջն ամենից ավելի օգտակար է այն ժամանակ, երբ բույսը դեռ կանաչ է, բայց արդեն հայտնվել են սերմերը»։

Եղինջը հին ժամանակներից օգտագործվել է տնտեսության մեջ, ստացել են մանրաթել, պատրաստել են առագաստներ, պարկեր, պարաններ, ցանցեր։ Մեր օրերում եղինջից պատրաստված գործվածքը օգտագործվում է Չինաստանում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, հատկապես` Կորեայում։ Եվրոպայում եղինջից ստացել են «շեւիոտ» կոչվող բարձրակարգ գործվածքը, որը նկարագրված է Հյուգոյի «Թշվառները» վեպում։ Մեր օրերում այդ գործվածքն արտադրվում է միայն Հարավսլավիայում։ Եղինջը բարձրացնում է տնային թռչունների ձվատվությունը, ավելացնում ընտանի կենդանիների քաշը, կովերի կաթնատվությունը։

Ռուսաստանի Տուլայի մարզում կա կրապիվա անունով բնակավայր, որի զինանշանի վրա պատկերված է եղինջը, եւ այնտեղ ամենամյա եղինջի փառատոն է անցկացվում։

Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։

Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։

Նույն շարքից