Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Որոշ պատգամավորների համար գործուղումները շոփինգ տուրեր են. Կարեն Քոչարյան

analitik.am

Երեկ ԵԽԽՎ-ում ընդունվեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» զեկույցը: Ինչպես հայտնի է այս փաստաթուղթն իրավական ուժ չունի, այդուհանդերձ, հնարավո՞ր է, որ այն որոշակի բացասական ազդեցություն ունենա արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա:

Այս թեմայի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ, ով նշեց, որ առաջին բանաձևն ավելի վտանգավոր էր և, բարեբախտաբար, այն չընդունվեց. «Երբ Մինսկի խումբը խառնվեց այս գործին, առաջին բանաձևն արդեն չընդունվեց: Երկրորդն ընդունեցին: Իհարկե էլի տհաճ էր: Դա նրանից է, որ մեր պատգամավորները շոփինգի են գնում այնտեղ: Ոմանց համար այսպիսի գործուղումները շոփինգ տուրեր են: Անշուշտ, պիտի նշեմ, որ խոսքը, բնականաբար բոլորի մասին չէ: Որոշ պատգամավորներ չեն աշխատում»:

Ըստ Քոչարյանի, վերջին ամսում պատգամավորների փոխարեն ուրիշներն աշխատեցին, ինչի արդյունքում մյուս բանաձևը չընդունվեց. «Փաստ է՝ ընդամենը մեկ-երկու ամսում կատարվեց աշխատանք, ինչի արդյունքում առաջին զեկույցը չընդունվեց: Բայց այդ աշխատանքը կատարվեց ոչ թե պատգամավորների, այլ լրիվ այլ կառույցների կողմից: Նրանք կարողացան չեզոքացնել առաջին զեկույցը: Կարելի էր այդ քայլերն անել ավելի վաղուց, որպեսզի ընդհանրապես այս զեկույցը շրջանառության մեջ էլ չմտներ: Փորձը ցույց տվեց, որ եթե աշխատեն, հնարավոր է չեզոքացնել նման զեկույցները»:

Նույն շարքից