Գլխավոր Հարցազրույց Ռազմական 

Մեծ հաշվով, Սիրիայում ռուսական օդային ուժերի համար անելիք չկար. արաբագետ Սարգիս Գրիգորյան

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ՌԴ հիմնական ուժերը մարտի 15-ից դուրս բերել Սիրիայից: Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Կարծում եմ, որ Պաշտպանության նախարարության առաջ դրված խնդիրները հիմնականում կատարված են: Այդ պատճառով հրամայում եմ, վաղվանից սկսել մեր ռազմական խմբավորման հիմնական մասի դուրսբերումը Սիրիայի Արաբական Հանրապետությունից»:

ՌԴ նախագահի այս որոշման, Սիրիայում ռուսական ռազմական խմբավորման իրականացրած գործողությունների արդյունավետության շուրջ Analitik.am-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

- Ի՞նչու Ռուսաստանը որոշեց դուրս բերել զորքերը Սիրիայից:

- Մեծ հաշվով, Սիրիայում ռուսական օդային ուժերի համար անելիք չկար: Խնդիր էր դրված որոշ տարածքներ ազատագրել օդային հարվածներով, որոնք կառավարական ուժերը և նրանց հարող ուժերն իրականացնում էին բավական հաջող: Այս խնդիրն էր դրված ռուսական օդային ուժերի առջև և դա իրականացվեց: Մնացած շեշտադրումը դրված է քաղաքական պրոցեսների վրա: Իմ խորին համոզմամբ, եթե ցամաքային գործողություններ չկան, ինչը չեն ուզում գերտերությունները, ապա օդային հարվածներն առանց ցամաքային գործողությունների անօգուտ է: Միակ խնդիրն այն է, որ ամեն ինչ արվի, որ այդ ցամաքային գործողություններն իրականացվեն Սիրիայի ուժերի կողմից:

- Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կունենա այս որոշումը:

-Ժնեվյան բանակցությունների վրա սա իր դրական ազդեցությունը կունենա և լրացուցիչ հնարավորություն կտա. կնպաստի, որպեսզի խաղաղ բանակցություններն ավելի դրական հիմքերի վրա դրվեն: Ռուսական Պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրները հիմնականում կատարված են, այս մասին հայտարարեց ՌԴ նախագահը, իսկ հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերն էլ միաձայն ողջունեցին Պուտինի հայտարարությունը:

- Սիրիայի կառավարական ուժերը միայնակ կկարողանա՞ն դիմակայել երկրում գործող խմբավորումների դեմ:

-Անկեղծ ասած, լավատես չեմ: Հասկանալով, թե ինչ ուժեր են կանգնած կառավարական ուժերի դեմ, ի դեմս Իսլամական Պետության և այլ խմբավորումների, որոնք ունեն ռազմական գործողությունների փորձ, լավ վարժված են, ապա Սիրիայի կառավարական ուժերին լուրջ փորձություն է սպասում:

-Ստացվում է այնպես, որ Ռուսաստանը ձեռքերը լվա՞ց:

-Իմ կարծիքով, ոչ, որովհետև հայտարարվեց, որ Ռուսաստանի երկու ռազմաբազա նախկին ռեժիմով շարունակելու են աշխատանքը և անհրաժեշտության դեպքում իրականացնելու են օժանդակող գործողություններ, հետևելու են զինադադարի պահպանման ռեժիմի կանոնների պահպանմանը Սիրիայում: Այս ռազմաբազաները կարող են շատ արագ համալրվել և կարճ ժամանակամիջոցում կապահովեն մեծաթիվ ռազմական ներկայություն Սիրիայում: Ռուսաստանը Սիրիայից վերջնականապես չի հեռանում:

-Ռուսաստանի օդային հարվածների դերը Սիրիայում ինչպե՞ս կարելի է գնահատել:

-Ռուսաստանը անցնող տարվա սեպտեմբերի 30-ից սկսեց օդային հարվածներ իրականացնել, այս գործողությունները հավասարակշռություն ապահովեցին: Դրանից առաջ ընդդիմադիր և ահաբեկչական խմբավորումները մոտեցել էին մայրաքաղաքին, Լաթաքիային, Հալեպի նահանգներում էին բավական ակտիվ: Ռուսական օդուժի հարվածները չեզոքացրեցին նրանց` առաջխաղացման հնարավորություն չտալով, կառավարական ուժերն էլ որոշ տարածքներ հետ բերեցին:

-Ըստ Ձեզ, Սիրիայում հակամարտության լուծումը բանակցային, թե՞ ռազմական ճանապարհով է լինելու:

-Ես կարծում եմ` միանշանակ ցամաքային գործողություններով: Բանակցային գործընթացը, ճիշտ է, դրական է, շատ լավ է, սակայն վերջնական լուծում չի լինի: Եթե նույնիսկ ցամաքային գործողություններ չլինեն, քանի, որ Ռուսաստանն ունի Աֆղանստանի փորձը, իսկ ԱՄՆ–ն՝ Իրաքի, Սիրիայում նրանք փորձելու են աջակցել այն ուժերին, որոնք ակտիվ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Հնարավոր է, որ նման կերպ փորձեն լուծում ապահովել Սիրիական հակամարտությունում:

Նույն շարքից