Հայաստան հասնող ռուսական գազի համար Վրաստանը կստանա ամենամեծ օգուտներից մեկը Եվրոպայում

Հայաստան հասնող ռուսական գազի համար Վրաստանը կստանա ամենամեծ օգուտներից մեկը Եվրոպայում

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել պայմանագիր ստորագրել Գազպրոմի հետ իր տարածքով ռուսական գազը Հայաստան տեղափոխելու մասով: Պայմանագիրը ստորագրվել է նոր պայմաններով, և Վրաստանն իր շահույթն արդեն կստանա դրամի տեսքով: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Քախա Քալաձեն, ով Մինսկում բանակցություններ է ունեցել ռուսական ընկերության հետ:

Քալաձեի խոսքերով, նոր պայմանագիրը չի ուժեղացնելու Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից. «Փոխվելու է միայն վճարի ձևը: Այսինքն մենք գազի փոխարեն փոխհատուցում ենք ստանալու արդեն դրամի տեսքով»:

Ինչ վերաբերում է տրանզիտի գնին, ապա Քալաձեն հայտնել է, որ այն լինելու է ամենաբարձրերից մեկը Եվրոպայում. «Մենք նաև հնարավորություն ունենք, կախված եղանակային պայմաններից, լրացուցիչ գազ ստանալ ավելի էժան գներով՝ 1000 խորհրանարդ/մետրը 215 դոլարի փոխարեն 185 դոլարով»:

Պայմանագիրը ստորագրվել է երկու տարի ժամկետով: Տրանզիտի գինը Քալաձեն չի հայտնել, սակայն նշել է, որ Վրաստանը ստանալու է գրեթե նույն օգուտը, ինչ՝ մինչ այսօր: