Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Էրդողանի հերթական հաղթանակը. Անգլիական նավերը չհասան նույնիսկ Սիրիայի ափ

analitik.am

Սիրիական Աֆրին քաղաքում թուրքական օպերացիան շարունակվում է և, ամենայնի հավանականությամբ, Սիրիայում կհասնի թուրքական զինված ուժերի ներկայությանը։ Թեպետ, նման դեպքերում, ըստ ավանդույթի, սոցցանցերում տեղեկություն էր շրջանառվում, որ քրդաբնակ քաղաքում քաղաքացիական զոհերի քանակը մոտ հինգ հարյուրի է հասնում, պաշտոնապես արձանագրվեց մոտ 51 զոհ և հարյուրից ավել վիրավոր, մինչդեռ թուրքական բանակը կորցրեց 14 զինվոր և ունեցավ 130 վիրավոր:

Միջազգային մամուլը քուրդ բնակչության մեջ կորուստների արձանագրման հարցում բավականին բալանսավորված արձագանքեց: Շատ են, իհարկե, կոչերն առ այն, որ քրդերին պետք է օգնել՝ մասնավորապես ամերիկյան ձախերի ճամբարից, բայց կան նաև բավականին բարձրաստիճան ձայներ, որոնք պնդում են, որ Թուրքիային է պետք աջակցել: Այսպես, ամերիկյան Bloomberg-ում մեկ օրում՝ ընդամենը 16 ժամ տարբերությամբ հրապարակվում է երկու հոդված: Մեկում հեղինակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Նոահ Ֆելդմանը պնդում է, որ Թուրքիան դավաճանել է ԱՄՆ-ին՝ հարձակվելով քրդերի վրա: Երկրորդ հոդվածում ԱՄՆ ադմիրալ, ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը պնդում է, որ ԱՄՆ-ն, ելնելով քաղաքական իրողությունից, պետք է սատարի Թուրքիային: Նույնատիպ՝ real politik բնույթի կոչեր էին հնչում գերմանական մամուլի էջերից։

Բուն մարտի դաշտում ակնհայտ էր, որ թուրքական առաջխաղացմանը դեմ չէին ո՛չ դե յուրե տարածքի տեր հանդիսացող Սիրիայի կառավարությունը, ո՛չ դե ֆակտո տարածքը վերահսկող ռուսական զինված ուժերը, ո՛չ էլ նույնիսկ Սիրիայի անվտանգության «կնքահայր» Իրանը: Ակնհայտ է, որ Էրդողանի այս նախաձեռնությունը համաձայնեցված է եղել տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ, բացառությամբ՝ քրդական պետականության ջատագովների: Սա, ըստ էության, Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված քայլ էր. Ասադը հնարավորություն ստացավ իր տարածքը ծայրահեղ իսլամականներից ազատելու համար, Թուրքիան վնասազերծեց սեփական սահմանների մոտ գտնվող քրդական անջատողականներին, Ռուսաստանն էլ պահպանեց ռազմական ներկայությունը:

Իրավիճակին գնահատական է տվել նաև արևելագետ Վարդան Ոսկայնանը՝ իր ՖԲ էջում նշելով,  որ «Ընդամենը մի քանի ամիս առաջ գրեթե խաղաղ միջոցներով հարթելով իրավիճակը Իրաքի Քրդստանի տարածաշրջանում, իրանցիները փաստացիորեն կանխեցին թուրքական բանակի՝ այս տարածք մուտք գործելու իրական վտանգը և սահմանափակեցին ամերիկյան ազդեցությունը, ինչից հետո առնվազն տարօրինակ էր թվում Սիրիայի հյուսիսի քրդաբնակ Աֆրինի շրջանում թուրքական բանակի և դրա դաշնակիցների գործողությունների հանդեպ Թեհրանի ինչ-որ առումով մեղմ դիրքորոշումը։

Իրականում աստիճանաբար պարզ է դառնում, որ Իրանը թուրքական ներխուժումը Սիրիայի հյուսիս օգտագործում է սիրիաբնակ քրդերին Միացյալ Նահանգների ազդեցությունից դուրս բերելու նպատակով՝ որպես հեռահար թիրախ դիտարկելով Դամասկոսի և սիրիական քրդերի միջև հաստատուն դաշինքի ձևավորումը, ինչի առաջին նախանշանններն արդեն կան առնվազն հռետորաբանության մակարդակում։

Եթե Իրանին հաջողվի թուրքական վտանգին դեմ հանդիման նման համագործակցություն ձևավորել, ապա ոչ միայն կապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականության խնդիրը, ինչի առաջին ջատագովը հենց Թեհրանն է, այլ նաև, ըստ էության, այդ երկրի հյուսիսի քրդաբնակ շրջաններից կրկին դուրս կմնան թե՛ Վաշինգտոնը և թե՛ Անկարան։

Ըստ ամենայնի, քուրդ ժողովուրդը կդառնա աշխարհաքաղաքական պայքարի հերթական զոհը։ Ինչպես միշտ, գերտերությունները, փոքր, բայց հպարտ ժողովուրդների իղձերն օգտագործելով, իրենց խնդիրներն են լուծում: Այս դրվագն առանձնանում է իր դաժանությամբ և իմաստազրկվածությամբ: Մոտ կես միլիոն մարդու կյանք խլած այս արհեստական բախումը տարածաշրջանային խաղադաշտում առաջընթաց գրեթե չի արձանագրել։ Ասադը մնալու է իշխանության՝ պահպանելով վերահսկողությունը Սիրիայի մեծ մասի նկատմամբ, Ռուսաստանը կպահպանի իր բազան Տարտուսում, Իրանն առնվազն կպահպանի իր ազդեցությունն այդ տարածաշրջանում, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը էլ կշարունակեն Թուրքիային դիտարկել որպես հիմնական դաշնակից, իսկ քուրդ ժողովուրդը նորից կմնա առանց պետություն՝ հերթական խաբկանքի պատճառով զոհաբերելով սեփական ժողովրդի զգալի հատվածը։

Ակնհայտ է, որ «անգլիական» նավերը չեն ուզում բարձրանալ ոչ միայն հայկական լեռնաշխարհ, այլ նույնիսկ Միջրեկրականի ափին գտնվող Սիրիա:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից