Բարի օր Հասարակություն 

Լավ կլիներ, որ հիմա էլ զենք վերցնեին օտար թշնամիների դեմ, այլ ոչ թե երկրի ներսում. Քաղաքացիները «Նեմեսիս» օպերացիայի մասին

analitik.am

1921 թ. հենց այս օրը` մարտի 15-ին, Բեռլինում հայ վրիժառու, «Նեմեսիս» օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Մեծ Եղեռնի կազմակերպիչ ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային: Թալեաթի գնդակահարությունը և Սողոմոն Թեհլերյանի ձերբակալությունը կատարվել է Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում։ Դրանից հետո` 1921 թվականի հունիսի 2-ին, գերմանական դատարանն արդարացրեց Թեհլերյանին։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը,իսկ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին: Սողոմոն Թեհլերյանը թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։

Analitik.am -ը Սողոմոն Թեհլերյանի և «Նեմեսիս» օպերացիայի  մասին հարցում անցկացրեց մեր քաղաքացիների շարքերում՝ պարզելու համար, թե ի՞նչ գիտեն այս մասին, ինչպե՞ս են վերաբերվում և ի՞նչ փոխեց այս պատմությունը հայերի ճակատագրում: Այն հարցին, թե ինչ գիտեն 1921 թ.-ի մարտի 15-ին կատարված իրադարձության վերաբերյալ, ՀՀ քաղաքացիներից շատերը բուռն արձագանքներ տվեցին: Նրանցից մեկն ասաց, որ ամոթ կլիներ, հայ լինելով հանդերձ չիմանալ այս պատմության մասին, և հավելեց, որ իր իմանալով Թալեաթին մի քանի անգամ հաջողվել է ծլկել հայ վրիժառուների ձեռքից, բայց այնուամենայնիվ, 1921 թվականին Թեհլերյանին հաջողվել է գնդակահարել նրան։

Քաղաքացիներից մեկն էլ ավելացրեց, որ միայն Աստված գիտի, թէ էլ ինչ ոճրագործություններ կարող էր ձեռնարկել Թալեաթը, եթե չլինեին հայ վրիժառուները։ «Նրանք մեզ տվեցին հույս, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ հայ ազգը դեռ կա և չնայած նրան, որ տարիներ շարունակ հալածվել է օտար ազգերի կողմից, միևնույն է շարունակում է գոյության կռիվ տալ»,-նշեց քաղաքացիներից մեկը։ Ըստ քաղաքացիների, «Նեմեսիս»-ի նպատակը մեծ աղմուկ բարձրացնելն ու հասարակական հնչեղություն ապահովելն էր, և հայ վրիժառուների գործողություններից երբևէ անմեղ մեկը չի տուժել: «Այս ամենը ապահովեց նաև եվրոպական հասարակական կարծիքի ձևավորումը, որ «Նեմեսիսի» իրագործողները մարդասպաններ չեն, այլ՝ հանուն վրեժի և արդարության զենք վերցրած մարտիկներ: Լավ կլիներ, որ հիմա էլ զենք վերցնեին օտար թշնամիների դեմ, այլ ոչ թե երկրի ներսում»,-ասաց նրանցից մեկը։

«Ամեն անգամ Թեհլերյանի անունը լսելիս պարծանք եմ ապրում։ Ես գիտեմ, որ այդ ժամանակ Թեհլերյանը մի քանի վրիժառուների հետ միասին ժողովներ են կազմակերպել և մշակել են «Նեմեսիս» օպերացիան: Թեհլերյաններ են մեզ այսօր պետք, իրոք հայրենասեր մարդիկ, որ աշխարհին ցույց կտան, թե ինչի են ընդունակ հայերը, կփրկեն մեր պատիվը, թե չէ ամբողջ օրը երկրի ներսում ենք ուտում իրար»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Իսկ թե ուրիշ ովքեր են ներգրավված եղել այդ կազմի մեջ հարցին քաղաքացիներից մեկն ասաց, որ հստակ գիտի Ավետիք Իսահակյանի մասնակցությունն այդ նպատակի իրագործմանը։

Վերջում՝ ներկայացնենք  մի շարք գործողություններ՝ կատարված «Նեմեսիս» օպերացիայի անդամների կողմից:

1919 թ., Թիֆլիսի Երևանյան հրապարակում Արամ Երկանյանը գնդակահարեց մուսաֆաթական դահիճ Ղասիմբեկովին:

1920 թ.հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն և նրա գործակից, Շուշիի հայերի ջարդարար Սաֆարովին:

1921 թ. հուլիսի 21-ին Ստամբուլում Միսաք Թոռլաքյանը գնդակահարեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջևանշիր խանին: Թոռլաքյանը Թեհլերյանի նման վարվեց, փախուստի չդիմեց և անգլիական դատարանն անմեղսունակ ճանաչեց նրան:

1921 թ. դեկտեմբերի 5-ին Հռոմում Արշավիր Շիրակյանը, ընթացքի ժամանակ նետվելով կառքը, որով երթևեկում էր երիտթուրքերի կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, տապալեց նրան և կանգնեցնելով կառքը` հեռացավ:

1922 թ. Նույն Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում Թալեաթի այրու աչքերի առաջ  սպանեցին Տրապիզոնի հայերի ջարդերի կազմակերպիչ դոկտոր Ջեմալ Ազմիին և Բեհաեդդին Շաքիրին:

1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում` Չէկայի շենքի դիմաց, Պետրոս Տեր-Պողոսյանը,Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանն ու Զարեհ Մելիք-Շահնազարյանցը սպանեցին Օսմանյան Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Ջեմալ փաշայի:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից