Քաղաքականություն 

Ադրբեջանի նախագահը ձևացնում է, թե իբր մոռացել է. Շավարշ Քոչարյան

analitik.am

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին.

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է:

Պատասխան: Ադրբեջանի ղեկավարի ասածը կիսաճշմարտություն է, քանի որ խնդիրը պետք է կարգավորվի թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն որևէ առնչություն չունի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ:

Ադրբեջանի նախագահը ձևացնում է, թե իբր մոռացել է, որ որպես բանակցությունների հիմք ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաստաթուղթը, համաձայն որի՝ Արցախի կարգավիճակը որոշվում է Արցախի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մտացածին որակումների լավագույն պատասխանը ազատ, անկախ, ժողովրդավարության ամրապնդման ուղիով ընթացող Արցախն է՝ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ:

Հարց. Ադրբեջանի նախագահը հերթական անգամ Հայաստանը և Արցախը ներկայացրել է որպես ադրբեջանական պատմական հողեր: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

Պատասխան: Շուտով կլրանա հարյուր տարի, ինչ Օսմանյան կայսրության ռազմական աջակցության շնորհիվ աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ ի հայտ եկավ երկրորդ թուրքական պետությունը՝ Ադրբեջան անվանումով: Տարօրինակ կերպով այդ պետությունը չի հիշում՝ ինչ է եղել ընդամենը երեկ, բայց «հիշում է», թե ինչ է եղել դարեր առաջ՝ մինչ իր ի հայտ գալը:

Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ անտեսվում կամ նենգափոխվում է ամեն ինչ. միջազգային իրավունքը, ներառյալ՝ ՄԱԿ Կանոնադրությունը, միջնորդների ջանքերը, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները, պատմությունը՝ սկսած անտիկ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը, ներառյալ՝ Ստրաբոնի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատությունները:

Տվյալ հայտարարությունն ուղղված է, առաջին հերթին, Ադրբեջանի ներքին լսարանին` բնիկ ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնի ուծացման քաղաքականությունն արդարացնելու, ինչպես նաև երկրում հաստատված ավտորիտար ժառանգական ռեժիմը որպես ժողովրդավարության նվաճում հրամցնելու համար:

 

Նույն շարքից