Հասարակություն 

Հոպոպը 2014թ.ի «Տարվա Թռչուն»

analitik.am

Ավարտվել է հասարակական քվեարկությունը, որի արդյունքում ընտրվել է 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:


Տարվա Թռչուն 2014 թեկնածու թռչուններն էին` Սեւ անգղը, Հոպոպը, Ամուրիկը, Սովորական կիվիվը, Սովորական հողմավար բազեն, Երկնագույն ալկիոնը, Սեւ ագռավը, Եվրոպական բվիկը, Սեւ կեռնեխը եւ Կարմրակտուց սուզաբադը:


Հարցումը մեկնարկեց հոկտեմբերի կեսերին եւ մասնակիցներին հնարավորություն տրվեց քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության (ՀԹՊՄ) էլեկտրրոնային կայքում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան էջում: Ինտերնետի անհասանելության պատճառով մարզերում բաժանվեցին քվեաթերթեր:


Հարցմանը մասնակցեցին 1592 հոգի, ինչպես Երեւանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Առցանց հարցման ընթացքում պայքարը մղվեց Հոպոպի եւ Երկնագույն ալկիոնի միջեւ: Քվեաթերթերի տվյալների ամփոփման արդյունքում պարզվեց, որ պայքարն ընթանում էր Հոպոպի, Ամուրիկի եւ Սովորական հողմավար բազեի միջեւ եւ հավաքելով առավելագույն ձայները` 313 ձայն, Հոպոպը ճանաչվեց Տարվա թռչուն:


Կարծում ենք չկա այնպիսի մի մարդ, ով տեսած չլինի Հոպոպին, որն առանձնապես չի խուսափում մարդու ներկայությունից, նրա սովորություններն այնքան յուրահատուկ են, որ անհնարին է Հոպոպին շփոթել մեկ ուրիշ թռչնի հետ: Նրա ձայնը հանդիսանում է նրա այցեքարտը` հենց նրա խուլ, «ուպ-ուպ-ուպ»  ձայնի  շնորհիվ շատ ժողովուրդների մոտ նա ստացել է իր անվանումը:


Հոպոպը գրեթե տատրակի մեծության, վառ գույնի թռչուն է, երկար, նեղ կտուցով եւ փուփուլանման կատարով, որը երբեմն բացվում է հովհարի պես։ Զանգվածը`68-72 գր, թեւերի բացվածքը` 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձեւ փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սեւ եւ սպիտակ շերտերով։


Հոպոպը լայնորեն տարածված է Եվրոպայի եւ Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում: Հայաստանում դեռեւս չեն իրականացվել ուսումնասիրություններ պարզելու  համար Հոպոպի պոպուլյացիայի քանակը, սակայն թռչնաբանների կողմից իրականացվող պարբերաբար դիտարկումները ցույց են տալիս, որ Հոպոպի թվաքանակը Հայաստանում գտնվում է համեմատաբար կայուն վիճակում: Հոպոպը ցերեկային կենսակերպ վարող թռչուն է նրա ակտիվությունը սկսվում է արեւի առաջին իսկ շողերից եւ շարունակվում է մինչեւ ուշ երեկո: Օրվա ընթացքում սնվում է տարբեր միջատներով եւ նրանց թրթուրներով որոնց գտնում է գետնի վրա:


Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ։ Շատ ժամանակ անցկացնելով հողի վրա` նա կարողանում է բավականին արագ տեղաշարժվել գետնի վրայով, իսկ անսպասելի վտանգի դեպքում, երբ փրկվելու հնարավորությունը աննշան է, հպվում է գետնին, տարածում է պոչն ու թեւերը եւ թեթեւակիորեն բարձրացնում կտուցը: Հոպոպի թռիչքը նման է թիթեռի թռիչքին, այնուհանդերձ, հոպոպը կարողանում է բավականին լավ մանեւրել, եւ գիշատիչներին հազվադեպ է հաջողվում որսալ նրան օդում:

Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով պատված բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ մարգագետինները կամ արոտավայրերն են, սակայն մեծ քանակությամբ տարածված է նաեւ այգիներում, պուրակներում, մրգատու այգիներում։ Նաեւ հանդիպում է բնակելի տարածքների մոտ: Բնադրում է ծառերի փչակներում, պատերի ճեղքերում, քարակույտերում:


Թխսակալման եւ ձագերին կերակրելու ընթացքում հասուն առանձնյակների եւ ձագերի մոտ պաշտպանության համար արտադրվում է հատուկ յուղանման հեղուկ, որն արձակվում է պոչուկային գեղձից եւ ունի սուր, տհաճ հոտ: Յուղանման այդ հեղուկը նրանք արձակում են նաեւ թշնամու ուղղությամբ, երբ վերջինս փորձում է ստուգել  արդյոք ծառի փչակը բնակեցված է Հոպոպի կողմից, թե ոչ: Հոպոպի բնի շրջակայքում միշտ առկա է այդ տհաճ հոտը, ինչն էլ նրան օգնում է պաշտպանվել որոշ գիշատիչներից: Հոպոպը վերադառնում է Հայաստան մարտ- ապրիլ ամիսներին: Վերադառնալուն պես արուները զբաղեցնում են բազմացման համար իրենց կողմից ընտրված տարածքը եւ ցուցաբերում են ակտիվ վարք`արձակում են բարձր, երբեմն էլ խուլ կրկնվող ձայներ, փորձելով գրավել էգերի ուշադրությունը: Հանդիպում են դեպքեր, երբ միեւնույն տարածքը մի քանի տարի անընդմեջ օգտագործվում է նրանց կողմից: Որպես կանոն երկու զույգերի հարեւանության ժամանակ արուների միջեւ բնակավայրի սահմանային հատվածում տեղի են ունենում կռիվներ, այդ իսկ պատճառով երկու զույգի նույն տարածքում շատ հազվադեպ կարելի է հանդիպել:


«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սեւեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Ողջ տարվա ընթացքում անց են կացվելու հանդիպումներ դպրոցականների հետ, ներդպրոցական մրցույթներ, ինչպես նաեւ կտարածվեն տպագրանյութեր, ինչպիսիք են թերթոններ, կպչուն զարդապատկերներ, օրացույցներ այս թռչնատեսակը առավել ճանաչելի դարձնելու նպատակով:


Հետաքրքիր է նաեւ իմանալ, որ`

• Հոպոպն ունի խուլ ձայն, որը գարնանը եւ ամռանը նա կրկնում է րոպեում 30 անգամ:

• Հոպոպին հեշտ է ճանաչել թռիչքի ընթացքում քանի որ նրա թռիչքը նման է թիթեռի թռիչքին:

• Սնվում է մինչեւ 10սմ երկարություն ունեցող թրթուրներով, ինչպես նաեւ այնպիսի տեսակներով, որոնց մարդիկ համարում են գյուղատնտեսության եւ անտառային կուլտուրաների վնասատուներ:

• Թխսում է միայն էգը, իսկ արուն զբաղվում է կերի որոնմամբ:

• Գլխի վրա ունենալով հատուկ մկաններ` կարողանում է բացել կտուցը հողի մեջ:

• Հին Եգիպտոսում Հոպոպը համարվել է Սուրբ թռչուն, պատկերված է եղել բուրգերի ու տաճարների պատերին, հիշատակվել է նաեւ Աստվածաշնչի ու Ղուրանի մեջ:

• Իր կանչի շնորհիվ «ուպ-ուպ-ուպ» Հոպոպը ստացել է իր անվանունը տարբեր լեզուներում:

• Կյանքի միջին տեւողությունը նրանց մոտ կազմում է 10 տարի:


 Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը ուրախ է հայտարարելու 2014-ի «Տարվա Թռչնին»:

Նույն շարքից