Հայաստան Քաղաքականություն 

«Ոչ»-ի կողմից ավելի հիմնավոր փաստարկներ են բերվում․ Լարիսա Ալավերդյան

analitik.am

Մենք արդեն 20 տարի է՝ սահմանադրական գործընթացների մեջ ենք․ Սահմանադրություն ենք մշակում, ընդունում ենք, փոփոխում, բայց հասարակության ու իշխանության միջև այդպես էլ չի ստեղծվում վստահության անհրաժեշտ մթնոլորտը։ Խնդիրն առկա է նաև այսօր, ու խնդիրը հենց սահմանադրականության բացակայությն մեջ է, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրությունն ինքնին բարդ բնույթի փաստաթուղթ է, մերժելի է այն տեսակետը, որ դա լոկ իրավական կամ իրավաբանական փաստաթուղթ է:

«Հակառակը՝ իրավական, քաղաքական, հասարակական մի բարդ կատեգորիա է, և ի վերջո դա ոչ միայն այն է, ինչ գրվում է փաստաթղթի մեջ, այլ այն, ինչ ընկալվում է և հետագայում իրականացվում»,- նկատեց տիկին Ալավերդյանը։

Նրա կարծիքով՝ «այո»-ի քարոզարշավն ավելի պատրաստված է, քանի որ իշխանության կողմից է․ «Գիտեք, մենք պետք է հստակեցնենք, որ իշխանությունը շատ ավելի մեծ ռեսուրս ունի կազմակերպվածության։ Եթե վերջին 8 ամիսների կտրվածքով դիտարկենք, ապա այդ գործընթացներում բավական նվազեցին «ոչ»-ի կողմնակիցների շարքերը։ Գոնե նրանք, ովքեր տարբեր տարիներին ընտրակեղծիքների զոհ են դարձել, պետք է այստեղ միավորվեին։ Դա չարվեց։ Այս առումով արդեն նշանակում է, որ «ոչ»-ի կողմը դեռ բավական անելիք ունի, և ես կարծում եմ, որ «ոչ»-ն այս պահին ավելի քիչ հասանելի է։ Նրանց մնում է շատ մանրակրկիտ աշխատանք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, խմբեր առ խմբեր»,- ընդգծեց նա։

Բովանդակային առումով՝ «այո»-ի կողմնակիցների փաստարկները հիմնականում կաշխատեին տեսական դաշտում՝ համոզված է Լարիսա Ալավերդյանը, բայց նրա կարծիքով՝ «ոչ»-ի կողմից ավելի հիմնավոր փաստարկներ են բերվում, մասնավորապես՝ մարդու սոցիալական իրավունքների ավելի ցածր պաշտպավածության աստիճանը Սահմանադրության այս նախագծով:

«Մի փաստարկ էլ կա, որը վերին աստիճանի հիմնավոր է․անցնել այն ընտրական համակարգին, որն առաջարկվում է նոր Սահմանադրությամբ՝ առանց նախօրոք ու պատշաճ քննարկման, քաղաքական այն դաշտում, այն վիճակում, որում մենք հիմա գտնվում ենք, վերին աստիճանի ռիսկային է։ Այսինքն՝ խոսքը պառլամենտական համակարգը լրիվ մերժելու մասին չէ, այլ սպասվող այն օրենսդրական փոփոխությունների մասին է, որոնց դեմ լինելով՝ «ոչ»-ն ավելի հիմնավոր է»,- ավելացրեց նա։

Նույն շարքից