Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ․ Համո Սահյան

analitik.am

ՀԻՄԱ ԴԱՌՆԱՄ ԱՍԵՄ

Հազար անգամ ապրել ու մեռել եմ,
Խռովել եմ, հաշտվել ու ներել եմ,
Չափել եմ բարձունքներն ու վիհերը,
Եվ ատելն եմ փորձել, և սիրելը։
Բաժանել եմ, բաշխել և առել եմ,
Ուր որ պետք է եղել, համառել եմ...
Եվ հանել են նեղից, և նեղել են,
Անթեղել են, հետո ինձ պեղել են։
Հազար անգամ ընկել, բարձրացել եմ,
Ու վերջապես մի բան հասկացել եմ։
Հիմա դառնամ ասեմ կյանք եղբորս,
Ապա դառնամ ասեմ մահ եղբորս.
— Թող որ վկա լինեն այս լեռները,
Ոչ ապրելն էր մի բան, ոչ մեռնելը։

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԻՆՁՆԻՑ

Ի՞նչ է ուզում ինձնից
Այս կատաղած քամին,
Այս ծաղրածու քամին,
Լարախաղաց քամին,
Մի մեծ, մի լավ աշուն
Տարած-թաղած քամին։
Թող գա, այգուս խշշան
Խաշամն առնի գնա,
Փռչակալած, փոշոտ,
Փշաքաղված քամին։
Ի՞նչ է ուզում ինձնից
Թոկից փախած քամին,
Հազար անտառ, հազար
Ձոր հաճախած քամին,
Մի եղյամոտ աշուն
Պոչից կախած քամին։
Իմ տան քիվի վրա
Թողած-փախած հավքի
Մի փետուր է մնում,
Թող գա առնի գնա,
Ախ, այս նախանձ քամին,
Խիղճը ծախած քամին։

ԱՍԱ, Ո՞ԻՐ ԳՆԱՄ

Մեկով հիացա, մեկից խոցվեցի,
Այնքան փորձեցի, այնքան փորձվեցի,
Բայց էությունս, ավաղ, մինչև վերջ
Բաշխել, բաժանել չկարողացա,
Չիրագործվեցի...
Ժամանակ, ինչպե՞ս այս հոգսը տանեմ,
Ասա, ո՞ւր գնամ, ո՞ւմ գանգատ անեմ։

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

...ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ

...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու`
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

Նույն շարքից