Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ․ Իտալո Կալվինո․ Ամուսինները

analitik.am

Բանվոր Արտուրո Մասոլարին աշխատում էր գիշերային հերթափոխում, որն ավարտվում էր առավոտյան ժամը վեցին։ Դեպի տուն վերադարձի երկար ճանապարհը լավ եղանակին անցնում էր հեծանվով, իսկ անձրևոտ ու ձմռան ցուրտ օրերին՝ տրամվայով։ Տուն էր հասնում ժամը յոթին տասնհինգ պակասից յոթն ընկած ժամանակահատվածում, որը երբեմն նախորդում կամ հաջորդում էր կնոջ՝ Էլիդեի զարթուցչի զնգալուն։ Հաճախ զարթուցչի զնգոցն ու տուն մտնող ամուսնու քայլերի աղմուկը Էլիդեի գլխում միաժամանակ էին հնչում`գտնելով նրան առավոտյան այդ խոր ու անուշ քնի մեջ, որից, ամեն գնով փորձում էր ևս մի քանի վայրկյան կառչել՝ երեսը բարձի մեջ խրած։ Հետո մարմինը դժվարությամբ բարձրացնում էր ու նստում մահճակալի վրա, աչքերը փակ, մազերն աչքերին ընկած՝ ձեռքը մտցնում էր խալաթի թևքի մեջ։ Այդպես գնում էր խոհանոց, ուր Արտուրոն արդեն պայուսակից հանում էր իր հետ աշխատանքի տարած դատարկ տարաները՝ թերմոս, սննդի ափսե ու դնում էր լվացարանի մեջ։ Արդեն հասցրել էր ջեռոցը վառել ու սուրճը վրան դնել։ Հենց Արտուրոն նայում էր Էլիդեին, վերջինս շտապում էր ձեռքն անց կացնել մազերի միջով, լայն բացել աչքերը՝ կարծես ամաչելով, որ թափթփված տունն ու իր կիսաքնած դեմքը ամուսնու տեսած առաջին պատկերն էր ամեն առավոտ։ Այլ բան էր, երբ նրանք միասին էին քնում, առավոտյան երկուսն էլ արթնանում էին նույն քնից, երկուսն էլ նույն տեսքն էին ունենում։ Երբեմն պատահում էր, որ ամուսինն էր մտնում ննջասենյակ՝ մի բաժակ սուրճով կնոջն արթնացնելու։ Այս դեպքում ևս ամեն ինչ ավելի բնական էր․ քնի ճիրաններից դուրս պրծնելու ծամածռությունը մի տեսակ ծույլ քնքշություն էր հաղորդում էլիդեին, և ձգվելու համար վեր բարձրացող մերկ ձեռքերը վերջում փարվում էին ամուսնու պարանոցին։ Նրանք գրկախառնվում էին։ Արտուրոյի հագին անձրևանոց-բաճկոն էր, որի խոնավության ու սառնության աստիճանից Էլիդեն կարող էր հասկանալ ինչ եղանակ է՝ անձրև է, մառախուղ է թե ձյուն ։ Բայց միևնույնն է հարցնում էր.
– Ի՞նչ եղանակ է։
Իսկ ամուսինը իր սովորական կիսահեգնական մռթմռթոցով, օրվա վերջից սկսելով, պատմում էր հանդիպած անախորժությունների, իր հեծանվի, փոփոխվող եղանակի, աշխատանքի, բաժանմունքում պտտվող բամբասանքների մասին։
Այդ ժամին տունն այդքան էլ տաք չէր լինում, բայց միևնույնն է Էլիդեն ամբողջովին մերկանում էր, մի քիչ դողդողալով, լվացվում էր լողասենյակում։ Նրա ետևից հապաղելով գալիս էր ամուսինը, հանում էր հագուստը, լվացվում էր՝ վրայից քիչ-քիչ մաքրելով գործարանի փոշին ու յուղը։ Այսպես երկուսով մերկ և իրար հպված կանգնած էին նույն լվացարանի առջև, երբեմն-երբեմն հրում էիր իրար, ձեռքից ձեռք խլում օճառը, ատամի մածուկը և շարունակում պատմել այն, ինչ ունեին դեռ իրար ասելու։ Գալիս էր մտերմության պահը, նրանք գրկախառնվում էին , օգնում  միմյանց մեջքին օճառ քսել, հետո կրկին գրկում իրար։ Բայց հանկարծ Էլիդեն բացականչում էր․
– Աստված իմ, ժամը քանի՞սն եղավ։
Եվ վազում էր ննջասենյակ, ոտքի վրա արագ-արագ հագնում էր զուգագուլպաները, կիսաշրջազգեստը ու, մազակալները ատամներով պահած, դեմքը կոմոդի հայելուն մոտեցնելով, սանրում էր մազերը։ Արտուրոն գալիս էր, կանգնում նրա հետում, վառում էր ծխախոտը, ոտքի վրա ծխելով, նայում էր նրան ու ամեն անգամ սրտնեղում, որ այդպես պետք է կանգնի ու ոչինչ չկարողանա անել։ Էլիդեն արդեն պատրաստ էր, միջանցքում հագնում էր վերարկուն, համբուրում էին իրար, բացում էր դուռը և լսվում էր, թե ինչպես էր նա վազում աստիճաններով։
Արտուրոն մենակ էր մնում։ Հետևում աստիճաններով իջնող Էլիդեի կրունկների աղմուկը, հետո, երբ այլևս չէր լսվում, մտքով էր հետևում բակում, դարպասի մոտ, մայթին և մինչև կանգառ արագ վազող այդ կըտկըտոցը։ Տրամվայի ձայնն արդեն լավ էր լսվում՝ կանգ առնելու ճռռոցը, դռան փեղկերի բացվելը։ «Ըհը, բարձրացավ»,- մտածում էր նա և պատկերացնում կնոջն ամեն օր գործարան տանող տասնմեկ համարի տրամվայում բանվորների ու բանվորուհիների ամբոխում կանգնած։ Այնուհետև հանգցնում էր ծխուկը, փակում էր պատուհանափեղկերը, մթության մեջ մտնում էր անկողին։ Անկողինն այնպես էր, ինչպես Էլիդեն էր թողել արթնանալուց հետո, բայց Արտուրոյի կողմը գրեթե ձեռք տված չէր, ճիշտ այնպես էր, ինչպես հավաքել էր արթնանալուց հետո։ Պառկում էր իր կողմում, բայց հետո ոտքը երկարացնում էր դեպի մյուս կողմը, ուր դեռ մնացել էր կնոջ ջերմությունը և այսպես քիչ-քիչ տեղափոխվում էր Էլիդեի կողմը՝ ջերմության այդ օրրանը, որը դեռ պահպանում էր վերջինիս մարմինի ձևը։ Դեմքը ընկղմում էր բարձի մեջ ու քնում կնոջ բույրի ներքո։ Երեկոյան, երբ էլիդեն վերադառնում էր, Արտուրոն արդեն արթնացած էր լինում, պտտվում էր տան մեջ։ Արդեն միացրել էր ջեռոցը, մի բան էր դրել եփելու։ Գործեր կային, որ ամուսինն էր անում ընթրիքից առաջ, ինչպես օրինակ անկողինը հավաքելը, հատակը մի քիչ ավլելը, լվալու ենթակա հագուստը լողասենյակ տանելը։ Երբ էլիդեն վերադառնում էր տուն, նկատում էր, որ Արտուրոն ամեն ինչ վատ է արել։ Բայց վերջինս այդ գործերն անելու համար առանձնակի մի ջանք չէր թափում․ դա պարզապես կնոջ վերադարձին սպասելու ծեսն էր։
Մինչ դրսում նոր-նոր վառում էին լույսերը, Էլիդեն անցնում էր այն թաղամասերի խանութների մոտով, ուր անգամ այդ ժամին մեծ եռուզեռ էր, ուր այդքան կանայք իրենց երեկոյան գնումներն էին կատարում։
Վերջապես մուտքի աստիճանահարթակում լսվում էին նրա ոտնաձայները, ոըոնք տարբերվում էին առավոտվա ոտնաձայներից։ Այժմ նրանք ավելի ծանրացած էին, որովհետև էլիդեն աշխատանքային օրվանից հոգնած և գնումներով ծանրաբեռնված էր բարձրանում։ Արտուրոն դուրս էր գալիս բնականարից, գնում էլիդեին օգնելու: Ձեռքից վերցնում էր գնումներով լի տոպրակը, և նրանք զրուցելով մտնում էին տուն։ Էլիդեն առանց վերարկուն հանելու նետվում էր խոհանոցի աթոռի վրա, այս ընթացքում ամուսինը տոպրակից հանում էր գնումները։ Հետո Էլիդեն ասում էր «Վե՛րջ, վե՛ր կացանք» ու հանում էր վերարկուն, հագնում տան շորերը։ Այնուհետև երկուսով սկսում էին պատրաստել երկուսի համար ընթրիք, ինչպես նաև գործարանում ընդմիջմանը ուտելու մի փոքր բան Արտուրոյի համար, մի բան էլ էլիդեի համար գործարանում նախաճաշելու համար և, իհարկե, Արտուրոյի համար ևս մի փոքր նախաճաշ հաջորդ առավոտյան ուտելու համար։ Էլիդեն մի քիչ պատրաստում էր, մի քիչ նստում էր ծղոտե աթոռին և թելադրում ամուսնուն, թե ինչ պետք է աներ։ Ամուսինն ընդհակառակը այդ ժամերին հանգստացած էր, օգնում էր Էլիդեին, նույնիսկ ուզում էր ամեն ինչ ինքն աներ, բայց միշտ այնքան ցրված էր, միտքը միշտ այլ տեղում էր։ Այդ պահերին պատահում էր, որ նրանք իրար վիրավորում էին, կոպիտ բառեր ասում, որովհետև Էլիդեն ուզում էր, որ ամուսին ավելի ուշադիր լինի մի բան անելիս, ավելի շատ ջանք թափի կամ իրեն ավելի մոտ լինի, ավելի կպած լինի, ավելի շատ մխիթարի։ Մինչդեռ Արտուրոն, երբ անցնում էր կնոջ վերադարձի առաջին ոգևորությունը, արդեն մտքով տանից դուրս էր եկել, մտածում էր միայն ամեն ինչ արագ վերջացնելու ու տնից դուրս գալու մասին։ Սեղանը գցելուց, ամեն ինչ ձեռքի տակ դնելուց հետո, որպեսզի ստիպված չլինեն տեղից վեր կենալ, գալիս էր բողոքի պահը, երբ երկուսն էլ դժգոհում էին, որ միասին լինելու այդքա՜ն քիչ ժամանակ ունեին և այնքան էին ուզում միասին լինել, իրար ձեռք բռնել, չէին կարողանում անգամ ձեռքը բաց թողնել և գդալը բերանը տանել։ Սուրճը մինչև վերջ չխմած՝ Արտուրոն արդեն հեծանվի հետևում կանգնած էր և ստուգում էր արդյոք ամեն ինչ կարգին է։ Նրանք գրկում էին միմյանց։ Այնպիսի տպավորություն էր, որ ամեն անգամ Արտուրոն այդ պահին էր բացահայտում, թե որքան փափուկ և տաք էր իր կինը։ Այնուամենայնիվ պոկվում էր նրանից, ուսին էր դնում հեծանիվը և զգույշ իջնում էր աստիճաններով։ էլիդեն լվանում էր ափսեները, վերանայում էր տան ամեն անկյուն, ստուգում ամուսնու արած գործերը՝ գլուխը օրորելով։ Իսկ ճիշտ այդ պահին Արտուրոն անցնում էր հատուկենտ վառված լապտերներով լուսավորված փողոցներով, հավանաբար արդեն անցել էր գազալցակայանը։ Այդ ժամանակ էլիդեն պառկում էր, անջատում էր լույսը։ Անկողնու իր կողմում պառկած՝ ոտքը երկարացնում էր դեպի ամուսնու կողմը նրա ջերմությունը փնտրելու համար, բայց ամեն անգամ հասկանում էր, որ իր պառկած մասում ավելի տաք է, ինչն էլ նշանակում էր, որ Արտուրոն էլ է իր մասում քնել։ Եվ այդ մտքից էլլիդեին համակում էր անսահման ջերմության զգացումը։

Ամուսինների արկածները, Պատմվածքեր ժողովածուից, էնաուսի, Թուրին 1976

Իտալերենից թարգմանությունը՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի

Սկզբնաղբյուր՝ granish.org

Նույն շարքից