Գլխավոր Հասարակություն Հարցազրույց 

ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների ներմուծման կարգը. Պարզաբանում է փորձագետը

analitik.am

Վերջին քառօրյայի ընթացքում Ազգային ժողովը քննարկեց և ընդունեց օրենք, որի համաձայն ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների համար մեր քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի ավելացված արժեքի հարկ վճարել:

Սակայն այս հարցում կարծես թե ամեն ինչ չէ, որ հարթ է: Ինչպե՞ս էր ամեն ինչ մինչ օրենքի ընդունումը, , ինչպե՞ս է լինելու օրենքից հետո: Այս և թեմային վերաբերող մի շարք այլ հարցերի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, կարծես թե ավտոներկրողների համար լավ օրենք է ընդունվել, թե՞ սա միայն առաջին հայացքից է: Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս էր ամեն ինչ օրենքն ընդունելուց առաջ և ինչպե՞ս է լինելու օրենքից հետո:

-Մինչև օրենքի ընդունումը, եթե դու ԵՏՄ երկրներից ավտոմեքենա էիր ներկրում, վճարում էիր այստեղ որոշվող մաքսային գնի 20 տոկոսը (ավելացված արժեքի հարկ) գումարած բնապահպանության տուրք: Մինչև 5 տարեկան մեքենաների համար բնապահպանության տուրք չէր վճարվում, իսկ դրանից մեծ մեքենաների համար ամեն տարվա համար վճարվում էր մաքսային գնի 2 տոկոսը, նույն կերպ նաև, օրինակ, Վրաստանի դեպքում էր: Իսկ օրենքն ընդունելուց հետո ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորությունից ներկրողն ազատվում է և պետք է վճարի միայն բնապահպանության տուրք՝ 2 տոկոս ամեն տարվա համար, եթե մեքենան 5 տարեկանից մեծ է: Այսինքն ստացվում է, որ մինչև 5 տարեկան մեքենա ներկրելու դեպքում ազատվում ես վճարումներ կատարելուց:

-Իսկ ինչի՞ց եք Դուք դժգոհ, ի՞նչը ավտոմեքենա ներկրողին չի գոհացնում: 

-Նախ ասեմ, որ ավտոմեքենան ԵՏՄ տարածքից ներկրելու դեպքում մինչև հաջորդ ամսվա 20-ը պետք է մաքսազերծել այն: Իսկ խնդիրը հետևյալում է. Մենք ունենք քաղաքացիներ, ովքեր անցած ամիս են մեքենաներ ներկրել Հայաստան և մինչև մարտի 20-ը պետք է մաքսազերծեն դրանք: Հիմա նրանցից պահանջում են և բնապահպանության տուրք, և ավելացված արժեքի հարկ, բայց չէ՞ որ օրենքն արդեն ԱԺ-ում ընդունվել է: Այդ մարդիկ, որոնց թիվը չի գերազանցում 40-ը, պահանջում են ազատել իրենց ԱԱՀ-ից:

-Դուք երեկ բողոքի ակցիա էիք անցկացնում, ո՞վ էր հասցեատերը:

-Հասցեատերը կառավարությունն էր, որից աջակցություն ենք խնդրում, որպեսզի փետրվարին ներկրված մեքենաների համար ևս քաղաքացիներին ազատեն ԱԱՀ վճարելուց: Մենք գրությունը հանձնել ենք ընդհանուր բաժին և սպասում ենք պատասխանին:
-Տեսեք, մենք արդեն ավելի քան 1 տարի է ԵՏՄ անդամ ենք, բայց միայն նոր է օրենքում փոփոխություն կատարվում, որով ԵՏՄ-ից ավտոմեքենա ներկրելու համար ԱԱՀ չի վճարվելու:

-Շատերը կարծում են, որ 2015 թվականի ընթացքում վճարված ԱԱՀ-ն պետք է ետ վերադարձվի: Ինչպիսի՞ մոտեցում ունի այս հարցի վերաբերյալ Ձեր կազմակերպությունը:

-Մենք լսել ենք, որ դա ապօրինի գանձում է եղել: Ես մեր միության անունից հայտարարել եմ, որ դա առանձին մարդկանց խնդիրն է, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ կարող է դատարան դիմել ու լուծել հարցը, իսկ իմ փայը թողնում եմ բանակին, քանի որ մենք պատերազմող պետություն ենք, ես իմ փայ փողը չեմ վերցնում:

-Պարոն Հովհաննիսյան, կարծես թե խորհրդարանում էլ են հնչում տեսակետեր, որ արդեն գանձված ավելացված արժեքի հարկը պետք է վերադարձվի:

-Նախ ասեմ հետևյալը՝ կարծում եմ, որ մեր բողոքի հասցեատերն Ազգային Ժողովն է, որտեղ շատ են սիրում պոպուլիստական հայտարարություններ անել: Եթե խմբակցությունը երեք հատ ձայն ունի, ինչ ասես կարող է ասել, կամ Վարդան Այվազյանն այնտեղ խոսում է, բայց ինձ հետ բանավիճել չի ցանկանում, փորձագետներ է ուղարկում: Իսկ ընդդիմադիրները պոպուլիստական հայտարարություններ անելու փոխարեն թող գնային գոնե մի քաղաքացու համար պայքարեին, թող գնային դատարան այդ քաղաքացու հետ հարցը լուծեին: Թե չէ երեկ դիմադիր, էսօր՝ ընդդիմադիր «Օրինաց երկիրը, որը դարձել է Հայկական վերածնունդ, եկել ասում է մարդկանց փողերը պետք է վերադարձնել, տենց ես էլ կարող եմ ասել:

Ես նաև վրդովված եմ, քանի որ մեկ մարդուն մեկ տարվա մեջ մեկ անգամ են թույլ տալիս մեքենա ներկրել: Անում են այնպես, որ մենք սրա-նրա անձնագրերով մեքենաներ ներկրենք: Հակառակ դեպքում օրինական կարգով ամեն ինչ անելու համար ձեռներեցը կրկին պետք է վճարի 20 տոկոս ԱԱՀ և բնապահպանական տուրք:
Կապ չունի, թե ինչ արեցին էտ փորձագետները, նրանց գնահատականը մեր կողմից զրո է:

Նույն շարքից