Գլխավոր Հարցազրույց Ռազմական 

Արցախի բանակը կռվում է նաև Ադրբեջանի բնիկ ժողովրդներին ազատագրելու համար.Լևոն Շիրինյան

analitik.am

ԼՂՀ հակամարտության սրացման հետ կապված Analitik.am-ը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ.

-Պարոն Շիրինյան, սահմանին հակամարտության սրացումն անսպասելի՞ էր:

-Կարծում եմ` ոչ...Պետք չէ մոռանալ ՀՀ Պաշտպանության  նախարարի այն հայտարարությունները, որ մեր բանակը պատրաստ է և պատրաստվում է պատերազմի, այնպես որ ոչ մի հանկարծակի բան չկար այս սրացման մեջ: Ամեն դեպքում, կարող ենք փաստել, որ  մեր բանակը արժանի հակահարված հասցրեց հակառակորդին՝ ձախողելով վերջինիս «բլից-կրիկ»-ը և ապացուցելով,  որ հայկական բանակը պատրաստ է: Իսկ մեր դիրքերը վերականգնելուց հետո պետք է առաջ գնալ,  ազատագրել Մարտակերտի և  Շահումյանի օկուպացված շրջանները:

-Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ԱՄՆ-ում գտնվելը կապ ունե՞ր այս գործողությունների հետ:

-Վստահաբար կարող եմ ասել, որ Ալիևը նախապատրաստված է գնացել ԱՄՆ:  Այս փաստը ռուսամոլներին առիթ է տալիս գործը Վաշինգտոն քշել, իսկ արևմտամոլներն էլ ասում են, թե Ռուսաստանն է խանգարել: Եթե այս երկու կողմերին հանենք, կմնա Հայաստանը՝  իր ազգային շահերով, խնդիրներով և  հակամարտություն, որը լուծված չէ ու կարող է ամեն անգամ պայթել:

Սա աշխարհակարգի փոփոխության ընթացք է, աշխարհը մտել է դժվար կառավարելի մի շրջան: Հայաստանում դա արտահայտվեց թուրքական և ադրբեջանական նկրտումների  տեսքով: Տեսեք, Թուրքիան ցանկանում է բևեռ դառնալ, սակայն սիրիական զարգացումները ցույց տվեցին, որ դա  Ռուսաստանի սրտով չէ,  դրա համար էլ ռուսները Սիրիայում կտրեցին Թուրքիայի թաթը  և շպրտեցին մի կողմ: Դրանից հետո թուրքերի համար առաջացել է մի խնդիր՝ Բաքվի հետ պայմանավորվելով ու ղարաբաղյան հակամարտությունը թեժացնելով՝ Ռուսաստանի ուշադրությունը տեղափոխել այս դաշտ, Մոսկվային դուրս բերել Մերձավոր Արևելքից  և  այնտեղ վերադարձնել թուրքական նախկին ազդեցությունը:  Ռուսաստանը, անկախ իր կամքից, ներքաշվելու է խնդրի մեջ, իսկ  Դոնբասի, Ղրիմի և Արցախի խնդիրներով զբաղված Ռուսաստանը բնականաբար պետք է որ դուրս գա Սիրիայից:

-Հայաստանն ի՞նչ է պետք է անի այստեղ այդ դեպքում:

Մենք պետք է ակտիվացնենք ռուսների հետ քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում մեր համագործակցությունը: Պետք է ռուսներին բացատրել, որ բալանսը փոխվում է, իսկ Մոսկվան մեր դաշնակիցն է, հետևաբար պետք է թողնի երրորդ միջնորդի  չեզոք դիրքը: Ռուսաստանը պետք է հրաժարվի ժամանակին Չիչերինի կողմից Լենինին առաջարկած օբյեկտիվ երրորդի դերից և կանգնի Հայաստանի շահերի պաշտպանության կողմը:

Այսօր քննարկումներն անիմաստ են, բանակն ունի մեկ խնդիր՝ ոչնչացնել թշնամուն, որպեսզի բանակցություններում ունենանք լավ դիրք, իսկ այս դրամատիկ իրադարձությունների  արդյունքում  ծնվում է Քուր-Արաքսյան պետությունը:

-Հակամարտության նման սրացումը չի հանգեցնի՞ տարածաշրջանի ապակայունացմանը:

-Եթե մեր վիճակը վատանա, մենք պետք է տարածաշրջանում ապակայունացում առաջացնենք: Ամեն դեպքում, կարծում եմ` մեր բանակը ադրբեջանցիների հարցերը կլուծի, իսկ դիվանագետներին պետք է հիշեցնել, որ հայը կարող է լավ դիվանագետ լինել: Բավական է խոսել միայն հայ վաճառականների մասին, որոնց մասին գրել է նույնսիկ  Կանտը՝ նշելով, որ  աշխարհում ամենաազնիվ առևտուրը հայն էր անում: Իսկ այսօրվա առևտուրը պետք է մեր դիվանագետներն անեն՝ պաշտպանելով Հայաստանի շահերը:

-Իսկ միջազգային հանրության ու վերազգային կառույցների դերը ո՞րն է լինելու:

-Միջազգային հանրությունը լավ ախորժակ ունի: Այդ հանրությունը սիրում է ուժեղներին, իսկ թույլերին արհամարում է:  Մենք պարտվելու իրավունք չունենք, սա մահվան և կյանքի կռիվ է: Արդեն խոսեցի այն մասին, որ հայկական կողմը տապալել է ադրբեջանական «բլից կրիկը»: Հիմա մեր բանակը չպետք է լսի այլոց ու պետք է առաջ գնա, անհրաժետ է այնպես անել, որ Ադրբեջան պետությունը դադարի գոյություն ունենալ: Այն բռնապետություն է բնիկ ժողովրդների՝ լեզգիների, թալիշների, ցախուրների գլխին: Վերջիններիս պետք է հասկացնել, որ անհրաժեշտ է ապստամբել և չկրակել բնական դաշնակից հայ զինվորի վրա: Նրանք պետք է հասկանան, որ ապագա չեն ունենա, եթե խելքի չգան: Ադրբեջանը եկվորների կողմից ստեղծված պետություն է, իսկ նշված ազգերը բնիկներ են, որոնց դաշնակիցն Արցախն է: Նրանց պետք է համոզենք, որ Արցախի բանակը կռվում է Ադրբեջանի բնիկ  ժողովրդներին ազատագրելու  համար:

Նույն շարքից