Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Մենք պետք է պատրաստ լինենք մարտական գործողությունների շարունակվելուն.Սերգեյ Մինասյան

analitik.am

Մենք ի՞նչ գիտենք երկու օր առաջ հաստատված հրադադարի մասին, ի՞նչ է լինելու հետո և ինչի՞ պետք է պատրաստ լինենք: Այս հարցերի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ.

-Պարոն Մինասյան, փաստորեն ապրիլի 5-ի կեսօրից  ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրադադար է հաստատվել: Մենք ի՞նչ գիտենք այդ հրադադարի մասին և ի՞նչ է լինելու հետո:

-Մենք ունենք  ռուսական կողմի միջոնդրությամբ հաստատված հրադադար, որը փաստաթղթային առումով ամրագրված չէ և դեռ հայտնի չէ, թե ինչ կլինի հետո: Նախատեսվում է, որ հարցում հստակություն կմտցվի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների Երևան և Բաքու այցելելուց հետո: Միայն այդ այցերից հետո պարզ կլինի՝ հրադադարը կշարունակվի, թե՝ կրկին մարտական գործողություններ կսկսվեն: Չեմ կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն, դա կախված է բանակցությունների ընթացքից և դրանց արդյունքներից:

-Վերադառնանք անցած մի քանի օրերի զարգացումներին: Տեսեք, չնայած կարճ ժամանակահատվածին,  հակառաորդը հասցրեց ամբողջ աշխարհին ցույց տալ իր իրական դեմքը՝ անմարդկային վայրագություններ թույլ տալով ինչպես մեր զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ: Հնարավո՞ր է այդյոք ինչ-որ կերպ միջազգային ատյաններում գործեր հարուցել և պատասխանատվության ենթարկել թշնամուն ռազմական հանցագործությունների համար:

-Ես վստահ եմ, որ հարցը պետք է լուծել մարտի դաշտում: Այսինքն՝ այն, ինչը տեղի է ունենում կամ շարունակվելու է, լինելու է հենց մարտի դաշտում, այլ ոչ թե մի քանի մայրաքաղաքներում: Իհարկե դա հոգեբանորեն կարող է ազդել հասարակության վրա, սակայն որևէ լուրջ նշանակություն չունի: Բանն այն է, որ ոչ մենք ադրբեջանցիներին բացատրելու բան ունենք, ոչ էլ իրենք մեզ:

-Եթե խոսելու լինենք վերջին օրերի զարգացումների վերաբերյալ միջազգային արձագանքի մասինի՞նչ կասեք ՀԱՊԿ-ում մեր դաշնակից Բելոռուսի  պահվածքի, իսկ ավելի ուշ նաև Ուկրաինայի նախագահի վարքի մասին:

-Իրականում, երևի թե շատ զարմանալ պետք չէ, քանի որ բոլորն ունեն իրենց շահերը, որոնք ոչ միշտ են համընկնում Հայաստանի շահերի հետ: Կարծում եմ, որ Հայաստանում էլ շատերին չի հետաքրքրում, թե օրինակ ինչ է տեղի ունենում Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանում: Պետք չէ մոռանալ նաև Բելոռուսի և Ադրբեջանի լավ հարաբերությունների մասին: Իսկ ՀԱՊԿ-ի իմաստն այն է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է:

-Կարելի՞ է արդյոք ասել, որ նույնը վերաբերում է նաև ԵԽԽՎ-ի նախագահին, այսինքն՝ նրանք էլ իրենց շահերն ունեն:

-Եթե խոսելու լինենք այդ հայտարարությունների մասին, պետք է ասենք, որ դրանք միայն հայտարարություններ են և ոչ ավելին: Լուրջ դերակատարում կարող են ունենալ միայն Ռուսաստանը, որոշ չափով նաև Միացյալ Նահանգները և Թուրքիան: Իսկ հայտարարությունների դերակատարումը պետք չէ գերագնահատել:

-Իսկ ի՞նչ գիտենք Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպման մասին: Հնարավո՞ր է արդյոք, որ այդ հանդիպումը նպաստի հարցի վերջնական լուծմանը:

-Բնականաբար, այդ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կլինի: Սակայն հարցը վերջնական չի լուծվելու, քանի որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը և եթե թեկուզ մի մետր տարածք է վերցրել, փորձելու է դա շարունակել: Մենք պետք է պատրաստ լինենք մարտական գործողությունների շարունակվելուն: Պետք չէ բացառել նաև այն, որ ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերմունքը կողմերի նկատմամբ կփոխվի, քանի որ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները, ինչը կարող է հանգեցնել նրան, որ համանախագահներն, այսպես ասած, հայկական կողմին ավելի լավ աչքով նայեն:

-Ի՞նչ կասեք մեր տարածաշրջանում Իրանի դերակատարման մասին: Ինչպես երևում է՝ մեր հարևանը լրջորեն է տրամադրված և ցանկանում է լուրջ խաղացող դառնալ: Դա Հայաստանին ավելի շատ օգո՞ւտ է բերելու, թե...

-Բանն այն է, որ լեզվական, պատմական, մշակութային, կրոնական առումով Ադրբեջանն ավելի մոտ է Իրանին: Բայց քաղաքական առումով այս երկու երկրները խնդիրներ ունեն, ինչի համար էլ Իրանը փորձում է, այսպես ասած, պոզիտիվ չեզոքություն պահպանել:

Նույն շարքից