ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված հայկական պետությունը (Արցախը ներառյալ) մինչ օրս լիարժեք կերպով չի կայացել, ինչի պատճառով նրա կյանքի բոլոր ոլորտներում արատավոր շրջանի տրամաբանությամբ հաստատվել և հետզհետե խորանում է համակարգային ճգնաժամ, որը բնութագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով.
- ժողովրդի իշխանության և երկրի տնտեսության մենաշնորհացում, արդարության և իրավունքի ոտնահարում, համատարած կոռուպցիա, կառավարիչների բացասական ընտրազատում,
- պետական կառույցների (բացի բանակից) նենգափոխում, ինչպես նաև դրանց և քաղաքական վերնախավի ապազգայնացում ու կամազրկում,
- ընտրական մեխանիզմի վերածում կառավարող ռեժիմի լիակատար վերահսկողության տակ գտնվող ու նրա վերարտադրությունն ապահովող գործիքի,
- սոցիալական ծայրահեղ բևեռացում, բարոյահոգեբանական անկում, հասարակության ներքին պառակտում և տրոհում, կրթության, գիտության և մշակույթի հետընթաց, բնության գիշատչական սպառում,
- մարդաթափության չափերի հասնող պարտադրված արտագաղթ, որն ուղեկցվում է առաջին հերթին տղամարդկանց, որակյալ աշխատուժի և «ուղեղների» արտահոսքով ու բնակչության աճի դանդաղեցմամբ,
- վերագաղութացում (օտար ուժից քաղաքական և տնտեսական որոշումների կախվածության աստիճանի աճում) և Արցախի ու հայկական պետականության կորստի վտանգ,
- պատերազմի (այդ թվում՝ հիբրիդային) հավանականություն և դրանով պայմանավորված՝ հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման վտանգ:
Նման արտակարգ իրավիճակում, երբ ժողովրդի կամքը բռնադատված է, իսկ նրա իշխանությունը՝ յուրացված, հայությունը և նրա պետության քաղաքացիները կարող են իրենց կամքը դրսևորել բացառապես ռեժիմի և նրա օտար տերերի վերահսկողությանը ենթակա պետական կառավարման համակարգից դուրս ազգային ազատագրական պայքարի ձևաչափում ժողովրդավարական սկզբունքով քաղաքականապես կազմակերպվելու և համապատասխան արտակարգ քայլեր կատարելու միջոցով:
Այդ նպատակով Հիմնադիր խորհրդարանը՝ որպես ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող այլընտրանքային մարմին, այսօրվանից ստանձնում է ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի ստեղծման, ժողովրդավարական պետության ձևավորման, ՀՀ-ին Արցախի դե-յուրե միավորման և երկրի ապագաղութացման անցումային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը:
Նշված խնդիրների լուծման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար Հիմնադիր խորհրդարանը կազմակերպելու է ազատ և արդար արտահերթ ընտրություններ, ինչին պետք է նախորդի ռեժիմի հեռացումը և կարճաժամկետ անցումային փուլը: Հիմնադիր խորհրդարանը ռեժիմի հեռացումը նախատեսում է իր շուրջը համախմբված ժողովրդի՝ քաղաքացիական անհնազանդության ձևերով արտահայտվող կամքի պարտադրմամբ: Զուգահեռաբար՝ քաղաքացիների հետ անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով նա ձեռք է բերելու լեգիտիմություն և ապահովելու է պետության կառավարումը կարճաժամկետ անցումային փուլում:
Առաջիկա ամիսների ընթացքում Հիմնադիր խորհրդարանը հանդես է գալու որպես «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կառավարման մարմին և ռեժիմին հեռացնելու քայլերն սկսելու վերջնաժամկետ է հայտարարում Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ը:
Միևնույն ժամանակ՝ Հիմնադիր խորհրդարանն ամեն պահի պատրաստ է ազգի և պետության առջև ծառացած գոյութենական մարտահրավերների սրացման և անկառավարելիության վիճակ առաջանալու պարագայում ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը: