Բարի օր Մշակույթ 

Հովվի աղջիկը. Վիլյամ Սարոյան

analitik.am

Տատիս կարծիքով (ողորմի իրեն), բոլոր մարդիկ պետք է աշխատեն, և քիչ առաջ, երբ սեղան էինք նստել, նա ինձ ասաց.

— Դու պետք է մի կարգին գործ սովորես, պետք է սովորես կավից կամ փայտից, կամ մետաղից, կամ էլ գործվածքեղենից ինչ-որ մի բան, մարդկանց համար ինչ-որ մի օգտակար իր սարքել։ Որևէ ազնիվ արհեստից անտեղյակ լինելը վայել չէ երիտասարդ մարդուն։ Կարո՞ղ ես դու որևէ բան սարքել։ Կարո՞ղ ես մի հասարակ սեղան, մի աթոռ, մի սովորական ափսե, մի փոքրիկ գորգ, մի սրճաման սարքել։ Վերջապես, մի բան կարո՞ղ ես գլուխ բերել։

Եվ տատս զայրույթով նայեց ինձ։

— Ես գիտեմ,— ասաց նա,— համարվում է, որ դու գրող ես, և ես կարծում եմ, որ իրոք գրող ես։ Դու այնքան ես ծխում և ամբողջ տունն այնպես ես լցնում ծխով, որ, անշուշտ, ինչ ասես կարող ես լինել, բայց դու պետք է սովորես նյութական բաներ սարքել, այնպիսի բաներ, որ հնարավոր է օգտագործել, որ հնարավոր է տեսնել ու շոշափել։

— Կար չկար մի պարսիկ թագավոր կար,— ասաց տատս,— և նա մի որդի ուներ։ Այս տղան սիրահարվեց մի հովվի աղջկա։ Նա գնաց հոր մոտ և ասաց. «Տեր իմ, ես մի հովվի աղջկա եմ սիրում և կուզենայի, որ նա իմ կինը լիներ»։ Թագավորն ասաց, «Ես թագավոր եմ, դու իմ որդին, և երբ ես մեռնեմք դու կդառնաս թագավոր, իսկ թագավորին մի՞թե վայել է ամուսնանալ հովվի աղջկա հետ»։ Եվ թագավորի որդին ասաց. «Տեր իմ, ես չգիտեմ վայել է, թե ոչ, միայն գիտեմ, որ սիրում եմ այդ աղջկան, և կուզենայի, որ նա իմ թագուհին լիներ»։

Եվ թագավորը, տեսնելով, որ իր որդու սերն աղջկա նկատմամբ աստծուց է, ասաց. «Ես լուր կուղարկեմ աղջկան»։ Եվ նա իր մոտ մի սուրհանդակ կանչեց և ասաց նրան. «Գնա հովվի աղջկա մոտ և ասա` թագավորի որդին սիրում է քեզ և ուզում է, որ իր կինը դառնաս»։ Եվ սուրհանդակը գնաց աղջկա մոտ ու ասաց. «Թագավորի որդին սիրում է քեզ և ուզում է, որ իր կինը դառնաս»։ Եվ աղջիկն ասաց. «Իսկ նա ի՞նչ արհեստով է զբաղվում»։ Եվ սուրհանդակն ասաց. «Ինչպես թե, նա թագավորի որդի է, նա ոչ մի արհեստով չի զբաղվում»։ Եվ աղջիկն ասաց. «Նա պետք է որևէ արհեստ սովորի»։ Եվ սուրհանդակը վերադարձավ թագավորի մոտ և հովվի աղջկա ասած խոսքերը հաղորդեց նրան։

Եվ թագավորն ասաց իր որդուն. «Հովվի աղջիկը ցանկանում է, որ դու մի որևէ արհեստ սովորես։ Դու էլի՞ ես ուզում, որ նա քո կինը դառնա»։ Եվ որդին ասաց. «Այո, ես կսովորեմ ծղոտե խսիրներ գործել»: Եվ թագավորի որդուն սովորեցրին ծղոտե խսիրներ գործել գույներով, նկարներով և զարդանախշերով, և երեք օր հետո նա շատ գեղեցիկ խսիրներ էր գործում, այնպես, որ սուրհանդակը վերադարձավ հովվի մոտ և ասաց. «Այս ծղոտե խսիրները թագավորի որդու աշխատանքն է»։ Եվ աղջիկը սուրհանդակի հետ գնաց թագավորի պալատը և դարձավ թագավորի որդու կինը։

— Մի օր,— ասաց տատս,— երբ թագավորի որդին ման էր գալիս Բաղդադի փողոցներով, մի խորտկարան տեսավ, ուր այնքան զով էր ու մաքուր, որ նա ներս մտավ և նստեց մի սեղանի մոտ։ Այս տեղը,— ասաց տատս,— գողերի և մարդասպանների որջ էր, և նրանք բռնեցին թագավորի որդուն և գցեցին մի մեծ զնդան, որտեղ արդեն այդ քաղաքից շատ մեծամեծ մարդիկ էին պահվում։ Գողերն ու մարդասպանները այդ մարդկանցից ամենաչաղերին սպանում էին, տալիս էին ուտելու ամենանիհարներին և դրանով զվարճանում էին։ Թագավորի որդին ամենանիհարներից էր, և, բացի այդ, հայտնի չէր, որ նա պարսիկների թագավորի որդին է, այնպես որ նրան խնայեցին, և նա ասաց գողերին ու մարդասպաններին։ «Ես ծղոտե խսիրներ գործող եմ, և իմ խսիրները մեծ արժեք ունեն»։ Եվ նրանք նրա համար ծղոտ բերեցին և ասացին, որ գործի, և թագավորի որդին երեք օրում երեք խսիր գործեց և ասաց. «Այս խսիրները տարեք պարսիկների թագավորի պալատը և յուրաքանչյուր խսիրի համար ձեզ հարյուր ոսկի կտան»։ Եվ խսիրները տարան թագավորի պալատը, և, երբ թագավորը տեսավ խսիրները, հասկացավ, ոք դրանք իր որդու ձեռքի գործն են, և խսիրները տարավ հովվի աղջկա մոտ և ասաց. «Այս խսիրները բերել են պալատ և սրանք իմ կորած որդու ձեռքի գործն են»։ Եվ հովվի աղջիկը վերցրեց յուրաքանչյուր խսիրը և, մոտիկից նայելով, տեսավ, որ ամեն մի խսիրի զարդերի մեջ իր ամուսնուց պարսիկների գրավոր լեզվով լուր է ուղարկված, և նա հաղորդեց այդ լուրը թագավորին։ Եվ թագավորը,— ասաց տատս,— բազմաթիվ զինվորներ ուղարկեց գողերի ու մարդասպանների որջը, և զինվորներն ազատեցին բոլոր գերիներին և սպանեցին բոլոր գողերին ու մարդասպաններին, և թագավորի որդին անվնաս վերադարձավ իր հոր պալատը, իր կնոջ` հովվի աղջկա մոտ։ Եվ երբ տղան մտավ պալատ և նորից տեսավ կնոջը, խոնարհվեց կնոջ առջև և գրկեց նրա ոտքերն ու ասաց. «Սեր իմ, քո շնորհիվ է, որ ես ողջ եմ»։ Եվ թագավորը մեծապես գոհ մնաց հովվի աղջկանից։

— Հիմա հասկացա՞ր,— ասաց տատս,— թե ինչո՞ւ է պետք, որ ամեն մարդ մի ազնիվ արհեստ սովորի։

— Շատ լավ հասկացա,— ասացի ես,— և հենց այնքան փող վաստակեմ, որ կարողանամ մի սղոց, մի մուրճ ու մի կտոր տախտակ առնել, ձեռիցս եկածը կանեմ, որ մի հասարակ աթոռ կամ գրադարակ գլուխ բերեմ։

Աղբյուր` Litopedia.org

Նույն շարքից