Արամազդ, Հին Հայաստանի գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանականԱհուրամազդային և հունական Զևսին։
Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը։
Սովորաբար, երբ մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են «Դիոս»։ Այս անունը մոտ է բուն «Աստված»նշանակող հունարեն «Թեոս» և լատիներեն «Դեուս» անվանումներին։ Երբեմն այդ մասին են վկայում կատարված թարգմանությունները։ Սկզբնական շրջանում հայերըհամակարծիք էին պարսկական կրոնական հավատալիքներին, սակայն երբ ընդունեցին հունական աստվածներին, պատկերացումներն էլ խառնվեցին ու հելլենացան։ Արամազդի անունից պարզ երևում է, որ նա համապատասխանում է իրանական «Ահուրա Մազդա»-յին։ Սակայն Արամազդը չի նույնանում «Ահուրա Մազդա»-յի հետ։ Բարի բնություն ունենալով հանդերձ, Արամազդը կարող էր նաև պատժել։ Այստեղ չենք տեսնում իրանական կրոնին հատուկ՝ չար և բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրա Մազդայի հակոտնյա՝ չարի աստված «Ահրիման»-ը կամ նրա զուգահեռը հայերի կողմից չէր պաշտվում։
Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը։ Արտաշես Ա-ն հույների այդ ամենամեծ աստծո շքեղ կերպարանքը՝ «Օլիմպիական պատկերը», այսինքն՝ իր գերագույն գահի՝Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս քանդակված, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան։ Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչդեռ մյուս աստվածներին սփռեց այլ տեղերում և քուրմերին էլ նշանակեց որպես իրենց դիցահոր պաշտամունքավար։ Արամազդին նվիրված տաճարներ եղել են Վասպուրականի Անձևացյաց գավառում։ Հայաստանում Արամազդի մեհյան այլևս ոչ մի վայրում չի հիշատակվում, բացառությամբ Արամազդի տան, որ գտնվում էր Պաշատ լեռան մոտ։
Արամազդը բնութագրվում էր «մեծ» և «արի» մակդիրներով և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», «հայր դիցն ամենայնի», այսինքն՝ բոլոր աստվածների հայր, լիություն և պարարտություն պարգևող։ Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը։ Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի)։ Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը։
Վահագնն եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրույցներում նաև վկայվում է որպես արեգակնային աստված։ Ըստ Անանիա Շիրակացու, ավանդաբար Վահագնի անունը կապվող Հարդագողի ճանապարհըանվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»: Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել էՎիշապաքաղ մականունը։ Հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ։ Ըստ Վասպուրականիհայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի (Վահագն) գագաթից, իսկ նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ։
Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Վիշապ քաղաքավանին մերձակա քարքե լեռան լանջին։ Վահագնի տաճարն Ագաթանգեղոսն անվանում է «մեծագանձ՝ լի ոսկով ու արծաթով»։ Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները։ Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Քրիստոնեական դարձի ժամանակ (301 թ.) Գրիգոր Լուսավորչին ուղեկցող զորքերը համառ կռիվներից հետո կործանել են Վահագնի գլխավոր տաճարը, որի տեղում հիմնվել է հայոց առաջին և մայր եկեղեցին։ Թովմա Արծրունին Վահագնին նվիրված տաճարներից մեկը հիշատակվում է Փոքր Աղբակ գավառում, մյուսը՝ Տոսպում։
Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները։
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք։