Հասարակություն 

Ադրբեջանական կողմից անհայտ կորածների թիվը 4.5 անգամ գերազանցում է ՀՀ-ից և Արցախից միասին վերցրած կորածների թվին․ Սարա Էպրեխտը

analitik.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը: Այս թեմայով «Արմենպրես»-ը զրուցել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ:


Ծրագրի պիլոտային փուլը հաջողությամբ անցկացվել է նախորդ տարեվերջին, մոտակա շաբաթների ընթացքում կտրվի դրա հիմնական փուլի մեկնարկը:
 



«Անցյալ տարի մենք իրականացրել ենք ծրագրի պիլոտային փուլը, որի ընթացքում անհայտ կորածների ընտանիքների անդամներից հավաքագրել ենք ԴՆԹ նմուշներ: Խոսքը գնում է անհայտ կորածի մի քանի հարազատների բերանի խոռոչից նմուշառում վերցնելու մասին, որը վերամշակելու արդյունքում ստացվում է կենսաբանական նմուշ, որը կցվելու է անհայտ կորածի անկետային: Այս ծրագրի իմաստը նրանում է, որ եթե մեկ օր հնարավոր դառնա կատարել արտաշիրիմում, նմուշները, համապատասխանեցնելով աճյուններին, տրվեն պատասխաններ ընտանիքներին, քանի որ նրանք ունեն իրավունք` տեղեկանալու իրենց հարազատի վերաբերյալ»,-ասել են Սարա Էպրեխտը:

 

 

ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով` նմուշների հավաքագրման գործընթացը բավականին բարդ է, քանի որ ոչ միշտ է պատահում, որ անհայտ կորածների հարազատները մեկ տեղում լինեն և նմուշները համակարգված ձևով հավաքվեն:

 

 

«Ծրագիրն իրականացվում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում 4.5 հազար անհայտ կորածների ճակատագիրը պարզելու նպատակով: Այդ գործընթացի իրականացումը մի քանի տարի կտևի: Վերջում ստացված տվյալները` կենսաբանական նմուշների պահոցը, մենք կհանձնենք  Հայաստանի և Ադրբեջանի Անհայտ կորածների, ռազմագերիների ու պատանդների հարցերով հանձնաժողովներին, հետո կտ սնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-նշել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

 

 

Նրա տեղեկացմամբ` 4.5 հազար անհայտ կորածներից 400-ը Հայաստանի Հանրապետությունից են, 400-ը Արցախից, իսկ  մնացած 3 հազար 700-ը Ադրբեջանի տվյալներն են:

 

Չնայած նրան, որ ադրբեջանական կողմից անհայտ կորածների թիվը 4.5 անգամ գերազանցում է ՀՀ-ից և Արցախից միասին վերցրած կորածների թվին` Սարա Էպրեխտը նշել է, որ դրանք ԿԽՄԿ Բաքվի գրասենյակում գրանցված դեպքերն են:

 

 

«Մենք երբեք չենք առաջնորդվում որոշակի պաշտոնական կամ պետական վիճակագրական տվյալներով կամ էլ այստեղ-այնտեղ շրջանառվող ասեկոսեներով: Մեզ համար հիմք է հանդիսանում ընտանիքը, նրանց ահազանգը հակամարտության պատճառով հարազատներից որևէ մեկին կորցնելու մասին: Մեզ մոտ հարցաշարեր են լրացվում, որտեղ մանրամասնությամբ նկարագրվում են տվյալ անձի մասին կարևոր տեղեկություններ: Սկսած նրանից, թե այդ մարդուն վերջին անգամ երբ են տեսել, ում հետ էր, ինչ տեսք ուներ, նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն, նույնիսկ մանկության տարիներին տարած հիվանդությունների մասին ինֆորմացիա: Բոլոր տեսակի տվյալներ, որոնք հետագայում կարող են օգնել նրան ճանաչել: Այդ հարցաշարերը մենք սկսել ենք լրացնել հենց հետպատերազմական ընթացքում, իհարկե, հետո ժամանակ առ ժամանակ թարմացվել են տվյալները»,-տեղեկացրել է Սարա Էպրեխտը:

 

Զրուցակիցը շեշտել է այն հանգամանքը, որ չկա որևէ հաստատում, որ անհայտ կորած մարդիկ բոլորը մահացել են կամ նրանից որևէ մեկը ողջ է, բայց այն, ինչ հնարավոր է կատարել այժմ, ինքնությունը պարզող բազայի ստեղծումն է:



«Այս ամբողջ անորոշության մեջ մենք գիտակցում ենք, որ այն, ինչ անհրաժեշտ է անել, պետք է կատարենք հիմա, ինչը հետագայում կարող է օգնել որոշակի պարզաբանումներ տալ այն դեպքերում, երբ կառավարությունները գտնեն որոշակի աճյուններ ու ինքնության որոշման հարց առաջանա: Խոսքը չի գնում նրա մասին, որ նշյալ գործընթացը տեղի կունենա հենց վաղը, այլ «ե րբ» և «եթե» դա տեղի ունենա իրավիճակների մասին է խոսքը»,-ընդգծել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:



Ի դեպ, Երևանի հանրային վայրերից մեկում նախատեսվում է անհայտ կորածներին նվիրված հուշարձանի տեղադրում:

 

 

«Երկար ժամանակ տևեցին բանակցությունները, այժմ որոշակի դրական շարժեր կան: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության համաձայնությամբ` կկանգնեցվի հուշարձան, որը ընտանիքներին ու հանրության այլ անդամներին հնարավորություն կտա հավաքվել այնտեղ, առավել իրազեկված լինել այս հարցի մասին»,-տեղեկացրել է Սարա Էպրեխտը:

Նույն շարքից