Հասարակություն 

Կիրովականի ճամբարի նախկին ռազմագերին` Հորսթ Հովլեր. Mediamax.am

analitik.am

Մեդիամաքսի թղթակից Անուշ Պետրոսյանը Բեռլինում գտել է Հայրենական Մեծ Պատերազմում Կիրովականի ռազմագերիների ճամբարի նախկին ռազմագերի 87-ամյա Հորսթ Հովլերին և զրուցել է նրա հետ:
 



- Ինչպե՞ս եւ ե՞րբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցը դարձաք:



- 1944 թվականին, երբ 16 տարեկան դարձա, ինձ բանակ զորակոչեցին՝ որպես Հակաօդային պաշտպանությունում զենիթային հրանոթի զինվորի օգնական: Այն ժամանակ մարդկային ուժի պակաս կար եւ 16 տարեկանը բոլորած շատ պատանիների տանում էին բանակ՝ որպես հակաօդային պաշտպանության զինվորների օգնականներ: Մենք նույնիսկ գերմանական բանակի համազգեստ չէինք կրում:

 

 

- Ինչպե՞ս գերի ընկաք: Ռազմագերի լինել, այն էլ այդքան հեռու եւ անծանոթ երկրում, պետք է որ դժվար լինի:



- Պատերազմը համարյա ավարտված էր: 1945 թվականի մայիսի 7-ն էր: Սովետական բանակը Օդերի կողմից մտավ Գերմանիա: Փախուստի ժամանակ գերի ընկանք: Մեզ մոտ ոչ զենք կար, ոչ էլ այլ պաշտպանվելու միջոց: Առանց մարտական գործողությունների՝ հանձնվեցինք: Սկզբից եկանք Քյոնիգսբերգ՝ այժմյան Կալինինգրադ, իսկ 1945 թվականի դեկտեմբերի վերջին մեզ Կիրովական տեղափոխեցին:

 

 

Մտածում էինք, որ տուն ենք մեկնում, բայց պարզվեց՝ շատ ավելի հեռու ենք գնում: Երեք շաբաթ տեւած ճանապարհից հետո՝ հայտնվեցինք Կիրովականում: Հիմա գիտեմ, որ քաղաքի անունը փոխվել է՝ Վանաձոր:



Մեզ բերեցին Կիրովականի ռազմագերիների ճամբար: Սկզբից պատկերացում չունեինք նույնիսկ, որտեղ ենք գտնվում:



- Շատ է խոսվում ճամբարներում ռազմագերիների հանդեպ կիրառվող տարբեր դաժանությունների եւ ագրեսիայի մասին: Ինչպիսի՞ն են Ձեր հիշողությունները:



- Զինվորական հսկիչ պահակախումբը Սովետական Միության տարբեր երկրների զինվորներից էր բաղկացած: Նրանք մեզ հսկում էին եւ աշխատանքի ուղեկցում:

 

 

Շատ տարբեր էր հսկիչների վերաբերմունքը, որը պայմանավորված էր նրանց՝ պատերազմի ժամանակ ունեցած ապրումներով: Նրանք տարիքով էին եւ պատերազմի իրենց հիշողություններն ու փորձը ունեին: Շատ էին տառապել, կորցրել ընտանիքի անդամներին: Հենց այդ պատճառով էլ որոշակի ագրեսիվություն կար ռազմագերիների հանդեպ: Բայց երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այլ կերպ լինել չէր կարող: Հիտլերյան բանակի պատճառով ընտանիքը, հարազատներին կորցրած զինվորները պետք է հիմա հսկեն ռազմագերիներին: Բնական է, որ մեր հանդեպ ազնվականի պես չէին վարվելու: Պետք է հասկանալ, որ նրանց համար էլ շատ դժվար էր: Շատ հակադրություններ կային։ Ռազմագերիները նույնպես մասամբ խնդիրներ էին ստեղծում, երբեմն ագրեսիվ էին իրենց պահանջներում ու արտահայտություններում:

 

 

Այն ժամանակ մեծ խնդիր էր սննդամթերքի պակասը, որը սովետական կողմը չէր կարողանում ապահովել, քանի որ պայմաններ չկային: ԽՍՀՄ-ը բավարար սննդամթերք չուներ նույնիսկ մեր ճամբարի հարեւանությամբ գտնվող մանկատան երեխաների համար: Երկրի բնակչությունը նույն կերպ տառապում էր սննդամթերքի պակասից:



- Հարաբերվո՞ւմ էիք տեղի բնակչության հետ։



- Պետք է ասեմ, որ հայ մարդկանց հետ մեր հարաբերությունները լավ էին, սակայն բացառապես գործնական բնույթ էին կրում:



Առաջին երկու տարին վաղ առավոտյան դուրս էինք գալիս ճամբարից եւ հսկիչ պահակախմբի հետ գնում շինհրապարակ: Մենք մեկուսացված էինք բնակչությունից: Հարաբերվում էինք բացառապես հայ շինարարների հետ, ովքեր կարգավորում էին մեր աշխատանքը: 

 

 

Բացի այդ, հայերը խոսում էին իրենց լեզվով, որը մենք չեինք կարողանում հասկանալ: Միայն մի քիչ ռուսերեն է գլխումս մնացել, որը սովորում էինք զինվորներից: Հիշում եմ հաճախ հնչում էր. «Oчень много работы»։ Հայերենը լսում ու ոչինչ չէինք հասկանում: Շատ եմ ափսոսում դրա համար: Այն սակավ բառերը, որ հիշում եմ, սրանք են՝ «Շուտ արա»:

 

 

Նույն շարքից