Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Հայաստանը կարող է զարգանալ, եթե ինտելեկտուալ քաղաքական էլիտա ունենա. Լ. Շիրինյան

analitik.am

«ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունն  այժմ սրվում է, սակայն կարծում եմ՝ մինչև վերջ չի սրվի: Այս հակամարտության արդյունքում Հայաստանը տարածաշրջանում վերածվում է գեոստրատեգիական կարծր քարի, ուղղակի սա պետք է քաղաքականորեն կազմակերպել և ճիշտ օգտագործել»,-այսօր այս մասին «Անալիտիկ» կենտրոնում կայացած «Ներքաղաքական իրավիճակը գեոպալիտիկ զարգացումների ենթատեքստում, կարդարացնի՞ իրեն նոր կառավարությունը» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքագետ Լևոն Շիրինյանը:


 

 «Ռուսաստանը տևականորեն խրվում է ուկրաինական պրոբլեմի մեջ և հարավկովկասյան ճակատը պահողը   ԼՂՀ-ի և Ջավախքի հետ միասին  դառնում է Հայաստանը»,- ասաց նա:  

 

Բանախոսի կարծիքով՝ այսօր Հայաստանում պետք է ինքնիշխանության համար պայքարող սերունդ ձևավորել,  որպեսզի կարողանանք  ունենալ այն իշխանությունը,  որը մեր երկիրը կդարձնի հզոր պետություն, որն ունի կայուն պետականություն: «Հայախոս աշխարհի տարբեր շրջաններում այժմ անընդհատ տեղի են ունենում հեղափոխություններ: Այսօր պետք է այնպես անել, որպեսզի այդ տարածաշրջաններում ապրող հայերը  վերադառնան Հայաստան և հզորացնեն այն: Երկիրն այսօր  քանդում են արտագաղթն ու կոռուպցիան և ես կարծում եմ՝  ՀՀ-ում կոռուպցիան բարձր մակարդակներում պետք է դիտվի որպես պետական դավաճանություն»:

 

Խոսելով ներքաղաքական փոփոխությունների մասին՝  քաղաքագետը նշեց. «ՀՀ-ի Սահմանադրությամբ վարչապետին վերապահված չէ որևէ  գերիշխանություն, սակայն վարչապետի փոփոխության հարցը շատ բարձրագոչ արձագանք ստացավ, դրան պետք չէր մեծ նշանակություն տալ, սա ընդամենը հասարակության ուշադրությունը շեղելու միջոց էր : ՀՀ-ում իշխանությունը բյուրոկրատական  է, իսկ քաղաքական վարչաձևը՝ օլիգարխիկ բյուրոկրատական:  Այս ձուլվածքը թույլ չի տալիս մեր երկիրը զարգացնել: Այս ռեժիմը կարճաժամկետ է, քանի որ ունի բազմաթիվ թերություններ: Այսօր Քոչարյանն  իր կադրերով վերադարձավ իշխանություն, ի դեպ մի ժամանակ Քոչարյանի խմբից էր նաև Սերժ Սարգսյանը:



Ֆինանսական և վերահսկիչ մարմինների միավորումը մեկ նախարարության մեջ ռազմավարական քայլ էր, պետությունը ֆինանսական ռեսուրսները իր ձեռքում  է կենտրոնացնում, և եթե կարողանա ճիշտ վերահսկել իրավիճակը, ապա դա կարող է օգտակար լինել: Հայաստանին ո՛չ զբոսաշրջությունը, ո՛չ գյուղատնտեսությունը, ո՛չ էլ աշխատատեղերի ավելացումներն են փրկելու, ՀՀ-ում պետք է արդյունաբերության զարգացման վրա շեշտը դրվի, պետք է  արդյունաբերության նախարարությունը վերականգնվի»:

 

Խոսելով վերջերս Էդուարդ Շարմազանովի արած հայտարարության մասին, բանախոսը նշեց՝   ՀՀԿ-ն պետք է ոչ թե հայտարարի, որ ինքը հավերժ իշխանություն է մնալու, այլ կոնկրետ քայլեր անի   Հայաստանի տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ:


Իշխանությունը աշխատում է մնալ իշխանություն, սական  հասարակությունը պետք է պահանջատեր լինի և  քաղաքացիական շարժման միջոցով հայրենիքում կարգունկանոն հաստատի:  


Հարցին՝  Հայաստանի ՄՄ-ին անդամագրվելը ճիշտ է, թե ոչ, բանախոսը պատասխանեց. «Պետք չէ գերագնահատել, կամ թերագնահատել ՀՀ-ի հնարավորությունները: Այս պարագայում Հայաստանը չի կարող մեկուսանալ ընդհանրապես,  քանի որ Արևմուտքը  ՀՀ-ին չի ընդունի առանց Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունենալու, իսկ դա մեր երկրին ձեռնտու չէ:  Իմ կարծիքով ՄՄ-ի  կազմում պետք է աշխատենք և լինենք առաջինը: Աշխարհի խոշորագույն իմպերիան մեզ ձեռք է մեկնել, և մենք  պետք է օգտվենք դրանից և այդպիսով  աշխատենք հզորացնել մեր պետությունը, սակայն լինենք ոչ թե ճորտի դերում, այլ գործընկերոջ: Պետք է նաև հասկանալ, որ ներկայիս ՌԴ էլիտան ինտելեկտուալներն են, որոնց հետ կարճ նարդի խաղալով հարց չես լուծի, ուստի պետք է մեր էլիտան էլ այդ մակարդակի հետ բանակցելու ունակություններ ունենա, այլ ոչ թե առևտրականի հոգեբանությամբ հարցերին մոտենա»,-հավելեց նա:  

Նույն շարքից