Հասարակություն Մամուլի ակումբ 

Վերջին 4 ամսվա ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից գրանցվել է 11 մահվան դեպք

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա 3-րդ կիրակի օրը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրն է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և Հայաստանը: Ի՞նչ պատկեր ունենք այսօր» թեմայով ասուլիսի հյուրերն էին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը և կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը:


ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, անդրադառնալով թեմային, նշեց, որ մեր երկրում 1980-ական թթ-ից մինչ օրս գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակակիրների 1730 դեպք, ընդ որում 230-ը նախորդ տարում, իսկ այս տարվա 4 ամիսների ընթացքում արդեն գրանցվել է 114 դեպք. «Դեպքերի կեսից ավելին արձանագրվել է վերջին 5 տարիների ընթացքում: Հիվանդացության դեպքերի գրանցման աճը պայմանավորված է մասնագետների կողմից կատարվող աշխատանքների շնորհիվ հետազոտությունների թվի ավելացմամբ՝ նպաստելով դեպքերի վաղ բացահայտմանը: Վերջին տարիների հիվանդացության դեպքերի գրանցման թվի աճը պայմանավորված է նաև արտագնա աշխատանքի մեկնողների թվի աճով, որի ընթացքում տղամարդիկ վարակվում են և ՄԻԱՎ վարակը իրենց հետ Հայաստան բերելով՝ վարակում իրենց զուգընկերներին»:


Խոսելով ՄԻԱՎ վարակից մահվան դեպքերի մասին՝ համաճարակաբանական հսկման բաժնի վարիչը նշեց. «Վերջին 4 ամսվա ընթացքում գրանցվել է 11 մահ, իսկ 1988-ից մինչ օրս ունենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացության 351 դեպք»: Թիրախային խմբերին անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ այսօր առավել թիրախային խումբ են հանդիսանում 25-39 տարիքային խումբը:


«Մեր երկիրը մի շարք առանձնահատկություններ ունի. եթե մինչև 2005թ-ն ՄԻԱՎ-ի փոխանցման գերակշռող միջոցը թմրամիջոցներն էին, ապա վերջին տարիներին այդ եղանակը 5 անգամ նվազել է, և դրան հակառակ 2.5 անգամ ավելացել է հետերոսեքսուալ ճանապարհով վարակի փոխանցումները, որն այսօր կազմում է ամբողջ դեպքերի փոխանցման 60%-ը, իսկ թմրամիջոցներով փոխանցման դեպքերը կազմում են 30%: Մյուս առանձնահատկությունն այն է, որ դեպքերի կեսից ավելին՝ 58 %-ը գրանցվում են արտերկրում, իսկ 12-15 %-ը նրանց զուգընկերներն են, այսինքն գրանցված դեպքերի 75 %-ը կապված է միգրացիայի հետ: Եվ վերջին առանձնահատկությունն այն է, որ վերջին տարիներին խիստ նվազել է ռիսկի դասական խմբերից փոխանցումները՝ թմրամիջոցներով փոխանցումներ, մարմնավաճառների միջոցով փոխանցումներ և այլն: Վերջին հետազոտություններով ռիսկի դասական խմբերի վարակակիրները կազմում են 20 %»:


Հարցին՝ կա որոշակի վիճակագրություն ըստ մարզերի, Արշակ Պապոյանը նշեց, որ դեպքերի արձանագրմամբ առաջին տեղում Շիրակն է, հետո Լոռին, Արմավիրը, Գեղարքունիքը (հաշվարկը կատարվում է 100 000 բնակչի հաշվով): Հետազոտությունների մասին խոսելիս՝ բանախոսը նշեց, որ ցավոք շատ քիչ են կամավոր հետազոտությունները, մարդիկ հիմնականում հետազոտվում են մասնագետների կողմից նշանակումներից հետո: «Մենք շատ մեծ աշխատանք ունենք անելու մարդկանց իրազեկման ոլորտում: Բոլորս գիտենք, որ ՄԻԱՎ վարակը օրգանիզմում հայտնվելուց հետո դեռևս 8-10 տարի մարդը չի զգում իր օրգանիզմում դրա ազդեցությունը, իսկ այդ ընթացքում ՄԻԱՎ վարակն օրգանիզմում անում է իր գործը: Մեր երկրին բնորոշ են «ուշացած հետազոտությունները»:


Խոսելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ոչ պաշտոնական թվի մասին, նա ասաց, որ Հանրապետությունում այսօր մոտավորապես 3700 ՄԻԱՎ վարակակիր կա: Խոսելով ՄԻԱՎ-ի իրազեկման մասին, Ժանետա Պետրոսյանը նշեց, որ հիվանդության ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ մարդկանց չիրազեկվածությունը. «Մենք փորձում ենք տարբեր հանրային միջոցառումներով, ԶԼՄ-ների միջոցով, տարբեր հաղորդումներով մարդկանց ինֆորմացիա տրամադրել: Շատ կարևոր է նաև համագործակցությունը տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ: Ցավով պետք է նշեմ, որ մեր երկրում մարդիկ դիմում են հետազոտության, երբ արդեն ՄԻԱՎ-ի վարակը իրեն զգացնել է տալիս»: Անդրադառնալով այն մտահոգությանը, թե արդյոք ՄԻԱՎ վարակը կարող է օդակաթիլային կամ այլ ճանապարհներով փոխանցվել, մասնագետը նշեց, որ այն շատ անկայուն է և փոխանցման միակ ճանապարհներն են՝ սեռական ճանապարհով, արյան միջոցով և մորից երեխային:


ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին խոսելիս՝ նա նշեց, որ պետք է կրկին տարանջատել փոխանցման ուղիները և կանխարգելումն իրականացնել ըստ դրա. «Սեռական ճանապարհով ՄԻԱՎ վարակի կանխարգելման համար անհրաժեշտ է հետևել սեռական առողջությանը, խուսափել պատահական սեռական կապերից, առանց պահպանակի հարաբերություններ ունենալուց: Արյան միջոցով հիմնականում փոխանցվում է թմրամոլների մոտ, ովքեր օգտագործում են նույն ներարկիչները, իսկ վարակը մորից երեխային չանցնելու համար կիրառվում են հակավիրուսային պրեպարատներ, ծննդաբերությունը կատարվում է կեսարյան հատման միջոցով և այլն: Շատ կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումը, որով հնարավոր է խուսափել հիվանդության ՁԻԱՀ-ի անցումից: Մենք կիրառում ենք նաև հակառետրովիրուսային բուժում՝ որպես կանխարգելիչ միջոցառում, ինչի շնորհիվ այսօր այլևս չի նշվում ՄԻԱՎ-ով հիվանդների կյանքի վերին սահմանը:


ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանն էլ ավելացրեց, որ տարվող աշխատանքների շնորհիվ այսօր երիտասարդների շրջանում նկատվում է հետազոտվել ցանկացողների թվի աճ. «Շատ կարևոր են հանրային միջոցառումները, որոնց ընթացքում հանրությանը իրազեկվում է ինչ անել ու ինչ չանել՝ ՄԻԱՎ-ով չվարակվելու համար: ՄԻԱՎ-ից մահացածների հիշատակի օրը նշվում է 1983թ-ից ի վեր: Նախաձեռնողներն են եղել մարդիկ, ում կյանք ներխուժել է ՄԻԱՎ վարակը: Հետագայում միջոցառումն ավելի մեծ տարածում գտավ: ՀՀ-ում ևս անցկացվում են նման միջոցառումներ, այս տարի այն անցկացվելու է մայիսի 18-ին, որի ընթացքում բացի իրազեկման միջոցառումներից լինելու է նաև մոմավառություն և քվիլթեր՝ լաթերից կարված սավան»:


«Նախորդ տարի իրազեկման միջոցառումների ընթացքում իրակականացվել են նաև էքսպրես-հետազոտություններ, հետազոտվել են ավելի քան 250 մարդ, որի արդյունքում գրանցվել է ՄԻԱՎ-ի մեկ դեպք: Նման հետազտություններն ավելի շատ հետազոտություն անցնելու քարոզի նպատակ ունեն»,- հավելեց Արշակ Պապոյանը:


Ասուլիսի ավարտին ՁԻԱՀ-ի կանխագելման հանրաետական կենտրոնի աշխատակիցները նշեցին, որ ՁԻԱՀ-ի հանարապետական կենտրոնի պաշտոնական կայքէջն ունի «Ուղղել հարց» ծառայությունը, որի միջոցով հնարավոր է ցանկացած հարց ուղղել և ստանալ հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև գործում է կենտրոնի թեժ գծի ծառայությունը՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 61-08-20

Նույն շարքից