Մամուլի ակումբ Քաղաքականություն 

«Հայաստանը պետք է ավելի ուղիղ խոսի ռուս գործընկերոջ հետ». Արտակ Շաքարյան

analitik.am

 «Անալիտիկ» կենտրոնում այսօր տեղի ունեցած «Թուրքիան մեծացնում է ՌԴ-ից գնվող գազի ծավալները: Ռուս-թուրքական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մերձեցումը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով ասուլիսի հյուրերն էին թուրքագետ Արտակ Շաքարյանը և տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:


Արտակ Շաքարյանը, անդրադառնալով ռուս-թուրքական ներկա հարաբերություններին, նշեց. «Արդեն մի քանի տարի է Ռուսաստանն ու Թուրքիան քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման հարցում բարձր մակարդակով քննարկումներ են անցկացնում: Սակայն, պետք է նշել, որ երկու երկիրն էլ գիտակցում են, որ մրցակիցներ են:


Ռազմավարական հարցերում այս երկու երկրների անհամաձայնությունները պարզ երևում են: Թուրքերը միշտ գիտակցում են, որ ռուսները ձգտում են նեղուցների ռուսականացման և հարավային ծովերի գրավման: Այսօր Ուկրաինային և Սիրիային վերաբերող հարցերը առաջին պլան են մղվում: Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ Լավրովն ու Դավութօղլուն քննարկեցին Ղրիմի թաթարների խնդիրները, քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը, որի մասին ոչինչ չասվեց: Ռուսներին շատ դուր է գալիս, որ թուրք բիզնեսմենները Մերձդնեստրի տարածքում ներդրումներ են անում»: Բանախոսը նշեց նաև, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են ապրանքաշրջանառությունը հասցնել 1000 մլրդ դոլարի. «Ռուսաստանը Թուրքիայի համար կառուցում է ատոմակայան, որը Թուրքիայի գլխավոր նպատակներից մեկն է, որը միջուկային զենք ստեղծելու ախորժակ է բացում, այնուհետև Թուրքիա տարեկան մոտ 1 միլիոն ռուս զբոսաշրջիկ է այցելում, դեպի Ռուսաստան թուրքական ավիաընկերությունների չվերթները կրկնապատկվել են»:


Շաքարյանը նշեց, որ Հայաստանը բոլշևիկյան շրջանից ռուս-թուրքական մերձակցության դառը փորձ ունի. «Ինչքան էլ՝ մենք խորը ռազմավարական հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, պետք է զգուշորեն մոտենանք, որպեսզի ԼՂՀ-ի հակամարատության լուծման հարցում որևիցե բան չփոխվի: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ուղիղ խոսի ռուս գործընկերոջ հետ, քննարկի բացասական և դրական կողմերը, ցույց տա հայկական անհամաձայնությունը, քանի որ  հայ հասարակությունը աստիճանաբար գնում է հակառուսականացում, որը շատ բան կարող է փոխել երկու երկրների հարաբերություններում: Ռուսաստանը երբեք Ադրբեջանին և Թուրքիային չի նվիրի Ղարաբաղը և կփորձի պահպանել այն վիճակը, որն այսօր կա: Ի վերջո, պետք է նշել, որ ԼՂՀ հակամարտության վերջնական հանգուցալուծումը ո՛չ ԵՄ-ին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ադրբեջանին և ո՛չ էլ, ցավոք, Հայաստանին ձեռնտու չէ: Մենք տեսնում ենք, որ բոլոր նախագահները իշխանության են եկել Ղարաբաղով և հեռացվել Ղարաբաղով և այսօրվա մեր իշխանություններին ձեռնտու է ԼՂՀ այս կարգավիճակը: Որքան այս իրավիճակը երկար մնա, որքան սերունդը զարգանա անկախ Արցախ ունենալու մտածելակերպով, այդքան կամրապնդվի ազատ Արցախ ունենալու ցանկությունը»:


Արտակ Շաքարյանի կարծիքով՝ Ադրբեջանը շուտով կհիվանդանա հոլանդական հիվանդությունով , քանի որ նավթի հիման վրա կառուցված տնտեսությունը ի վերջո իր բացասական ազդեցությունը կունենա:



Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն էլ նշեց, որ վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները բարձր մակարդակում են. «Ապրանքաշրջանառությանը եթե նայենք, Թուրքիան Ռուսաստանի համար առաջին գործընկերն է, իսկ Էներգետիկայի առումով՝ Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ գործընկերն է: Թուրքիան տարեկան 3 մլրդ գազ է ներկրում Ռուսաստանից, ակնհայտ է, որ ռուսական գազը Թուրքիայի համար այլընտրանք չունի: Այս պահին երկու ուղի կա՝ «Երկնագույն հոսք»-ը, այսինքն՝ երբ գազը Սև ծովով մտնում է Թուրքիա և երկրորդ ուղին՝ «Անդրբալկանյանը»: Մենք կարող ենք փաստել, որ այսօր Թուրքիան ձգտում է փոխել ռուսական գազի մատակարարվող ուղիները, փորձում է բանակցությունների միջոցով հասնել գազի գնի նվազեցման: Նշենք, որ Թուրքիան 1000 մ3-ի գազի դիմաց վճարում է 425 ԱՄՆ դոլար: Պետք է ընդգծել նաև, որ էներգետիկ ոլորտում հարաբրությունների սերտացումը բխում է  երկու երկրների շահերից»:


Բանախոսը նաև նշեց, որ այսօր Թուրքիան փորձում է հարաբերություններ ստեղծել Իրանի հետ. «Նույն Իրանը բազմիցս հայտարարել է, որ երբեք չի գնա այնպիսի քայլերի, որոնք կվնասեն Ռուսաստանին: Իրանը Ռուսաստանից հետո գազի պաշարներով աշխարհում երկրորդն է»:

Նույն շարքից