Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակը ակնհայտ Բաշար ալ Ասադինն է. արաբագետ

analitik.am

«Սիրիայի նախագահական ընտրություններում  հաղթանակը ակնհայտ Բաշար ալ Ասադինն է, որը սպասելի էր: Ասադը երրորդ անգամ կվերընտրվի, քանի որ հավաքել է  ձայների մեծամասնությունը»,-  այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած  ասուլիսի ժամանակ ասաց    արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

 

«Կարելի է ասել, որ այս ընտրությունները անցկացվեցին  Ասադի և Ասադի միջև, քանի որ  մյուս երկու թեկնածուները հասարակության շրջանում չունեին այն վստահությունը, ճանաչվածությունը, որն ունի  Բաշար ալ Ասադը»:

 

Հարցին՝ արդյոք Սիրիայի նախագահական ընտրությունները կճանաչվեն Արևմուտքի կողմից, բանախոսը պատասխանեց. «Ընտրությունների գնահատականները տարբեր եղան՝ դիտորդների ռուսական պատվիրակությունն արդեն հայտարարել է, որ Սիրիայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Սիրիայում երեկ կայացած նախագահական ընտրությունները  որակել է խայտառակություն և կեղծ:  Արևմուտքն ու Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ»։

 

Բանախոսը նկատեց, որ ռազմական ակտիվությունը, որը  Սիրիայում եղավ ընտրություններին նախորդող մի քանի օրերի ընթացքում,  մեկ ագամ ևս  վկայեց, որ երկրում կան տարածքներ, որոնք  անցել են ընդդիմադիր ճամբարի կողմը. «Հայաբնակ թաղամասերում հրթիռակոծություն տեղի ունեցավ,  եղան  զոհեր,  այդ թվում նաև հայեր զոհվեցին: Հալեպում տեղի ունեցած ակտիվությունը վկայում է, որ Սիրիայում չկա հակամարտող կողմերին բաժանող գիծ:  Հալեպում նախագահական ընտրություններին նախորդած մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցող ռմբակոծությունները դատապարտվեցին  նաև  ընդդիմադիրների կողմից, և նրանք  հայտարարեցին, որ   հրթիռակոծությունները պետք է ուղղված  լինեն ոչ թե խաղաղ բնակչության դեմ, այլ գործող իշխանության»:

Բանախոսը նաև հավելեց, որ Սիրիայի հակամարտությամբ երրորդ համաշխարհային պատերազմ չի կարող սկսվել, չնայած որ  նրա կարծիքով՝ տեղի ունեցող հակամարտությունը կարող է տեղափոխվել նաև Սիրիայի հարակից տարածքներ:

 

Հարցին, թե Թուրքիան ինչպե՞ս կգնահատի Սիրիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, բանախոսը ասաց. «Թուրքիան հանդես կգա Ասադի դեմ և անօրինական կհամարի ընտրությունների արդյունքները»:


Բանախոսը նաև շեշտեց, որ  Քեսաբի վրա հարձակվողներից շատերը թուրքերն էին, որոնք համագործակցում են  ընդդիմադիր ուժերի հետ, դա էլ վկայում է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի գործող իշխանությանը և երբեք չի ընդունի Բաշար ալ Ասադի իշխանությունը:  Նրա կարծիքով՝ Թուրքիան բավական անկանխատեսելի ու անհեռատես քաղաքականություն է  վարում»:

 

Հարցին արդյոք   Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել նաև Սիրիայի վրա, բանախոսը պատասխանեց. « Այո՛, հնարավոր է, քանի որ երկու դեպքում էլ գերտերությունների միջամտությունը կա և նրանց դիրքրոշումը շատ կարևոր է Ուկրաինայի և Սիրիայի հարցերում: Հնարավոր է, որ  Սիրիայի որոշ տարածքներ նույնպես ցանկանան անկախանալ, ինչպես  եղավ Ուկրաինայում, սակայն այդ բանը մոտ ապագայում տեղի չի ունենա, քանի որ այժմ երկրում կան չլուծված շատ կարևոր և երկրի համար ճակատագրկան հարցեր»:

 

Բանախոսը նաև նշեց, որ Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները երկրի հակամարտության լուծման հարցում որևիցե ազդեցություն չեն կարող ունենալ:   

Նույն շարքից