Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղի հարցում որևիցե դրական արդյունք չտվեց. Երվանդ Բոզոյան

analitik.am

 «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հիմնականում Ուկրաինայի ու Իրաքի դրությանն  էր վերաբերվում, Լեռնայի Ղարաբաղի հարցում բանաձևը որևիցե դրական արդյունք չտվեց»,-այս մասին այսօր «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:


 

«ՆԱՏՕ-ի խնդիրը ոչ թե այդ երկրներում տեղի ունեցող խնդիրների բացումն էր, այլ ՆԱՏՕ-ին հետաքրքրում էին այդ երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ և հենց այդ պատճառով էլ Հայաստանի համար  ոչ բարենպաստ բանաձև ընդունվեց, քանի որ ոչ մի խոսք չկար ազգերի ինքնորոշման մասին:  Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդպիսի բանաձևեր չընդունվեն, քանի որ դա կարող է ազդել նաև Մինսկի խմբի աշխատանքի վրա, վերջինս հետագայում  կարող է ավելի կոշտ կողմնորոշում ունենալ Հայաստանի նկատմամբ»,-ասաց բանախոսը: 


 

Խոսելով  Հայաստանի  պետական  պրոպագանդայի մասին, բանախոսը նշեց, որ այն  շատ ցածր է և տեղեկատվական պատերազմի ժամանակ մեր երկիրը  հենց այդ պատճառով է, որ  տանուլ է տալիս:  Տեղեկատվական պատերազմի ժամանակ հայերը ադրբեջանցիներից պաշտպանվողի դեր են կատարում. «Ըստ էության  պատերազմի վտանգը գալիս է այն ժամանակ, երբ կողմերից մեկը զգում է իր անպատժելիությունը, սակայն բոլորովին վերջերս սահմանում տեղի ունեցած դեպքերը  Ադրբեջանին ապացուցեցին, որ մենք ունենք հզոր բանակ և  նրանք անպատիժ չեն կարող մնալ»:


Անդրադառնալով  Սոչիում օգոստոսին տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, բանախոսը նշեց.  «Հանդիպման ժամանակ  Ռուսաստանի նախագահը ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմ չլինի:  ՌԴ-ի ազդեցությունն  այս հարցում շատ մեծ էր, պետք է խոստովանել, որ Ռուսաստանի   լծակները  խաղաղության պահպանման հարցում շատ մեծ են: Ադրբեջանը ևս մեկ անգամ համոզվեց, որ նա արժանի պատասխան կստանա հայկական կողմից և նրա քայլը չի պաշտպանվում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի և ո՛չ էլ Եվրոպայի կողմից»:

 


Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, բանախոսը ասաց, որ   կան նոր մարտահրավերներ, իշխանությունները պատրաստվում են որոշակի փոփոխությունների, այս պահի դրությամբ օրակարգում հայտնի քառյակի տասներկու կետերի խնդիրն է դրված, որի շուրջ մինչև սեպտեմբերի վերջ տեղի են ունենալու  քննարկումներ , որոնք էլ որոշակի արդյունք կտան. «Ճամբարների տարբերությունը այս պահի դրությամբ տեսանելի է, սակայն այդ տարբերությունը որևիցե փոփոխություն չի տվել դեռ»:

 

 Անդրադառնալով  Հայաստանի Նախագահի հայտարարությանը, որ հոկտեմբեր ամսին  Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի տեսքով փաստաթուղթ պետք է ներկայացվի, ասաց. «Այս ուղղությամբ մեքենան արդեն աշխատում է:  Նախագահը հորդորեց իր կուսակիցներին ակտիվորեն այդ գործողությունների մեջ ներգրավվել: Սակայն քառյակում այս հարցի վերաբերյալ միասնական տեսակետ դեռ  չկա: Կարծում եմ, որ ժամանակին կհասկանանք,  թե քաղաքական ուժերն ինչ դիրքորոշում կունենան: Քաղաքականությունը ցանկությունների ու հնարավորությունների արվեստ է և Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ եթե հանրությունը դեմ լինի Սահամանադրական փոփոխություններին, ապա դրան պետք է հասնել ժողովրդին համոզելու ճանապարհով»:

Նույն շարքից