Վերլուծական Տնտեսություն 

Իրանի մուտքը Եվրոպական էներգակիրների շուկա և ռուսական գործոնը

analitik.am

Այս տարվա մայիսի 21-ին Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի ժամանակ երկու երկրների միջև կնքվեց ռուսական ԶԼՄ-ների կողմից «դարի գործարք» կոչված համաձայնագիրը: Այս համաձայնագրով Ռուսաստանը 30 տարվա ընթացքում տարեկան 38մլդ. խորանարդ մետր գազ է մատակարարելու Չինաստան, գործարքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 400մլդ ամերիկյան դոլլար: Այս կնքված պայմանագիրը դարձավ առաջատար լրատվամիջոցների գլխավոր նյութը և ինչ-որ չափով երկրորդ պլան մղեց մեկ այլ կարևոր լրատվությանը:


 

Նույն այս ժամանակահատվածում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ հունիսին Թեհրանի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող վեցյակի միջև / ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետություններն ու Գերմանիան/  կստորագրվի վերջնական համաձայնությունը: Արդյոք այս հայտարարությունը պատահականորեն զուգադիպեց ռուս-չինական գործարքին, թե՞ այն Իրանի կողմից մտածված  արվեց այդ պահին, դժվար է ասել, սակայն այն որ այս հայտարարությունը փախկապակցված է գազային գործարքի հետ, կասկածի տեղիք չի կարող ունենալ: Այդ համաձայնագրի ստորագրությունը Թեհրանին թույլ կտա վերջնականապես ձերբազատվել տնտեսական և քաղաքական պատժամիջոցներից ու դուրս գալ միջազգային մեկուսացումից՝ բարելավելով իր երկրի հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության անդամ պետությունների հետ: Սա իր հերթին թույլ կտա Իրանին մուտք գործել եվրոպական կեսմիլիարդանոց շուկա, որն էնեգակիրների խիստ կարիք ունի:

 


Թեհրանի և Արևմուտքի քաղաքական առճակատման ժամանակ Ռուսաստանը դիվանագիտական բոլոր միջոցներով միշտ ձգտել է բանակցային ճանապարհով լուծել Իրանի և Արևմուտքի միջև  առկա հակասությունները և գործը չհասցնել ռազմական կոնֆլիկտի առաջացմանը, որի ջատագովներն էին Իսրայելն և ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության որոշ շրջանակներ: Իսկ այժմ, երբ Իրանը ձգտում է ակտիվ դերակատարություն ունենալ դեպի Եվրոպա էներգակիրներ մատակարարելու գործում, թվում է, թե Թեհրանն իր դաշնակից Ռուսաստանի համար եվրոպական շուկայում վերածվում է  տնտեսական գլխավոր մրցակցի: Սակայն իրավիճակը Ռուսաստանի և Իրանի միջև այդ աստիճանի մրցակցային սուր բնույթ չի կրում: Բրյուսելը որոշել է ամեն հնարավոր միջոցներով կրճատել կախվածությունը ռուսական բնական գազից: Բրյուսելի դիրքորոշումը պարտադրեց Մոսկվային, որպեսզի նա դիվերսիֆիկացնի ռուսական գազի արտահանման ուղղությունները՝ Իրանին տալով լայն հնարավորություն ազատ և անկաշկանդ գործել եվրոպական էներգակիրների շուկայում: Սակայն այստեղ հարց է ծագում, թե ինչպիսի վերաբերմունք կդրսևորի Ռուսաստանը, եթե Թեհրանն ու Բրյուսելը որոշեն իրանական գազը Հարավային Կովկասով և Սև ծովի հատակով արտահանել  Եվրոպա:

 


Հայտնի է, որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում հետխորհրդային հանրապետությունների մասնակցությանը տարատեսակ տնտեսական, քաղաքական և ինտեգրացիոն տարածաշրջանային նածխագծերին՝ ենթադրելով, որ այն հարվածում է իր աշխարհաքաղաքական, ազգային ու տնտեսական շահերին: Դրա վառ օրինակն էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, որի ժամանակ Կրեմլի ճնշման հետևանքով, ի տարբերություն իրանական հատվածի, հայկական կողմում խողովակների տրամագիծը ոչ թե 1.5մ է, այլ 700մմ: Նման ճանապարհով Ռուսաստանը չեզոքացրեց տվյալ գազամուղի տարանցիկ լինելու հնարավորությունը, որը հետագայում տրվեց Գազպրոմին: Ներկայումս Հայաստանը պետք է գիտակցի, որ Երևանի ներգարավվումը տվյալ տնտեսական գործում բխում է իր ռազմավարական դաշնակցի կենսական շահերից, եթե իհարկե Մոսկվան  Հայսատանին դիտարկում է որպես իր ռազմավարական դաշնակից: Հակառակ պարագայում իրանական գազը կարող է Եվրոպա հասնել Թուրքիայի տարածքով, որը համարվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցը Բալկաններում, Սև ծովի ավազանում և հատկապես Մերձավոր Արևելքում: Մոսկվան օժանդակելով Հայաստանի մասնակցությանն այս նախագծում կնպաստի Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքի ձևավորմանը: Այն կթուլացնի ադրբեջանական գործոնը, կկասեցնի Թուրքիայի քաղաքական ակտիվությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում: Ալյանսի ձևավորումը կնպաստի ոչ միայն երկու երկրների աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում, որը պատնեշ կհանդիսանա Անկարայի հետագա քաղաքական էքսպանսիայի տարածմանը Կենտրոնական Ասիայում, այլ նաև հնարավորություն կտա Մոսկվային ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Պարսից ծոցում:



 Այս նախագիծը ձեռնտու է բոլոր կողմերին, բացառությամբ Թուքրիայի և Ադրբեջանի, մնում է միայն, որ այս պարզ ճշմարտությունն  ընկալի Ռուսասատանը:


 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից