Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանից Գերմանիա արտահանումը զգալի մեծացել է, իսկ դեպի Բելգիա՝ զգալի նվազել

analitik.am

Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 466 մլն  546 հազ. ԱՄՆ դոլարը, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.3 %-ով:   

                                                                                     

Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ):


Ընդհանուրի մեջ ամենամեծը Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալն է՝ 90 մլն 842.7  հազ. դոլար, որն 2013-ի առաջին չորս ամիսների համեմատ աճել է 1.9  %-ով:


  • Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 48 մլն  249.8 հազ. դոլար (85.5% աճ)
  • Երրորդում՝ Բուլղարիան` 44 մլն 431.9 հազ. դոլար  (6.5 % աճ)
  • Չորրորդում՝ Միացյալ  Նահանգները (27 մլն 406.7 հազ. դոլար, 13,5 % նվազում) և Իրանի Իսլամական Հանրապետությունը (27 մլն 345.4 հազ. դոլար,  15,7 % նվազում)
  • Հինգերորդում՝ Բելգիան (24 մլն 909.2 հազ. դոլար, 56,6 % նվազում):

Նշված ցուցանիշներից առավել ուշագրավ են դեպի Գերմանիա Հայաստանից արտահանման 85.5% աճն ու դեպի  Բելգիա արտահանման 56,6 % նվազումը:



Դեռևս  2010 թվականի վիճակագրությունը արձանագրեց, որ հունվար-ապրիլին, նախորդ տարվա այդ ամիսների համեմատ, Հայաստանից Բելգիա արտահանումը աճել է 2.5 անգամ: Մեկ տարի անց նույն ամիսներին գրանցվեց 58,2% նվազում:  2012 թվականի հունվար-ապրիլին վիճակագրությունը ցույց տվեց, որ Հայաստանի հետ առևտրային գործառնություններում այս 5 երկրներից առավել զգալի աճ գրանցել է Բելգիան: Հայաստանից Բելգիա արտահանումը, 2011 թվականի նույն ամիսների համեմատ, աճել էր 3 անգամ: 2013 թվականի հունվար-ապրիլին, 2012-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, այն աճեց 65.2%-ով, իսկ այս տարի նվազել է միանգամից 56,6 %-ով:


Իսկ ինչ վերաբերում է Գերմանիային, ըստ վիճակագրության՝ Հայաստանի այս երկիր արտահանումը 2010 թվականի հունվար-ապրիլին աճել է  41,1 6 %-ով, 2011-ին՝ 23,1 %-ով, 2013-ին կտրուկ նվազել է՝ 49 %-ով, իսկ այս տարի նորից աճ է գրանցվել՝ 85.5% աճ:


 Այս տարվա հունվար-ապրիլի վիճակագրության մեջ ուշագրավ է նաև հետևյալը: Վերջին տարիներին ՀՀ-ում արտահանումը բավական բարձր աստիճանի կենտրոնացվածություն ունի: Թե նախորդ տարիների (համենայնդեպս սկսած 2000 թվականից) և թե այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝  Հայաստանից արտահանվել է հիմնականում՝


  • Հանքահումքային արտադրանք
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ
  • Ոչ թանկարժեք մետաղներ դրանցից պատրաստված իրեր
  • Պատրաստի սնունդ

 

Իսկ այս տարվա չորս ամսիների տվյալներով՝ «առաջին քառյակն» հետևյալն է՝


  • Մանածագործական իրեր
  • Հանքահումքային արտադրանք
  • Կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք
  • Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր

 

Հետո՝

  • պատրաստի սնունդ
  • թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր

 

Փաստորեն, այս տարվա ապրիլ ամիսը նպաստավոր է եղել կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքի ու մանածագործական իրերի արտահանման համար: Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ, այս ապրանքների  արտահանման ծավալներն աճել են համապատասխանաբար 10.2% և  71.2 %-ով: Փոխարենը 15.6%-ով նվազել է ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի արտահանումը, 1.1%-ով՝ հանքահումքային արտադրանքինը:


Աճել են նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի,  թանկարժեք մետաղներ և դրանցից իրերի արտահանումը՝ (19.5 %-ով) և պատրաստի սննդի արտադրանքինը (7%-ով):

Սեդա Հերգնյան

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից