Միջազգային Սպորտ Վերլուծական Քաղաքականություն 

Էլ-Կլասիկոն անհետացման եզրին

analitik.am

Հոկտեմբերի 25 ին ամբողջ ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը գամված է լինելու Սանտյագո Բեռնաբեոյում կայանալիք «Ռեալ Մադրիդ»- «Բարսելոնա» մրցախաղին: Աշխարհի միլիոնավոր ֆուտբոլասերներ մեծագույն հաճույքով հետևելու են մի կողմից Ռոնալդուի, Բենզեմայի և Բեյլի, իսկ մյուս կողմից՝ Մեսսիի, Նեյմարի ու հնարավոր է Սուարեսի մրցապայքարին: Այս երկու թիմերի հանդիպումը սովորական ֆուտբոլային տոն չէ , մարզադաշտում թևածում է ոչ միայն սպորտային խանդավառությունն, այլև իշխում է քաղաքական կիրքը, քանի որ «Ռեալի» ու «Բարսելոնայի» մրցակցությունում առկա է քաղաքական ենթատեքստը:



Պատահական չէ, որ Կամպ Նոու մարզադաշտում Էլ-Կլասիկոների ժամանակ Բարսայի երկրպագուները պատկերում են «Կատալոնիան Իսպանիա չէ գրությունը». ու այստեղ ի հայտ է գալիս «մեծն» քաղաքականությունը: Ինչպես հայտնի է Կատալոնիան, որի մայրաքաղաքն է Բարսելոնան, ցանկանում է շոտլանդացիների օրինակով հանրաքվե անցկացնել ու դուրս գալ Իսպանիայի կազմից: Մադրիդն ամեն կերպ փորձում է խոչընդոտել Կատալոնիայի անկախության գործընթացին, սակայն հասկանալի է, որ վաղ թե ուշ կատալոնացիները կհասնեն իրենց նպատակին:


Այն կստեղծի ոչ միայն լուրջ քաղաքական ու տնտեսական հետևանքներ, այլև կունենա մարզական՝ հատկապես իսպանական ֆուտբոլի համար, հսկայական, ազդեցություն: Ձեռք բերելով անկախություն կատալոնական ֆուտբոլային թիմերը ստիպված են լինելու հանդես գալ իրենց ներքին, այլ ոչ թե իսպանական առաջնությունում: Բարսելոնայի, ինչու չէ նաև Էսպանյոլի թիմերի բացակայությունը ոչ միայն կնվազեցնի իսպանական ֆուտբոլի գրավչությունը, քանի որ դժվար է պատկերացնել իսպանական առաջնությունն առանց Բարսելոնայի և հատկապես Էլ-կլասիկոյի, այլև անհամեմատ կթուլացնի իսպանական առաջնության խաղամակարդակը:


Շատ դժվար կլինի կանխագուշակել կատալոնական ֆուտբոլի և ,առանձնապես, Բարսելոնայի ապագա ճակատագիրը, արդյոք «Բարսան» կկարողանա ապահովել իր ֆուտբոլային համաշխարհային գրանդ ակումբի կարգավիճակը, քանզի անչափ դժվար կլինի հինգ միլիոնանոց բնակչություն ունեցող Կատալոնիայում ստեղծել առաջնակարգ ֆուտբոլային առաջնություն: Կատալոնիայի անկախացումն իսպանական ֆուտբոլին կբերի մեծ ֆինանսական կորուստներ, միայն Էլ-Կլասիկոյի ցուցադրման վաճառքն ու գովազդներից ստացվող շահույթը, հսկայական եկամուտներ են ապահովում իսպանական ֆուտբոլին: Ֆինանսական հոսքերի կրճատումը, առաջնության խաղամակարդակի նվազումը բացասական հետևանքներ կունենան Իսպանիայի ամբողջ ֆուտբոլային ինդուստրիայի վրա: Սակայն, այս ամենով իսպանական ֆուտբոլի խնդիրները չեն ավարտվում, Կատալոնիայի անկախացումը մեծ հարված կլինի Իսպանիայի ազգային հավաքականի համար, որը հիմնականում կոմպլեկտավորվում է Ռեալի ու Բարսայի ֆուտբոլիստներով, չմոռանաք որ աշխարհի չեմպիոնի միակ տիտղոսն Իսպանիային պարգևեց Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան: Չպետք է մոռանալ, որ Կատալոնիայի նման Իսպանիայից ցանականում է անկախանալ նաև Բասկերի Երկիր մարզը՝ Բիլբաո կենտրոնով, որի գլխավոր ֆուտբոլային ակումբ՝ Բիլբաո Ատլետիկը համարվում է Իսպանիայի ուժեղագույն թիմերից մեկը և հանդես է գալիս Չեմպիոնների Լիգայում: Կարող է ստացվել այնպես, որ Իսպանիայի պրեմիեր լիգան երբեք չլքած երեք թիմերից (Ռեալ,Բարսելոնա,Ատլետիկ Բիլբաո) երկուսը հնարավոր է մոտ ժամանակներս այլևս երբեք հանդես չգան իսպանական բարձրագույն առաջնությունում: Այնուհանդերձ, իսպանացիների համար ամենացավալին կլինի Բարսելոնայի գլխավորությամբ կատալոնական ակումբների լքումը իսպանական առաջնությունից: Կատալոնիայի անկախության հետևանքով ոչ միայն կխամրի իսպանական ֆուտբոլի հմայքն ու փայլը, այլև կաղքատացնա համաշխարհային ֆուտբոլը, քանի որ Ռեալ- Բարսելոնա հակամարտությունը վաղուց դուրս է եկել Իսպանիայի սահմաններից:


Ռեալ-Բարսելոնա հանդիպումները համարվում են համաշխարհային ֆուտբոլի յուրաքանչյուր տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը և առանց Էլ-Կլասիկոների ֆուտբոլային աշխարհում մի քիչ տխուր կլինի: Սակայն չարժե վհատվել, այլ պետք է հետևել հայտնի ասացվածքին՝ «Պոկե՛ք վարդերը, քանի դեռ կա հնարավորություն, քանզի այս պարագայում արժե ապրել ներկա պահով՝ չմտածելով ապագայի մասին»:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից