Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Չիշխանության «ապահով Հայաստանը»

analitik.am

Այն, որ Հայաստանում «թեժ աշունն» ավարտվել էր դեռեւս սեպտեմբերի մեկին ոչ մեկի համար գաղտնիք չէր: «Թեժ աշնան» ոչ այնքան թեժ օրերին, օր առաջ իշխանափոխություն պահանջող քաղաքական եռյակին՝ Ազգային Ժողովի ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցություններին ընդամենը երկու անգամ հաջողվեց «լցնել» Ազատության հրապարակը:

 

Իշխանության եւ չիշխանության «վճռական» քայլերը օր օրի ավելի ակնհայտ էին դառնում, ինչն ավելի ակնհայտ դարձավ «թեժ ձմռան» առաջին օրը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծը խորհրդարանում խայտառակ ձայներ հավաքեց: Փաստաթղթի տակ ստորագրեցին ընդամենը երեք պատգամավոր՝ նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:


Իսկ նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանում քննարկելու համար անհրաժեշտ էր թվով 44 պատգամավորի ստորագրություն: Ստացվում է հերթական անգամ, գոնե հասարակության համար վճռորոշ պահին՝ Հայաստանում գործող ընդդիմադիր կուսակցությունները (իրենք իրենց ամեն դեպքում անվանում են ոչ իշխանական) հերթական անգամ «քաշեցին»:

 

Ինչու՞ եւ ի՞նչ պատճառներով նրանք Սերժ Սարգսյանին դեմ դուրս չեկան: Պատասխաններն ավելի քան ակնհայտ են: ՕԵԿ-ականներն օրինակ հայտարարել էին, թե 6 տարի շարունակ Սերժ Սարգսյանի հետ ճանապարհ են անցել, հետեւաբար բարոյական չէ նրա հրաժարականը պահանջել: Ասել է, թե ՕԵԿ-ում դեմ չեն եւս 4 տարի Սերժ Սարգսյանի հետ ճանապարհ անցնել(Ինչպես հայտնի է Ս.Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2018 թվականին, եւ նա հայտարարել է, որ նախագահի պաշտոնին չի հավակնում):

 

Այլընտրանքային ԲՀԿ-ն եւ նպատակահարմար չհամարեց միանալու ինփիչմենթի գործընթացին, ըստ երեւույթին հիշելով,  որ տարիներ առաջ նրանք նույնպես Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն գործընկեր են եղել: ՀՅԴ-ի դիրքորոշումը եւս այս առումով հստակ է: Դաշնակցականները Սերժ Սարգսյանի հետ դեռ վաղուց էին ճանապարհ դուրս եկել:

 

Թերեւս տարակուսելի էր «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի դիրքորոշումը: Վերջինս ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանի նախագծի վերաբերյալ փորձագետի միջոցով էր որոշել արձագանքել: Տեղի ունեցող զարգացումները մեկ անգամ եւս վկայեցին, որ Սարգսյանին օր առաջ պաշտոնանկ անելու «վճռականությամբ» իրականում քչերն են լցված: Սա ամեն դեպքում չվրիպեց նաեւ ժամանակին Սարգսյանի դեմ  բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրած, բայց այժմ նույն Սարգսյանի թիմում «տակուք» տեղավորված Գեղամյանի աչքից, ով այսօր խորհրդարանում հայատրարեց. «Ես ողջունում եմ իր նախաձեռնությունը այն տեսակետից, որ եթե 131 հոգուց 3 հոգի են ստորագրել, դա նշանակում է ՀՀ նախագահի քաղաքականությունը այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է լիարժեք վստահությունից Ազգային ժողովի կողմից»։


Հ.Գ. Գեղամյանների վստահությամբ դեպի «ապահով Հայաստան»:


 

Կարեն Մեսրոպյան

 

 


Նույն շարքից