Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Իրանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ձգտում է հասնել նոր մակարդակի

analitik.am

Վերջերս նկատվում է, որ Իրանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ձգտում է հասնել նոր  մակարդակի: Դա արվում է Արևմուտքին ցույց տալու համար, որ Իրանը կարող է դաշնակցել նման հզոր երկրի հետ:

 

Ամենաթարմ օրինակը Ռուսաստանի և Իրանի միջև կնքված վերջին պայմանագիրն է` համատեղ ատոմային 8 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ: Կողմերը «Բուշեհր» ԱԷԿ-ի համալրման պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է ատոմային երկու էներգաբլոկի կառուցում՝  մինչև 4-ի հասցնելու հնարավորությամբ: Համաձայն պայմանավորվածության՝  կողմերը մտադիր են ևս չորս էներգաբլոկ կառուցել այլ վայրերում, դրանց տեղերն առայժմ որոշված չեն:

 

 Իրանական ԱԷԿ-ների ութ նոր էներգաբլոկի աշխատանքի ընթացքում միջուկային վառելիքը արտադրվելու է Ռուսաստանում: Ըստ «Ռոսատոմի» և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջև ստորագրված արձանագրության՝ օգտագործված միջուկային վառելիքը նույնպես վերադարձվելու է Ռուսաստան՝ վերամշակման և պահպանման համար:

 

Սա բեկումնային պահ է Ռուսաստանի և Իրանի հարաբերություններում: Երկու տարի տևած բանակցությունները տվել են իրենց արդյունքը: «Միջուկային պայմանագրի» տնտեսական շահը երկու երկրների համար  փոխադարձ է: Իսկ ինչ վերաբերում է այս իրադարձության հետ կախված քաղաքական շրջանակի արձագանքին, ապա կարելի է բնութագրել, որ «Արևմուտքը շոկի մեջ է»:


Բացի այդ, առաջիկայում Իրանն ու Ռուսաստանը համատեղ բանկ են հիմնելու՝ երկու երկրների միջև առևտրային և տնտեսական ծրագրերի ֆինանսավորման նպատակով:


Ներկայումս, Թեհրանն  ու Մոսկվան մշակում են երկու երկրների առևտրային հարաբերություններում նոր էջ բացելու հնարավորությունները, որը կբացառի Ռուսաստանի և Իրանի միջև հաշվարկներում արևմտյան արժույթի (դոլար, եվրո, ֆունտ) գերակայությունը:

 

Անկասկած, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների կողմից իրանական բանկային համակարգերի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ արգելքների և տնտեսական պատժամիջոցների վերջին շարքը,  լրացուցիչ խթան հանդիսացան ռուս-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացման և ակտիվացման համար:

 

Ի պատասխան այդ ամենի՝  ԱՄՆ-ը ջանք չի խնայում երկու երկրում էլ փոխել քաղաքական համակարգը և այն դարձնել արևմտամետ:


ԱՄՆ-ը, ձգտելով թուլացնել Ռուսաստանի ու Իրանի տնտեսությունը, ցանկանում է այս երկրներում ներքին անկայունություն ստեղծել:


Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Իրանին հարկավոր է դիտարկել որպես յուրատեսակ աշխարհաքաղաքական եռանկյունու տարբեր անկյուններ, որի կողմերը միևնույն նպատակն են հետապնդում: Ընդ որում, Իրանը եռանկյունու վերին գլխավոր անկյունն է, քանի որ հենց այդ պետության միջոցով են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ջանում տարածաշրջանում իրականացնել իրենց աշխարհաքաղաքական ռազմավարությունը:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա պետք է նկատել, որ այն հավակնում է տարածաշրջանային գերտերության դերին և միանգամայն հավակնոտ նպատակներ է հետապնդում: Այս ամենի հիմնական «պատճառը», ամենայն հավանականությամբ, երկրում ածխաջրածնի պաշարների մեծ քանակության առկայությունն է: Ինչպես հայտնի է, Իրանը երկրորդն է աշխարհում բնական գազի պաշարներով, մասնավորապես` դրանք համաշխարհային պաշարների 14 տոկոսն են կազմում:

Հարկավոր է նշել, որ մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի խաչաձևումը հարավկովկասյան տարածաշրջանում այն գլխավոր գործոններից է, որն ազդում է նաև Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության ձևավորման և ապահովման վրա:

 

Սկսած ԽՍՀՄ փլուզումից մինչև մեր օրերը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ պետությունների մշտական մրցակցությունը` ուղղված տարածաշրջանում իրենց քաղաքական և տնտեսական դիրքերի ամրապնդմանը, այս կամ այն կերպ ազդել և շարունակում են ներգործություն ունենալ Հայաստանի կայուն էներգահամակարգի ձևավորման վրա:


Այնպես որ, հարկավոր է սպասել իրադարձությունների զարգացմանը: Սակայն մի բան պարզ է` Հայաստանի համար մինչ այժմ ինչպիսի քաղաքական փոփոխություն որ եղել է հարևան Իրանում, վերջինս չի փոխել մեր երկրի նկատմամբ դրսևորած բարյացակամ վերաբերմունքը:

 

Արմինե Բեգլարյան

Նույն շարքից