Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Ո՞վ է սթափեցնելու Ադրբեջանին

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ինԿրակովում հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին երեկ պաշտոնապես հայատարարվեց:

Ակնհայտ է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է սահմանում տիրող գերլարված իրավիճակը: Հունվարյան առաջին իսկ օրվանից հակառակորդը լկտիաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, իրականացնում դիվերսիոն գործողություններ: Հայկական կողմի համարժեք պատասխանն, իհարկե, չի ուշանում: Թշնամին, ունենալով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվում: Ցավոք, հայկական կողմը եւս զոհեր ունի:

2015 թվականի հունվարին մենք ունեցանք այն, ինչ կատարվում էր 2014 թվականի օգոտոսյան լարված ժամանակներում: Հենց այդ ժամանակ էլ Սոչիում տեղի ունեցավ Սարգսյան- Ալիեւ հանդիպումը, որը նախաձեռնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որից հետո իրավիճակը հանդարտվեց:

Ներկայումս Սարգսյան- Ալիեւ հանդիպման մասին ոչ մի խոսք չի գնում: Հունվարի 2-ից պաշտոնապես Եվրասիական միություն մուտքը Հայաստանի համար արյունալի ստացվեց. Տասնյակ զոհ Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններին, գնդակահարված ընտանիք Գյումրիում: Հատկապես այս դեպքը պատճառ դարձավ, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն մտնի: Չի բացառվում, որ հենց այս իրավիճակով էլ պայմանավորված Պուտինը չի շտապում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Այս ընթացքում լուռ են նաեւ ԵՏՄ անդամ պետությունները, ՀԱՊԿ-ը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Այդ լռությունը պարբերաբար խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով հանգստության կոչեր է անում: Իսկ, թե ինչու սանձարձակ Ադրբեջանը չի լսում այդ կոչերը, թերեւս նախ եւ առաջ պետք է մտահոգեն ԵԱՀԿ Մինսկին: Այստեղ էականորեն մեծանում է Ռուսաստանի դերը՝ որպես տարածաշրջանում ամենամեծ ներկայացվածությունն ունեցող համանախագահ: Վերջինիս արձագանքը կարող է սթափեցնել պաշտոնական Բաքվին:

Իսկ առայժմ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը կարողանում են լիառժեքորեն պաշտպանել հայկական երկու անկախ պետությունների սահմանները:


Կարեն Մեսրոպյան

Նույն շարքից