Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Նույնիսկ Արմեն Սարգսյանի համար հետաքրքիր կլիներ, եթե այլ թեկնածուներ էլ լինեին. Թևան Պողոսյան

analitik.am

Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր համաձայնությունը տվեց դառնալ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն՝ ընդունելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Ի՞նչ է պահանջվում խորհրդարանական Հայաստանի նախագահից և արդյոք Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածուի լավագույն տարբերակն է: Այս և այլ հարցերի շուրջ  Analitik.am-ի թղթակիցը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ.

Պարոն Պողոսյան, նախորդ շաբաթվա վերջում Արմեն Սարգսյանն իր հանդիպումների շարքից հետո հայտարարեց, որ ընդունում է  ՀՀԿ-ի նախագահի  թեկնածու դառնալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Որքանո՞վ էր այս որոշումն անակնկալ և ի՞նչ շանսեր ունի նա նախագահ դառնալու հարցում:

-Շանսերի մասով կասեմ հետևյալը՝ Սարգսյանն Ազգային ժողովում որևէ խնդիր չի ունենալու: Եթե նա նույնիսկ առաջին փուլով չանցնի, երկրորդ փուլով կոալիցիոն համագործակցության շնորհիվ ընտրությունը տեղի կունենա, և այստեղ որևէ օրենքի խախտում չի լինի, չի լինելու լեգալության խնդիր: Իսկ ինչ վերաբերում է լեգտիմության հարցին, ապա կարող է վիճարկվել միայն Սարգսյանի քաղաքացիության հարցը՝ կապված ժամանակների հետ: Արմեն Սարգսյանի ընտրվելու հարցը կարող ենք համարել լուծված, մնում է իմանալ, թե որ օրն է դա տեղի ունենալու:

Ինչ վերաբերում է անակնկալին, ապա հանդիպումներից հետո Սարգսյանի հայտարարություններից ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ նա զգում է իր ունակությունները: Բայց սրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ որևէ բան օդից չի լինում: Այն, որ նա Մեծ Բրիտանիայից եկավ, արդեն խոսում է այն մասին, որ նա 60-70 տոկոսով որոշում կայացրել էր, իսկ մնացած տոկոսները լրացվեցին արդեն առաջարկը պաշտոնապես ստանալուց հետո մեկնարկած հանդիպումների արդյունքում: Այդ հանդիպումներն օգնեցին վերջնական և ծանրակշիռ որոշում կայացնելու համար: Անակնկալի մասին խոսել երևի թե պետք չէ, քանի որ Սարգսյանը հանդիպումներից յուրաքանչյուրից հետո խոսում էր այս կամ հարցի մասով իր տեսլականի մասին: Հասկանալի էր, որ նա ընդունելու է առաջարկը:

Երբ ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանին առաջարկեց դառնալ նախագահի թեկնածու և վերջինս ժամանակ խնդրեց քաղաքական և հասարակական շրջանակների հետ հանդիպումների և վերջնական որոշում կայացնելու համար, կարծիքներ հնչեցին, որ այդ առաջարկը հաստատ անակնկալ չի եղել Սարգսյանի համար, նա իմացել է այդ մասին, հետևաբար ի՞նչ կարիք կար ժամանակ խնդրել և այլն: Ըստ Ձեզ, որքանո՞վ տրամաբանական կլիներ, եթե նա միանգամից հենց այդ օրն ընդուներ առաջարկը:

-Այն, որ նա Լոնդոնից եկել հասել էր Երևան՝ իմանալով, որ եկել է ոչ թե որպես դեսպան ինչ-որ հարցի մասով զեկուցելու, այլ նախագահի առաջարկը լսելու համար, նշանակում է, որ նա արդեն ինչ-որ չափով որոշում ուներ, սակայն վերջնական որոշում կայացնելու համար պետք էր ինչ-որ բան էլ անել: Պետք չէ մոռանալ, որ Արմեն Սարգսյանը կայացած անձնավորություն է: Նա կայացած է ինքն իրենով՝ որպես գիտնական, որպես դիվանագետ, որպես մարդ, ով կարողացել է կայանալ նաև բիզնեսում: Իսկ բիզնեսում կայացած մարդիկ միշտ ցանկանում են ունենալ ավելի հստակ պատկեր՝ որոշում կայացնելու համար: Բիզնեսի աշխարհում կայացած մարդը հարցը մանրակրկիտ է ուսումնասիրում և հիմնավոր որոշում կայացնում:

Այսինքն պետք չէ՞ թերագնահատել հանդիպումները, որոնք ՀՀԿ թեկնածուն ունեցավ:

-Բնականաբար, ոչ: Այս հանդիպումները նաև հստակեցում մտցրեցին հարցում, թե ում հետ ինչպես է աշխատելու Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվելուց հետո: Ես շատ դրական եմ համարում այն, որ նա հանդիպեց իրավապաշտպանների հետ: Հանդիպումները հստակ ուրվագծեցին, թե ինչ ուղղություններով է նա աշխատելու: Ողջունելի է նաև նրա այցը Արցախը, ինչը վկայում է, որ նա աշխատելու է Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Աշխատելու է նաև սփյուռքի հետ և այն բոլոր հաստատությունների, ուր այցելեց: Իհարկե, պարզ է, որ նախագահի թեկնածուն չէր հասցնելու լինել այն բոլոր տեղերում, որոնց հետ աշխատելու է, սակայն համագործակցության ուղղություններն արդեն պարզ են:

Դեռ մինչև Արմեն Սարգսյանի անվան հոլովումը, ես միշտ առիթ եմ ունեցել ասելու, որ նոր նախագահն ունի լիազորություններ և պարտականություններ քաղաքական երկխոսության դաշտեր ձևավորելու հարցում: Տեսնենք, թե ինչ կլինի… Ամեն դեպքում, ինձ չի թվում, թե այս հանդիպումները ձևական էին: Դրանք հաստատ դեր խաղացել են վերջնական որոշում կայացնելու գործում:

Արմեն Սարգսյանի մասին մենք կարող ենք երկար խոսել, բայց ի՞նչ կասեք այն մասին, որ նա միայնակ է նախագահի աթոռի համար պայքարում: Ինչպե՞ս եք վերաբերում մեկ թեկնածուով ընտրություններին:

-Ցավում եմ, որ այսպես եղավ: Վստահ եմ, որ նույնիսկ Արմեն Սարգսյանի համար հետաքրքիր կլիներ, եթե այլ թեկնածուներ էլ լինեին: Եթե այդպես լիներ, հանդիպումների ժամանակ կոնկրետ հարցերի շուրջ տաբեր տեսլականներ կլինեին, և թեկնածուներն էլ կհասկանային, թե ինչով կարող են հարստացնել իրենց մոտեցումները: Բայց ունենք այն, ինչ ունենք:

Պարոն Պողոսյան, ի վերջո ինչո՞ւ Արմեն Սարգսյան: Մենք ունե՞նք այլ գործիչներ, ովքեր կկարողանային պայքարել նրա հետ նախագահի աթոռի համար:

-Անփոխարինելի մարդիկ չկան: Պետք չէ մոռանալ, որ մինչև Արմեն Սարգսյանի անվան ի հայտ գալը, մամուլում էլի անուններ շոշափվում էին: Նույնիսկ միայն իշխող թևում տարբեր հնարավոր թեկնածուների անուններ էին հնչում ժամանակ առ ժամանակ: Ամեն դեպքում, ՀՀԿ-ի հնարավոր թեկնածուների թվում, Արմեն Սարգսյանի թեկնածությունը, երևի թե, լավագույնն է: Բայց վստահ եմ, որ հանրապետությունում էլի արժանի թեկնածուներ կան:

Բայց ես այլ բանի մասին եմ ուզում խոսել: Իմ կարծիքով, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը դեռ նախընտրական շրջանում պետք է հրապարակեն այն մարդկանց անունները, ովքեր զբաղեցնելու են այս կամ այն պաշտոնները: Օրինակ, թե ով է լինելու վարչապետը, եթե իրենք ընտրվեն, կամ ովքեր են լինելու քաղաքական ոլորտների պատասխանատուները, ինչպես նաև նախընտրական ծրագրի քայլ առ քայլ կյանքի կոչելու մեխանիզմները: Ես դրա մասին վաղուց եմ խոսել: Ես նաև այցելել եմ Արցախ՝ կոչ անելով ընտրություններին մասնակցող ուժերին այցելել Արցախ: Պետք է գնան Արցախ, խոսեն իրենց նախընտրական ծրագրերի մասին, որպեսզի արցախցիներն էլ իմանան, թե ինչ է անելու տվյալ ուժը Արցախի հարցի մասով, եթե իշխանության գա: Շատ հնարավոր է, որ այդ հանդիպումների արդյունքում նախընտրական ծրագրերում ինչ-որ բաներ փոխվեն: Այս մասով ես շատ ուրախ եմ, որ Արմեն Սարգսյանն այցելեց Արցախ:

Մենք պետք է մեր քաղաքական մշակույթում հասնենք այն բանին, որ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական փուլում ներկայացնեն իրենց թեկնածուների անունները: Դա կարևոր է, քանի որ հանրությանը կարող է դուր գալ այս կամ այն ուժը, սակայն միայն այն, որ այդ ուժի՝ նախագահի կամ վարչապետի թեկնածուն լինելու է կոնկրետ մարդը, ազդի մարդկանց ընտրության վրա, կամ՝ հակառակը:

Դե, նման դեպքերում միշտ բացատրվում է նրանով, որ պետք չէ ամեն ինչ պայմանավորել անձով:

-Խնդիրն անձով պայմանավորելը չէ: Լավ, հասկացանք, որ անձով պայմանավորված չէ, բայց պետք է ներկայացնել սեփական թեկնածուին, պետք է ներկայացնել քաղաքական ոլորտների պատասխանատուներին: Մարդիկ պետք է իմանան, թե ով է լինելու այս կամ այն պաշտոնում, եթե կոնկրետ ուժն ընտրվի: Չկա պահանջ, որ հստակ անուններ հնչեն, բայց եթե կոնկրետ ուժի մեջ կոնկրետ ներկայացուցիչը խոսի, օրինակ, կրթության ոլորտում եղած խնդիրների մասին, ես կհասկանամ, որ հենց նա է լինելու այդ ոլորտի պատասխանատուն և այդպես շարունակ: Մենք պետք է հստակ տեսնենք թիմ, որը պատասխանատու է լինելու, եթե տվյալ ուժը գա իշխանության: Իշխող ուժի մասով դա հասկանալի էր…

Իմ կարծիքով, այսօր նախագահի առնվազն 4 թեկնածու պետք է լիներ՝ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, Ծառուկյան դաշնիքից և ԵԼՔ-ից: Պետք է այսպես լիներ նույնիսկ այս դեպքում, երբ մենք գիտենք, որ ՀՀԿ-ի թեկնածուն է ընտրվելու: Մենք նաև կոնսուլտացիա չտեսանք ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: Եթե նախագահի թեկնածուի հարցի քննարկման  համատեղ նիստ լիներ, միգուցե այլ բան մտածեինք: Իսկ եղավ այն, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրեց, որը հետո նաև հանդիպեց ՀՅԴ-ի հետ:

Պարոն Պողոսյան, այսօր մենք տեսնում ենք, որ խորհրդարանական Հայաստանում վարչապետի լիազորություններն ավելի են շատանում: Նույնիսկ կարծիք կա, որ վաղվա վարչապետն ավելի ուժեղ է լինելու, քան այսօրվա նախագահը: Ի՞նչ է անելու վաղվա Հայաստանում նախագահը:

-Այն, ինչ գրված է թղթի վրա, իրականության մեջ այդպես չէ: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ վարչապետը և կառավարության ցանկացած անդամ հաշվետու են Ազգային ժողովին: ԱԺ-ն ունի բոլոր լծակները վարչապետին ամեն օր խորհրդարան կանչելու և ինչ-որ հարցեր քննարկելու համար: ԱԺ-ն կարող է պահանջներ ներկայացնել, վերահսկողություն իրականացնել: Եթե այդպես լինի, մենք չենք ասի սուպերվարչապետական: Այստեղ խնդիրն այլ է. Մենք բոլորս ֆիքսվել ենք, որ վարչապետը կոնկրետ այս մարդն է լինելու, և ինչպես կարող է ԱԺ-ն ռիսկ անի այդ մարդուն կանչի, պահանջներ ներկայացնի: Իսկ եթե այդ մարդը չեղավ, այդ ժամանակ ի՞նչ ենք ասելու: Այսօր առաջին անգամ սեղանին դրված է կաբինետային կառավարման մեխանիզմ և  քաղաքական կուսակցության պատասխանատվության խնդիր: Խնդիրն այն է, թե արդյո՞ք հանրապետականները կառավարությունում գտնվող իրենց հանրապետականներին կկանչեն հարցեր բարձրացնելու համար, կկարողանա արդյո՞ք ոլորտային հանձնաժողովը կոնկրետ նախարարի պաշտոնանկության հարց բարձրացնել: Այդ լիազորություններն այսօր կան, մնում է հասկանալ, կիրագործվեն, թե՝ ոչ:

Իսկ նախագահն ի՞նչ է անելու:

-Ես կարող եմ  խոսել Գերմանիայի օրինակի մասին: Մենք մինչև Հայոց ցեղասպանության մասին խոսակցությունները, գիտեի՞նք, թե ով էր այդ երկրի նախագահը: Բայց հենց նախագահի մեսիջից հետո Գերմանիայի խորհրդարանը փոխեց դիրքորոշումը հարցի շուրջ: Այսինքն՝ կարելի է առաջնորդել քաղաքական խոսքով, կառավարել, ուղղություն ցույց տալ: Նախագահը բանակցային դաշտ ձևավորելու լիազորություններ ունի: Նախագահը կարող է բանակցային դաշտ ստեղծել առճակատման դուրս եկած տարբեր ինստիտուտների միջև: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանի Արմեն Սարգսյանը որպես նախագահ, կարո՞ղ է առաջնորդ դառնալ, ունա՞կ է: Նա դրա համար անհրաժեշտ պոտենցիալն ունի, ունակ է, գիտակ է, տեսնենք, թե ինչ կլինի: Արդյունքում, նա կարող է շատ ավելի մեծ հարցեր լուծել, քանի մենք պատկերացնում ենք:

Այսինքն, այն պնդումները, որոնցով նախագահի պաշտոնը թերագնահատվում են, հող չունեն իրենց տակ:

-Պետք չէ մոռանալ, որ այսօր աշխարհում շատ հարցել լուծվում են բանակցություններով: Այդ մասով ես արդեն ասացի, որ նախագահը բանակցային դաշտ ստեղծելու լիազորություններ է ունենալու և հնարավորություն է ունենալու լուծել տարբեր շրջանակների միջև գոյություն ունեցող խնդիրները: Ես չգիտեմ, թե գործընթացն ինչպիսին է լինելու, բայց մի բան հստակ գիտեմ՝ պարոն Սարգսյանը՝ իր պոտենցիալով, տեսլականներով, հմտություններով, ունակ մարդ է և կարող է առաջնորդել: Ամեն դեպքում կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի:

Պարոն Պողոսյան, Հայաստանը շուտով կդառնա լիարժեք խորհրդարանական երկիր: Ի վերջո սա լավագո՞ւն որոշումն էր, եթե համեմատելու լինենք խորհրդարանական և նախագահական կառավարման ձևերը: Այսպես ավելի արդյունավե՞տ է լինելու:

- Արդյունավետություն կլինի, եթե յուրաքանչյուր ինստիտուտ գիտակցի իր պարտականություններն ու դերը, ստանձնի դրանք: Խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանը պետք է ստանձնի թափանցիկության, պահանջատիրության, հաշվետվողականության, վերահսկողության ֆունկցիաները: Խորհրդարանը կզգա՞ իր իշխանությունը: Ինձ համար այլևս նշանակություն չի ունենալու, թե ով է մշակել կոնկրետ օրենքը: Այն պահից, երբ այն հայտնվելու է հանձնժողովում, հենց հանձնաժողովն է դառնալու դրա տերը: Ես, օրինակ, երբ ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչն էի, տեսել եմ, թե ինչպես է Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը կարողանում իշխանություններին կոնկրետ հարցը տեղից շարժել, և սա նախագահական ԱՄՆ-ում: Հայաստանում էլ դա կարող է լինել, եթե ԱԺ-ում հասկանան, որ վերահսկողությունն ընդդիմության գործառույթը չէ: Հենց մեծամասնությունը պետք է գիտակցի դա, քանի որ հենց մեծամասնությունն է քվե ստացել, մեծամասնությունը պետք է անի այնպես, որ կառավարությունում գտնվող  ներկայացուցիչը կատարի իրենից կախված ամեն ինչ կուսակցության նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու համար: Օրինակ՝ օրենքով գրված է, որ 6 ամիսը մեկը, այսպես կոչված, սուպերվարչապետը պետք է լինի ԱԺ-ում: Բայց սրան զուգահեռ խորհրդարանն իրավունք ունի հանձնաժողովներ ստեղծել և կոնկրետ ոլորտների պատասխանատուներին կանչել խորհրդարան, և որևէ մեկն իրավունք չունի չգնալ: Սա վերաբերում է նաև Ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Այս կառույցների փոխարեն որևէ նախարար չի կարող գնալ ԱԺ, հենց նրանք պետք է գնան, եթե խորհրդարանից կանչեն: Ամեն օր  կարող են կանչել նրանց: Այսպես կոչված, սուպերվարչապետը կառավարության հետ հարց ու պատասխանների ժամանակ խորհրդարանում է լինելու, թող սուպերհարցեր տան:

Պետք է մի բան գիտակցել. Եթե չխոսենք կոնկրետ անհատի մասին և եթե դիտարկենք, որ Սերժ Սարգսյանը չի լինելու վարչապետ, սուպերվարչապետության մասին չեն խոսի: Այստեղ անհատի հարցն է, և հենց դրա մասին եմ խոսում, երբ ասում եմ, որ նախընտրական փուլում հասարակությունը պետք է իմանա, թե ով է լինելու այս կամ այն ուժի թեկնածուն այս կամ այն պաշտոնում:

Եթե վերադառնալու լինենք խորհրդարանական երկրի նախագահի պաշտոնին, ապա նախագահն ունի մեխանիզմներ: Չէի ասի, որ դրանք շատ են, բայց դրանք կան և դրանց օգնությամբ նախագահը կարող է ստանձնել իր երևացող դերը, այլ ոչ թե կորի գնա:

Մեր խնդիրներից մեկն էլ այն է, թե ինչպես ենք ապահովելու անկախ դատական համակարգը, որին մենք կհավատանք: Կարևորն այն է, թե ինչ կլինի իրականում, այլ ոչ թե այն, ինչ գրված է թղթի վրա:

Արթուր Մնացականյան

Նույն շարքից