Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանի թեկնածության մասով Ծառուկյան դաշինքի որոշումը հայտնի կլինի հաջորդ շաբաթ

analitik.am
Ինչո՞ւ Ծառուկյան դաշինքին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ ՀՅԴ-ի հետ ընտրական համակարգում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ և ե՞րբ է հայտնի դառնալու դաշինքի որոշումը՝ կապված Արմեն Սարգսյանի թեկնածության հետ: Այս հարցերի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:
-Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ որոշեցիք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ ներկայացնել:
-Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու և ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու մասին դրույթը կար մեր նախընտրական ծրագրում, իսկ հիմա մենք փորձում ենք այն կյանքի կոչել: Մենք գտնում ենք, որ, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը քաղաքական պայքար չէ, այն պայքարի քաղաքական բաղադրիչը նվազագույնի է հասցնում: Իրականում, այս ընտրակարգում դեր են խաղում փողը, շրջապատը, թաղային հեղինակությունները և այլն: Իսկ մենք գտնում ենք, որ Ազգային ժողովը, լինելով քաղաքական մարմին, պետք է ձևավորվի քաղաքական հիմքերով, քաղաքական համոզմունքներով:
-Որպես հակափաստարկ իշխանական թևի ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ հնարավոր չէ ուղղակի փոփոխություն անել, նա հիշեցրեց մինչ ընտրությունները տեղի ունեցած կոնսենսուսի մասին և նշեց, որ փոփոխությունների համար նոր կոնսենսուս է պետք: Ի՞նչ կասեք այս մասով:
-Ցանկացած օրենքի մասով հնարավոր է ցանկացած փոփոխություն անել: Որևե արգելք մեր օրենսդրության մեջ չկա:
-Տեսեք՝ ՀՀԿ-ի մոտեցումը հասկանալի է, իսկ ի՞նչ կասեք ՀՅԴ-ի մասին: Դաշնակցությունն արդեն ոչ մեկ տասնամյակ է՝ հայտարարում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ ձեզ չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ:
-Ես պատասխանատվություն եմ կրում մեր քաղաքական ուժի գործողությունների համար: Մենք չենք կարող ասել, թե ինչու ՀՅԴ-ն կողմ չքվեարկեց:
-Իսկ մինչ հանձնաժողովում նախագծի շուրջ քննարկումները, Դաշնակցության հետ հանդիպում տեղի ունեցե՞լ է: Քննարկե՞լ եք նրանց հետ այդ հարցը:
Խորհրդակցություն չի եղել, բայց նրանք գրագետ մարդիկ են,նախագծերը կարդում են, հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Նրանք ևս բազմիցս հայտարարել են, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտություն կա, իսկ թե վերջին պահին ինչից ելնելով, ինչպես են քվեարկում, երևի թե իրենցից պետք է ճշտել:
-Ճիշտ չէ՞ր լինի մինչև նախագիծը հանձնաժողով տանելը խորհրդակցություն ունենալ ՀՅԴ-ի հետ և հասկանալ, թե ինչպես են նրանք քվեարկելու նախագծին:
-Դե նրանք գիտեին մեր օրակարգը, գիտեին նախագծի բովանդակությունը: Եթե նրանք իսկապես գտնում են, որ այս ընտրակարգը չի նպաստում ժողովրադավրության՝ իրականում քաղաքական հիմքերով ընտրություններ անցկացնելուն, պետք է հետևություններ անեին: Իսկ մենք ունենք մեր օրակարգն ու մեր ծրագիրը, այն իրականացնում ենք որևէ մեկի հետ չհամաձայնեցնելով:
-Պարոն Պետրոսյան, երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ արդեն այս շաբաթ ԱԺ-ում պաշտոնապես ներկայացնելու են Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ նախագահի պաշտոնի համար: Ձեր խմբակցությունը դեռ իր դիրքորոշումը չի հայտնել: Ե՞րբ եք պատրաստվում դա անել:
-Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է մեր խմբակցության հետ: Նա ներկայացրել է իր տեսլականը, մենք հարցադրումներ ենք արել: Մենք նաև հայտնել էինք, որ դրանից հետո պետք է առանձին խորհրդակցություն լինի մեր խմբակցությունում, ինչից հետո մեր որոշման մասին կհայտարարվեր: Այս պահին մեր խմբակցությունում դեռ վերջնական խորհրդակցություն չի եղել: Իմ կարծիքով՝ դա կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Ամեն դեպքում, մեր քայլերի մասին մենք հրապարակայնորեն կհայտնենք:
-Այսինքն՝ Ծառուկյան դաշինքի դիրքորոշումը հայտնի կլինի հաջորդ շաբա՞թ:
Հավանաբար…ամեն դեպքում, կրկնում եմ, որ դաշինքում վերջնական քննարկում չի եղել:
-Իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ընդհանուր առմամբ, ի՞նչ տրամադրվածություն կար:
-Ընդհանուր տպավորությունը դրական էր, բայց բազմաթիվ հարցեր ու պատասխաններ են հնչել: Հանդիպման արդյունքները պետք է հիմա համադրենք մեր կուսակցության ղեկավարի կարծիքի հետ, որը մեզ համար վճռորոշ է և կարևոր: Դրանից հետո խմբակցությունն իր որոշման մասին կասի:Մենք հիմա չենք կարող ասել՝ կլուծի արդյո՞ք թեկնածուն բոլոր խնդիրները, միայն կարող եմ ասել, որ տպավորությունները դրական են:
-Պարոն Պետրոսյան, կան կարծիքներ, որ ժողովրդավարության տեսանկյունից ավելի ճիշտ կլիներ, եթե ընտրությունը լիներ ոչ մեկ թեկնածուի մասնակցությամբ, ի՞նչ կարող եք ասել այս մասով:
Ըստ էության, դա սխալ չէ, բայց հիմա, եթե մյուս քաղաքական ուժերը, տարբեր նկատառումներից ելնելով, չեն առաջադրել իրենց թեկնածուներին, դա չի կարող սահմանադրական ճգնաժամի առիթ դառնալ: Ժողովրդավարությունը միայն թեկնածուների թվի մեջ չէ: Ժողովրդավարությունն այն է, որ ժողովրդի ձայնը հասնի նպատակին, իսկ այս դեպքում ժողովրդի ձայնը տրված է ԱԺ պատգամավորներին, ովքեր էլ իրենց ներքին համոզմունքին համաձայն կարող են կատարել իրենց ընտրությունը: Սակայն, թե ինչ ընտրություն կլինի արդյունքում, ցույց կտա ժամանակը:

Նույն շարքից