Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

ՀՀ արտաքին քաղաքականությունը լուրջ վերանայումների կարիք ունի. Վիկտոր Ենգիբարյան

analitik.am

Փետրվարի 19-ին  «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի առաջին նիստի ժամանակ  Վիկտոր Ենգիբարյանն ընտրվեց ԼՀԿ-ի միջազգային կապերի պատասխանատու: Analitik.am-ը զրուցեց Վիկտոր Ենգիբարյանի հետ ԼՀԿ արտաքին քաղաքական կողմնորոշման և նպատակների մասին:

Պարոն Ենգիբարյան, վերջերս Դուք ընտրվեցիք Լուսավոր Հայաստան կուսակցության միջազգային կապերի պատասխանատու, ի՞նչ ծրագրեր ունեք, մասնավորապես, ո՞ր կուսակցությունների և ո՞ր երկրների հետ եք տեսնում ԼՀԿ-ի հետագա հնարավոր  համագործակցության եզրերը:

Լուսավոր Հայաստան կուսակցությունն արդեն իսկ համագործակցում է ԱԼԴԵ-ի հետ, այն եվրոպական լիբերալ կուսակցությունների դաշինք է, որը ներկայացված է Եվրոպական խորհրդարանում և ԵԽԽՎ-ում իր խմբակցությունների միջոցով: ԱԼԴԵ-ն անդամ կուսակցությունների միջոցով նաև ներկայացված է տասնյակ եվրոպական երկրների խորհրդարաններում, որոշ երկրներում ԱԼԴԵ-ի անդամ կուսակցություններն այս պահին իշխող ուժ են: Իհարկե, այս համագործակցությունը և՛ երկկողմ է, և՛ բազմակողմ, ուստի մենք առաջիկա տարիներին կփորձենք հնարավորությունների ողջ տիրույթում կապեր հաստատել և  զարգացնել: Կուսակցության նախագահն անցած տարի արդեն իսկ այցելել է Եվրոպական խորհրդարան և հանդիպումներ ունեցել ԱԼԴԵ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ խմբակցության ղեկավարի: Մյուս կողմից՝ Էդմոն Մարուքյանն ակտիվորեն գործունեություն է ծավալում ԵԽԽՎ ԱԼԴԵ-յի խմբում:

Սուղ ռեսուրսների առկայության պայմաններում կփորձենք նաև գործակցել ԱՄՆ և այլ երկրների համախոհ կուսակցությունների հետ:

ԼՀԿ-ն ունի՞ հստակ արտաքին քաղաքական դիրքորոշում: Հայտնի է, որ որպես կուսակցություն այն լիբերալ արժեքների հետևորդ է, սա նշանակո՞ւմ է, որ ԼՀԿ-ն  համարում է, որ Հայաստանի համար  ավելի նախընտրելի դաշնակիցներ են ԱՄՆ-ն և ԵՄ-ն: ՀՀ-ՌԴ  հարաբերություններն ինչպե՞ս եք պատկերացնում:

Մեր նպատակն է Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնել, կրթության և գիտության վրա հիմնված ազատ շուկայական հարաբերություններ կառուցել և միասնության ու անվտանգության կայուն հեռանկարներ ունենալ: Այս նպատակին հասնելու համար մեզ համար օրինակելի է եվրոպական փորձը:

ԱՄՆ-ի հետ ներկայիս հարաբերություններն անբավարար են, հսկայական ներուժ կա, որը, ցավոք, չի օգտագործվում:

ՀՀ-ՌԴ հարաբերությունները ևս զարգացման կարիք ունեն, այստեղ անհրաժեշտ է ամրապնդել մեր գործընկերային կարգավիճակը և գտնել խելամիտ հավասարակշռության մեխանիզմներ:

Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ վերանայումների և նոր բովանդակությունների հաղորդման կարիք ունի:

Նույն շարքից